Ստեփանակերտում կայացաւ Հայաստանի եւ Արցախի Անվտանգութեան խորհուրդների համատեղ նիստ

2019 թ. Մարտի 12-ին Ստեփանակերտում Հայաստանի Հանրապետութեան Վարչապետ Նիկոլ Փաշինեանի եւ Արցախի Հանրապետութեան Նախագահ Բակօ Սահակեանի համանախագահութեամբ կայացաւ Հայաստանի եւ Արցախի Անվտանգութեան խորհուրդների համատեղ նիստ: Օրակարգի հիմնական թեման վերաբերում էր Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգաւորման գործընթացում ներկայ իրավիճակի համատեղ գնահատմանը եւ համակարգուած գործողութիւնների ուրուագծմանը:

Քննարկումների արդիւնքում Հայաստանի եւ Արցախի Անվտանգութեան խորհուրդների անդամների կողմից գնահատուեց Արցախի անվտանգութեան համակարգը եւ վերահաստատուեց, որ պաշտպանութեան ապահովման կարողութիւնները երաշխաւորուած են եւ գտնւում են բարձր մակարդակի վրայ: Միեւնոյն ժամանակ, հայկական երկու կողմերը վերստին ընդգծեցին իրենց աջակցութիւնը եւ յանձնառութիւնը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահութեան հովանու ներքոյ հիմնահարցի բացառապէս խաղաղ կարգաւորմանը` հիմնուած միջազգային իրաւունքի հիմնարար սկզբունքների, մասնաւորապէս, ժողովուրդների ինքնորոշման իրաւունքի իրագործման վրայ։

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինեանը մասնաւորապէս նշեց. «Հայաստանը շարունակում է հաւատարիմ մնալ բանակցային գործընթացին եւ որպէս Արցախի անվտանգութեան երաշխաւոր շարունակելու է ջանքեր գործադրել այդ ուղղութեամբ, միեւնոյն ժամանակ, խաղաղ գործընթացի լիարժէքութեան ու արդիւնաւէտութեան ապահովման համար Արցախի որոշիչ ձայնի ու ներգրաւուածութեան հարցը մնում է արդիական»:

Արցախի Հանրապետութեան Նախագահ Բակօ Սահակեանն իր հերթին ընդգծեց, որ 1994-1995 թթ. զինադադարի եռակողմ համաձայնագրերի անվերապահ իրականացումն ընկած է խաղաղութեանը նպաստող մթնոլորտի հիմքում` կարեւոր նպաստ բերելով խաղաղ գործընթացի առաջմղմանը։ «Արցախը պատրաստ է շարունակել իր կառուցողական ներդրումը տարածաշրջանում տեւական ու ամուր խաղաղութեան հաստատմանն ուղղուած բանակցային գործընթացում», նշեց Բակօ Սահակեանը։

Համատեղ նիստի շրջանակներում ընդգծուեց, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի շրջանակներում Արցախի անվտանգութեան ապահովումն ու կարգավիճակը հայկական կողմերի համար եղել եւ մնում են բացարձակ գերակայութիւններ: Կարեւորուեց խաղաղութեան մթնոլորտի ձեւաւորումը, ռիսկերի նուազեցման եւ միջադէպերի կանխարգելման մեխանիզմների եւ փոխվստահութեան ամրապնդման միջոցառումների ներդրումը, ինչպէս դա ամրագրուել է Դուշանբէի, իսկ մինչ այդ նաեւ Վիէննայի ու Սանթ Փեթերսպուրկի գագաթաժողովների շրջանակներում:

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՏԵՂԵԿԱՏՈՒՈՒԹԵԱՆ ԳԼԽԱՒՈՐ ՎԱՐՉՈՒԹԻՒՆ

Leave a Comment

You must be logged in to post a comment.