Վերջին ցանկութիւնս` օգնութիւն «Թռչունեան տուն» մանկատան որբ երեխաներին

Վերջին ցանկութիւնս` օգնութիւն «Թռչունեան տուն» մանկատան որբ երեխաներին

Քեմալ Եալչըն

            Պրենտա ԺամկոչեանՊաշարը վախճանուեց 2017 թ. Մարտի 30-ին, Պրեմէնում: Մօր մահից յետոյ նրա կեանքում ոչ մի հարազատ չէր մնացել: Նա ծագում էր Սթանպուլի յայտնի, ունեւոր Ժամկոչեան տոհմից: Նրա ճակատագիրը որոշել էին 1915 թ. յետոյ տեղի ունեցած դէպքերը: Ազգականներն անհետ կորել էին Գահիրէում, Ռումինիայում, Արժենթինայում, Գանատայում, Ամերիկայում:

Ծնուել էր 1939 թ. Սթանպուլում: Ի ծնէ, ի բնէ պոլսահայ էր: Պրենտան աւարտել էր Սթանպուլի Աւստրիական վարժարանը: 1972 թ. եկել էր Գերմանիա` Հայտելպերկի համալսարանում ուսանելու: Նոյն տարում սկսեց թուրքերէն ու գերմաներէն դասաւանդել Պրեմէնում: 22 տարի թուրքերէնի եւ գերմաներէնի ուսուցչուհի եղաւ: Տարիներ շարունակ պայքարեց, որպէսզի թուրքերէնի դասընթացն ընգրկուի գերմանական դպրոցական համակարգում: Պրեմէնի համալսարանում թուրքերէն դասաւանդեց Արտասահմանցիների համար գերմաներէնի բաժնում: Շատ աշխատանքներ տարաւ, որպէսզի Պրեմէնի նահանգում թուրքերէնը, որպէս մայրենի լեզու, ներառուի դպրոցական ծրագրում: Նա նաեւ եղաւ Պրեմէնի Համերաշխութեան երգչախմբի խմբավարը:

Պրենտայի հետ ծանօթացել էի 1986 թ.: Նախ ընկերներ դարձանք, ապա` քոյր եւ եղբայր: Գրեթէ ամէն օր զանգահարում էինք իրար: Ես դասաւանդում էի Պոխումում: 2016 թ. մի օր հեռաձայնեց ինձ եւ ասաց. «Արի խօսենք»:

Դա նշանակում էր, որ այնպիսի թեմայի մասին էինք զրուցելու, որը յարմար չէր հեռախօսով քննարկել: Անմիջապէս Պրեմէն գնացի: Հիւանդ էր: Դժուարութեամբ էր խօսում: Առանց խօսքը երկարացնելու` ասաց. «Քեզ հետ մի շատ կարեւոր հարց եմ քննարկելու»:

«Պրենտա՛, հենց քեզ հետ խօսելու համար էլ եկել եմ: Խօսե՛նք», ասացի:

«Ես այլեւս մայր, հայր, ազգական, եղբայր` ոչ ոք չունեմ իմ կեանքում, չե՜ն մնացել: Վերջերս սկսել եմ շատ մտածել վերջիս մասին: Խօսել եմ Ճեւտէթի, Էֆթիքի, Պիւլէնթի եւ Ֆահրիէի հետ: Քեզ հետ էլ եմ ուզում խօսել»:

«Համեցիր խօսենք, Պրենտա՛»:

«Ես, երեւի, երկար չեմ ապրի: Ցանկանում եմ քեզ էլ ասել իմ վերջին ցանկութեան ու կտակի մասին: Երբ մահանամ, դիակս այրել տուէք: Մոխիրս թաղէք մօրս գերեզմանին: Մոխրիցս մի բուռ էլ Սթանպուլ տարէք եւ Պոսֆորի ջրերի մէջ լցրէք»:

«Կը լցնեմ, Պրենտա՛»:

«Այս երկուս ու կէս սենեականոց տնից բացի` ուրիշ ունեցուածք չունեմ: Տունս վաճառէք: Գումարը, որպէս օգնութիւն, ուղարկէք Հայաստանի Կիւմրի քաղաքում Հերման Խնդիրեանի հովանաւորութեամբ գործող «Թռչունեան տուն» մանկատան (Terchoonian Childrens Home) որբ երեխաներին: Հեռախօսով այդ հարցի մասին խօսել եմ Հերմանի հետ: Նա էլ կ’անի այն, ինչ պէտք է: Մոխրիցս մի բուռ էլ տարէք «Թռչունեան տուն»: Եթէ յարմար լինի, մի ծառ տնկէք այնտեղ եւ մոխիրս լցրէք ծառի արմատին: Թաղմանս գալիք ընկերներին ասէք` թող ծաղիկ չբերեն, այլ ծաղիկների գումարը հաւաքեն եւ ուղարկեն «Թռչունեան տուն» մանկատուն»:

«Դու մի անհանգստացիր, Պրենտա: Հանգիստ եղիր: Ամէն բան կ’անեմ` քո վերջին ցանկութիւնն իրագործելու համար»:

«Հենց դրա համար եմ քեզ ասում վերջին ցանկութեանս մասին. գիտեմ, որ կ’անես»:

«Ինձ վստահելուդ համար շնորհակա՜լ եմ քեզ, Պրենտա»:

Վերջին օրեր, դժուարի՜ն օրեր…

Մի օր Պրենտայի ինքնազգացողութիւնը վատացաւ: Այդ մասին յայտնել էին Ճեւտէթին եւ Էֆթիքին: Իսկոյն շտապօգնութեան մեքենայ կանչեցին: Հիւանդանոց տարան: Բժիշկներն անմիջապէս վերակենդանացման բաժանմունքում պառկեցրին նրան:

Պրենտան այլեւս չկարողացաւ տուն վերադառնալ: Նրա վիճակը հետզհետէ վատացաւ: Պրենտայի մօտ մի օր հերթապահում էին Ճեւտէթն ու Էֆթիքը, յաջորդ օրը` Պիւլէնթն ու Ֆահրիէն: Բժիշկներն ըմբռնումով մօտեցան այդ հարցին:

Պրենտան վախճանուեց 2017 թ. Մարտի 30-ին: Ճեւտէթը, Էֆթիքը, Պիւլէնթն ու Ֆահրիէն նրա թաղման արարողութիւնը կազմակերպեցին այնպէս, ինչպէս ինքն էր իր կտակում գրել: 2017 թ. Ապրիլի 20-ին Պրենտայի աճիւնի մոխիրը լցրեցին իր մօր գերեզմանին: Ես էլ իմ պարտքը կատարեցի. հետս երկու տոպրակ էի վերցրել, Պրենտայի գերեզմանի հողից մէկական բուռ լցրեցի դրանց մէջ:

Վերջին ցանկութիւնս

Ճեւտէթի, Էֆթիքի, Պիւլէնթի, Ֆահրիէի հետ խօսեցի, եւ որոշեցինք հայերէնով ու թուրքերէնով «Վերջին ցանկութիւնս» վերնագրով մի գիրք հրատարակել: Խօսեցի նաեւ ԱՄՆ-ում բնակուող Հերման Խնդիրեանի հետ: Միասին ծրագրեցինք իրականացնել Պրենտայի վերջին կտակը:

«Վերջին ցանկութիւնս» գիրքը հրատարակուել է Մելինէ Փոհլմանի, Եայլա Միոնխ Պուճաքի, Էֆթիք եւ Ճեւտէթ Տեմիրքափըների, դոկտոր, փրոֆ. Գլաուս Լիբէ Հարքորտի, Նեւին Լուցի, Ֆահրիէ եւ Պիւլէնթ Թունայների, Այշէ Եալչըն Ճանփոլատի, Պարան Սէյհանի, Եուսուֆ Ֆայիքի (Պուճաք), Հերման Խնդիրեանի եւ Քեմալ Եալչընի նիւթական ու բարոյական աջակցութեամբ, եւ ստացուած ամբողջ շահոյթը նուիրուելու է «Թռչունեան տուն» կրթահամալիր-մանկատան երեխաներին:

Պրենտայի ծառը` «Թռչունեան տուն» մանկատան բակում (TERCHOONIAN CHILDRENS HOME)

Հերման Խնդիրեանի հետ ծրագրեցինք Պրենտայի կտակի այն հատուածը, որը վերաբերում էր Հայաստանին եւ Կիւմրիին:

Հերմանն ասաց. ««Սասունցիների պարը» ներկայացումը պիտի ցուցադրուի Կիւմրիում, 2018 թ. Հոկտեմբերի 13-ի երեկոյեան: Պրենտայի ծառը կը տնկենք 2018 թ. Հոկտեմբերի 14-ին: Խնդրում եմ խօսիր Գարեգին սրբազան Պեքճեանի հետ` Պրենտայի հոգու համար աղօթելու նպատակով Հայաստան գալու հարցի շուրջ: Ես նրան Կիւմրի եմ հրաւիրում»:

Խօսեցի սրբազանի հետ: Ասաց. «Ես Պրենտային լաւ եմ ճանաչում: Շատ լաւ գործ էք ձեռնարկել` նրա կտակն իրականացնելու համար: Ես էլ սիրով կ’աղօթեմ իր հոգու խաղաղութեան համար»:

2018 թ. Հոկտեմբերի 9-ին սրբազանի հետ միասին եկանք Երեւան: Ինձ Հերմանը դիմաւորեց օդանաւակայանում, իսկ սրբազանին` Էջմիածինից եկած պաշտօնեաները, ովքեր VİP սրահից անցնելով` նրան տարան Էջմիածին:

2018 թ. Հոկտեմբերի 14-ին, ժամը 11-ին գնացինք «Թռչունեան տուն» մանկատուն-կրթահամալիր: 2018 թ. Հոկտեմբերի 13-ի երեկոյեան Կիւմրիի` «Վարդան Աճեմեանի» անուան պետական տրամաթիքական թատրոնում «Սասունցիների պարը» ներկայացումը բեմադրած արուեստի բոլոր գործիչները յետաձգել էին իրենց` Երեւան վերադարձը: «Մենք էլ ենք ցանկանում հող ցանել Պրենտայի ծառին» ասելով` Մաժակ Թոշիկեանի հետ միասին նրանք էլ մանկատուն եկան:

Նախ «Թռչունեան տան» նախասրահում գտնուող Հրանդ Տինքի լուսանկարի կողքին կախեցինք Պրենտային նուիրուած շնորհակալագիրը: Սրբազանն աղօթք ասաց:

Ապա «Թռչունեան տան» բակում «Սասունցիների պարը» բեմադրած արուեստի գործիչների եւ մանկատան երեխաների հետ միասին տնկեցինք Պրենտայի սոճին, որը բերել էր կիւմրեցի Վահան Թումասեանը: Սոճու արմատին ցանեցինք Պրեմենից իմ բերած հողը, որ վերցրել էի Պրենտայի գերեզմանից: Սրբազան Գարեգին Պեքճեանն աղօթեց: «Վերջին ցանկութիւնս» գրքերն էլ շարեցինք Պրենտայի ծառի շուրջ:

Խօսեցինք նաեւ Աւստրիական վարժարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պարան Սէյհանի հետ. Պրենտայի յիշատակին այս լիցէի բակում էլ ենք մի ծառ տնկելու: Պրենտայի գերեզմանից հող ենք լցնելու նաեւ այդ ծառի արմատին եւ Սթանպուլի Պոսֆորի ջրերի մէջ:

Պրենտայի յիշատակին մեր կողմից հրատարակուած «Վերջին ցանկութիւնս» գրքի վաճառքի համար մի յատուկ հաշուեհամար եմ բացել: Գրքի գումարն ուղարկել ցանկացողները կամ «Թռչունեան տուն» մանկատանը նուիրատուութիւն անելու մտադրութիւն ունեցողները կարող են այդ հաշուեհամարն օգտագործել:

          Վերջին ցանկութիւնս` աջակցութի՜ւն «Թռչունեան տուն» մանկատան որբ երեխաներին

            «Վերջին ցանկութիւնս» գրքի անունով Հայաստանում, ԱՄՆ-ում եւ Գերմանիայում պանքային հաշուեհամար է բացուել: Գերմանիայի եւ Եւրոպայի հաշուեհամարը եւ շահառուի հաշուեհամարը (IBAN)`

Kemal Yalcin

(SON ARZUM)

Sparkasse-Bochum

IBAN: DE90 4305 0001 0028 4087 06

Դուք եւս կարող էք ձեր ներդրումն ունենալ «Թռչունեան տուն» կրթահամալիր-մանկատան երեխաներին օգնելու հարցում` յանուն Պրենտա Ժամկոչեան-Պաշարի հոգու խաղաղութեան: Դուք նոյնպէս կարող էք կիսել մանկատան երեխաների ուրախութիւնը: Ձեզ շնորհակալութիւն եմ յայտնում` «Թռչունեան տուն» մանկատան սաների անունից:

Պոխում, 2-ը Նոյեմբերի 2018 թ.

Թուրքերէնից թարգմանեց Մելինէ Անումեանը

Akunq.net

Leave a Comment

You must be logged in to post a comment.