«Վերելք» Սիւնիք փոքր ձեռնարկատիրութիւնների ստեղծման ծրագիր

«Վերելք» Սիւնիքը ընդունակութիւնների, կապիտալի եւ կարողութիւնների հիբրիդային ձեռներեցութեան ծրագիր է, որը նախաձեռնել եւ կազմակերպել է Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Բիւրոյի Երիտասարդական գրասենեակը Revolve Consulting-ի հետ, ՀՅԴ ՀԵՄ-ի ջանքերով:

«Վերելք» Սիւնիք ծրագիրը մեկնարկել է սոյն թուականի հոկտեմբերի 12-ին։ Այն հիմնուած է «Վերելք» Արցախի փորձի վրայ եւ նպատակ է հետապնդում Սիւնիքում ձեռներեցութեամբ հետաքրքրուած երիտասարդներին տրամադրել գիտելիք եւ սկզբնական ներդրում, որպէսզի երիտասարդներն իրականութիւն դարձնեն իրենց բիզնես մտքերը եւ գործնական ներդրում ունենան իրենց համայնքների զարգացման եւ բարգաւաճման գործում։

Ծրագիրն արդէն աւարտել է իր առաջին փուլը, որին մասնակցել են 35 երիտասարդներ՝ Սիւնիքի տարբեր բնակավայրերից։ Մասնակիցները մէկ ամսուայ ընթացքում մասնակցել են հետեւեալ թեմաներով դասընթացների, որոնք անց են կանցուել ոլորտի առաջատար մասնագէտների կողմից․

– Գաղափարի յղացում

– Շուկայավարում

– Ֆինանսների պլանաւորում

– Ռազմավարական կառավարում

– Հանրային խօսք

– Բիզնես գաղափարի ներկայացում

Դասընթացների արդիւնքում մասնակիցները մշակել եւ կատարալագործել են սեփական գաղափարները։ Դասընթացները յաջողութեամբ աւարտած 12 երիտասարդներ (9 ծրագիր) արդէն ընտրուել են եւ կը մասնակցեն «Վերելք» Սիւնիք ծրագրի երկրորդ փուլին՝ Բիզնես ճամբարին, որը տեղի կ’ունենայ 2022 թ. յունուարի 12-16 Կապանում։ Բիզնես ճամբարի ընթացքում արդէն իսկ ընտրուած 12 մասնակիցները եռօրեայ խտացուած աշխատանքներից յետոյ, պէտք է ներկայացնեն իրենց ծրագրերը «Վերելք» Սիւնիք ծրագրի ժիւրիի անդամներին։

Բիզնես ճամբարի աւարտին յաղթող նախագծերը կը մտնեն մոնիտորինգի փուլ, որը կ’ուղեկցի ձգտող ձեռներեցներին համապատասխան խորհդատուութեամբ եւ սկզբնական ներդրումով:

«Վերելք» ծրագրի առաքելութիւնն է՝ երիտասարդութեան գիտելիքների պաշարի հզօրացումը, թիկունք կանգնել եւ խրախուսել՝ սեփական միտքերը եւ գաղափարները իրականութիւն դարձնելու համար, ծառայելով իրենց համայնքին եւ շրջապատին: Իսկ ներազգային գետնի վրայ, կարեւոր միջոց է հանդիսանում պայքարելու Արցախում եւ Սիւնիքում պատերազմի հետեւանքով առաջացած տնտեսական եւ դեմոգրաֆիկ մարտահրաւէրները դիմագրաւելու նպատակով:

Leave a Comment

You must be logged in to post a comment.