Վատնուած Է Հիմնական Ներուժը

ԱՐՀԱՇԷՍ ՇԱՀՊԱԶԵԱՆ

Տարիներ առաջ հեռուստատեսութեամբ հետեւում էի մի երկրում ընթացող յեղափոխական գործընթացներին: Շաբաթներ շարունակուող ցոյցերի ու երթերի մասնակից, միլիոն մարդը գերազանցող, ամբոխը յիշեցնում էր մթագնած գիտակցութեամբ կատաղի գազանի, որն իր առաջնորդի կոչով պատրաստ էր կործանել ու ոչնչացնել ճանապարհին հանդիպած ամէն բան: Այն ժամանակ մտածում էի, որ հայ ժողովուրդն իր բարձր գիտակցութեամբ եւ հասարակութեան անդամների ընդգծուած անհատականութեամբ ապահովագրուած է ամբոխի վերածուելու փորձութիւնից:

Սա այն ժողովուրդը չէ, որ քաղաքական, կրօնական, կամ այլ առաջնորդի ձեռքի շարժումով նետուի առաջ` կատարելու համար իր կուռքի ցանկութիւնները: 1988 թուականին տեղի ունեցածն իսկապէս ազգի քաղաքակրթական որակը բնորոշող ժողովրդային շարժում էր` կազմակերպուածութեամբ, մասնակիցների վերաբերմունքով միմեանց եւ ուրիշների հանդէպ, առաջ քաշած համազգային յստակ նպատակներով եւ դրանց իրականացմանն ուղղուած միասնական ջանքով: Այն օրերին, օրինակ, յանցագործները հաւաստիացրին Ազատութեան հրապարակում հաւաքուող հանրութեանը, որ նրանց բացակայութեան ժամերին բնակարաններից գողութիւններ չեն կատարուի: Հետագայ ժամանակները սակայն ապացուցեցին, որ ե՛ւ հայ ժողովրդի միջից ե՛ւ քաղաքական-քաղաքակրթական հզօր հենք ունեցող աշխարհի ցանկացած ժողովրդից, համապատասխան հանգամանքներում, կարող է գոյանալ նպատակասեւեռ, ատելութեամբ լիցքաւորուած, անսանձելի, բայց առաջնորդներին հլու այն կրտիկական զանգուածը, որը եւ վերածւում է ամբոխի:

Ամբոխի մտածողութիւնը մակերեսային է, պատճառահետեւանքային կապերը որոշելու հարցում` պարզունակ: Երբ զանգուածը վերածւում է ամբոխի, այլեւս նրա «սնունդը» դառնում է գործողութիւնը, նա պահանջում է առաջնորդներից յստակ յանձնարարականներ, որոնք կատարելով` կարճ ժամանակում հնարաւոր կը լինի հասնել իր ձեւաւորման պատճառը հանդիսացած երեւոյթների վերացմանը: Ամբոխը բաղկացած է մէկը միւսի խանդավառութեամբ վարակուող եւ իր նմանների բազմաքանակութիւնը ընտրած ճանապարհի ճշմարտացիութեան գլխաւոր փաստարկ համարող միաւորների բազմութիւնից, որին մաս կարող են կազմել ե՛ւ չկրթուածը ե՛ւ կրթուածը ե՛ւ գիւղացին ու մտաւորականը ե՛ւ բազմաշերտ հասարակութեան ցանկացած խաւի ներկայացուցիչ:

Եթէ նախկինում առաջնորդողների յաւակնութիւն ունեցողները պէտք էր կարողանային սեփական յատկութիւնների գնով հրապարակներում ժողովրդային զանգուածներ հաւաքել եւ պահել այնտեղ երկար ժամանակ, ապա ներկայիս տեղեկատուական հնարաւորութիւններին լաւ տիրապետելով` կարելի է ազդել աշխատավայրում կամ տանը նստած մարդկանց վրայ հեռահար կերպով եւ ինքն իր կապի միջոցի հետ ունեցած այդ մտերիմ շփման ժամանակ ստիպել ենթակային յանգելու ցանկալի տրամադրութիւնների եւ եզրահանգումների: Այդ պատճառով էլ յանկարծ ներհասարակական կեանքը փոթորկող առաջնահերթ խնդիրներ են դառնում այնպիսի հիմնահարցեր, որոնք նախկինում էլ գոյութիւն են ունեցել, բայց կա՛մ չեն փոթորկել մարդկանց, կա՛մ վաղուց մոռացուած են եղել:

Ինչպէս յայտնի է նոր արհեստագիտութիւնների հնարաւորութիւնները արդիւնաւէտօրէն իրացուեցին աշխարհում տեղի ունեցած գունաւոր յեղափոխութիւնների ժամանակ, իսկ Հայաստանում վերջինիս առաջին փորձարկումը տեղի ունեցաւ 2008 թուականի մարտի 1-ին ծաւալուած իրադարձութիւնների ընթացքում:

Այն, ինչ տեղի ունեցաւ 2018-թուականին հայ ժողովրդի մէկ հատուածի հետ` Հայաստանում եւ ի սփիւռս աշխարհի, այլ բան չէր, քան` ամբոխային տրամաբանութեամբ ուղղորդուած թիրախային նպատակի իրականացում:

Եթէ արդարացուած կարելի էր համարել մարդկանց ընդվզումը քաղաքական, ընկերային-տնտեսական եւ այլ բնոյթի կուտակուած հիմնահարցերի պատճառով, ապա անտրամաբանական էր սեփական ճակատագրի տնօրինումը յանձնելը մարդկանց, ում ողջ պատկերացումը ապագայի վերաբերեալ, այլ խօսքով` քաղաքական փլաթֆորմը, հետեւեալն էր` տապալել նախորդներին եւ տիրել նրանց իշխանութեանը: Խոստանալ պատժել նախկին բոլոր մեղաւորներին` չներկայացնելով վաղուայ օրուայ անելիքը քաղաքական, տնտեսական եւ միւս բնագաւառներում:

Յոյզերով առաջնորդուող զանգուածները նախորդներին մերժելու եւ նորերին երկիրը յանձնելու անվերապահ նպատակամղմամբ բացարձակապէս չհետաքրքրուեցին այն հարցով, թէ երկիրն ինչպէ՛ս պէտք է ղեկավարի քատրային նոր կազմը, որը բացարձակապէս զուրկ է մասնագիտական եւ վարչական փորձառութիւնից:

Դժբախտաբար, անկախացման շրջանից սկսած, մեր հասարակութիւնը առաջնորդուել է «մերժելու նախընտրական ծրագրով»: Գլխաւոր հարցը դիտարկելով եղածից ազատուելը` քննարկման առարկայ չի դարձել այն խնդիրը, թէ որո՛նք են նորերը եւ ի՛նչ են խոստանում:

Սովորաբար պաշտօնեաները, ղեկավարման հարիւր օրը լրանալուց յետոյ, հանդէս են գալիս հաշուետուութեամբ: Եթէ հարիւր օրը քիչ է արդիւնքներից խօսելու համար, ապա բաւարար է համարւում, որպէսզի ներկայացուեն հայեցակարգերն ու ծրագրերը եւ, ըստ դրանց ձեռնարկուած աշխատանքների, սկզբնական ընթացքը: Հայաստանի ներկայ իշխանութիւնը երկիրը փաստացի ղեկավարում է մէկ տարի եւ երեք ամիս:

Հակառակ շարունակուող շոուին, առաջընթացի փոխարէն, զարգանում են անորոշութիւններն ու անհանգստութիւնները` արտաքին քաղաքականութեան եւ Արցախի հարցերում, ակնյայտ է արտաքին ճնշումների մեծացումը: Տեղի են ունենում նախկինից գործող քատրերի համատարած կրճատումներ, իսկ նրանց փոխարինող նորերը զուրկ են սեփական պարտականութիւնները գիտակցելու եւ իրականացնելու կարողութիւնից:

Երկրի տնտեսական զարգացման ուղենիշներին փոխարինում են պարզունակ կարգախօսերը, այս եւ այլ գործօններով պայմանաւորուած այդպէս էլ երկիր չհասան խոստացուած ներդրումները: Երկրում պետական մեքենան գործում է խիստ ցածր արդիւնաւէտութեամբ, եւ հեռու չենք տարբեր ոլորտների կաթուածահարումը տեսնելու իրողութիւնից: Եթէ ինչ-որ բան արւում է մեծ եռանդով ու հետեւողականութեամբ, քրէական հետապնդումներն ու դատավարութիւններն են: Այս եւ ոչ միայն այս գործընթացներում գիտակցաբար ու անգիտակցաբար ոտնահարւում են օրէնքն ու օրինականութիւնը: Այդ ամէնը փոխարինուած է մէկ անձի կամքով:

Հասարակութիւնը պառակտուած է, ներհասարակական մթնոլորտը լարուած է, ոտնահարւում են ազգային-բարոյական ու հոգեւոր արժէքները, հասարակաքաղաքական ընտրախաւի շարքերում զգալի թիւ է կազմում օտար ազդեցութիւններ կրողների ու կասկածելի ֆինանսական աղբիւրներից սնուողների, այլասերուածների ու ապազգայինների բանակը:

Օրինաչափօրէն իշխանութեան ընկերային յենարանը կազմող մարդուժը հալւում է` արեւի տակ յայտնուած ձնագնդի արագութեամբ: Ամէնուր աճում է դժգոհութիւնը, որը, ամենայն հաւանականութեամբ, համատարած հիասթափութեան կը վերածուի եւս մէկ դժուար աշուն ու ձմեռ յաղթահարելուց յետոյ:

Ի դէպ, նրանց համար, որոնք ապրել են լեւոնտէրպետրոսեանական խմբակի կառավարման ժամանակներում, ակնառու պէտք է լինի, որ այս իշխանութիւնը ուղղակիօրէն նրա շարունակութիւնն է: Հաւանաբար այլ կերպ չէր էլ կարող լինել, երբ նոր շարժման առաջնորդը հին շարժման առաջնորդների միջավայրում է ձեւաւորուել` որպէս անհատ եւ քաղաքական գործիչ, 2008 թուականին Լեւոն Տէր Պետրոսեանի պարտուողական փլաթֆորմով մասնակցել է ընտրութիւնների եւ նոյն մարդու ղեկավարութեամբ սադրել է մարտի մէկն ու ժողովրդին տարել է բախման ոստիկանութեան հետ: Վերջապէս, այսօր շրջապատուած է այդ խմբակի աչքի ընկնող ներկայացուցիչներով ու հետեւորդներով: Ի հարկէ առաւել ծանրակշիռ փաստարկը հոգեւոր-գաղափարական ժառանգորդութեան հարցն է, որ նոյնպէս ակնյայտ է եղել ի սկզբանէ, այս զուգահեռները, սակայն, չէի ցանկանայ առաւել մանրամասնել այստեղ` չուռճացնելու համար նիւթի ծաւալը:

Իշխանութեան աւելի ու աւելի կեդրոնացումը մէկ մարդու ձեռքում, իշխանութեան բոլոր թեւերի վրայ բացարձակ վերահսկողութիւն սահմանելու ջանքերը, անհանդուրժողութիւնը այլակարծութեան նկատմամբ,կոշտ արձագանգը ընդդիմադիր գործողութիւնների հանդէպ եւ ամէն օր դրսեւորուող այլ երեւոյթներ ցրում են այն պատրանքները, թէ Հայաստանում ժողովրդավարութիւնը պաշտպանուած է:

Ի դէպ, սա «թաւշեայ, ժողովրդական» շարժման նկատմամբ եղած միակ պատրանքը չէր: Քաղաքացիական յեղափոխութեամբ խանդավառուած ինքնակոչ «տեսաբանները» այդպէս էլ մեզ չբացատրեցին, թէ ի՛նչ նկատի ունէին տեղի ունեցածը յեղափոխութիւն կոչելով` քաղաքական համակարգը՞ փոխուեց, փոխուեցին տնտեսական կացութաձեւը` գաղափարաբարոյական արժէքներն ու զարգացման ուղենիշները՞: Բացի իշխանական քատրերի յեղափոխական փոխանակումի՞ց` այդ ինչ տեսան «նոր յեղափոխութեան» տեսաբանները, որ այդպէս էլ ժողովուրդը չի տեսնում:

Եթէ հարցը գեղեցիկ ճառերն են, ապա այդ ո՞վ է փորձել տգեղ ճառերով ժողովուրդ տանել իր ետեւից:

Անցած երեք տասնամեակում տեղի ունեցած ամէն ինչի բացարձակ մերժումը յեղափոխութի՞ւն է, հայրենասիրութի՞ւն, թէ՞ կուրութիւն կամ ինքնադրսեւորման միջոց: Նոյն, կամ մօտաւորապէս նոյն այս գիտակները նախորդող տարիներին ողջունեցին Հայաստանում տեղի ունեցող իւրաքանչիւր ոճրագործութիւն, արկածախնդրութիւն ու անձերի կամքին ծառայեցուած ինքնանպատակ գործողութիւն, որի թերեւս միակ արժանիքն այն էր, որ ուղղուած էր իշխանութեան դէմ: Դրանք բոլորը կարճ ժամանակ անց փաստեցին իրենց սնանկութիւնը, իսկ ո՞վ նեղութիւն քաշեց խոստովանելու, որ սխալուել է` սին ու վնասակար երեւոյթը գնահատելով որպէս հայրենափրկութեան փաստ: Նոյն մարդիկ արդեօ՞ք չխրատուեցին կամ չեն կարողանում այսօր գնահատել իրական պատկերը: Չեմ կարծում, թէ չեն տեսնում, կամ չեն հասկանում, համոզուած եմ, որ այլ շահերով ու նպատակներով են առաջնորդւում, որոշներն էլ այլ ակունքից են ջուր խմում: Բայց այս դէպքում էլ նրանք յաջողութիւն չեն արձանագրելու, որովհետեւ ճիշդ կամ սխալ լինելը ո՛չ ճաշակի հարց է, ո՛չ տեսական վէճում առաւել խելօք լինելու, ո՛չ էլ այս կամ այն ճամբարի կողմից գործելու, այլ որովհետեւ գործ ունենք մի երեւոյթի հետ, որը հակառակ է հայ ժողովրդի բնական շահերին:

Սա շարժում է ընթացքին դէմ, որը եւ կամաց-կամաց ետ է շպրտելու հոսանքին հակառակ ընթացք պարտադրողներին: Ես չեմ կարող ասել, թէ դեռ որքան է նաւակի պէս ցնցելու, Հայաստանը այս ու այն կողմ նետելու նրա նոր ղեկավարութիւնը, բայց համոզուած եմ, որ նա արդէն դէպի իր վերջին տանող ճանապարհի վրայ է: Այս պետութիւնը չունի այն քաղաքական ու տնտեսական ներուժը, որը թոյլ կը տար փակել սահմաններն ու երկիրը երկար ժամանակով պահել ինչ-որ մէկի բռնիշխանական քմահաճութիւնների յորձանուտում: Իսկ գլխաւորն այն է, որ գրեթէ վատնուած է այս իշխանութեան հիմնական ներուժը` մարդկանց հաւատը եւ յոյսը:

Leave a Comment

You must be logged in to post a comment.