ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ԴՐՈՆՆԵՐԻ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ ԿԸ ԲԱՑՈՒԻ

Առաջին նման ուսումնական լաբորատորիան բացուել է 2021 թուականի ամռանը Դիլիջանում։ Հայաստանի առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկութիւնների միութեան նպատակն է բացել դրանք ՀՀ-ի և Արցախի իւրաքանչիւր քաղաքում։

ԵՐԵՒԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. Մօտ ապագայում Ստեփանակերտում անօդաչու թռչող սարքերի ուսումնական լաբորատորիա կը բացուի: Տեղեկութիւնը լրագրողների հետ հանդիպման ժամանակ յայտնել է Հայաստանի առաջաւոր տեխնոլոգիաների ձեռնարկութիւնների միութեան (UATE) ArMath դպրոցական ինժեներական լաբորատորիաների համակարգող Սեդրակ Վարդանեանը։

Առաջին նման լաբորատորիան (ArMath օդում) բացուել է Դիլիջանի Մոնթէ Մելքոնեանի անուան ռազմական ուսումնարանում։ Այստեղ թռչող սարքերի մոդելները ստեղծում են և՛ կուրսանտներ, և՛ սովորական վարժարանների աշակերտներ: Այստեղ գալիս են նրանք, ովքեր արդէն անցել են ինժեներիայի հիմունքները միջին դասարաններում ՝ սովորական ArMath լաբորատորիաներում։

Սկզբնական փուլում նրանք սովորում են պատրաստի մոդելների հաւաքելու վրայ, յետոյ սկսում են սեփական մոդելներ ստեղծել, ընդ որում՝ իրենք են իրենց համար մոնտաժում ֆյուզելյաժը, թևերը և այլ մասերը։ Ստեփանակերտում լաբորատորիայի բացման մասին արդէն պայմանաւորուածութիւն կայ, հիմա դրա համար հրահանգիչներ են պատրաստում։ Այնուհետև նախատեսւում է նոյնատիպ լաբորատորիա բացել Մարտակերտում։

Բացի այդ, առաջիկայում 15 սովորական «վերգետնեայ» ArMath լաբորատորիաներ կը բացուեն Սիւնիքի մարզի գիւղերում, այդ թւում ՝ Որոտանում, Ճակատենում…

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկութիւնների միութեան կրթական ծրագրերի ղեկավար Շամամ Գևորգեանն իր հերթին նշեց, որ և՛ նոր, և՛ գործող լաբորատորիաներում, բացի ռոբոտաշինութիւնից և 3D հաստոցներով աշխատելուց, կը սկսեն ուսումնասիրել և հաւաքել «խելացի» համակարգեր գիւղատնտեսութեան համար, այդ թւում՝ ջերմոցներ, թռչունների ինկուբատորներ և անասնագոմեր (կամ գոնէ դրանց ուսումնական մակետները):

Դրա համար առաջիկայում միութիւնը կը հաւաքի և կը վերապատրաստի հրահանգիչների։ Բացի այդ, ՀՀ ԿԳՄՍՆ հանրակրթութեան վարչութեան պետ Արսէն Բաղդասարեանը նշեց, որ նախարարութիւնը կը քննարկի ArMath լաբորատորիաներն օգտագործելու հնարաւորութիւնը ոչ միայն ֆիզիկայի, մաթեմատիկայի և քիմիայի արտադասարանային, այլև հանրակրթական պարապմունքների համար, որտեղ հնարաւոր կը լինի գործնականում ստուգել մեխանիկայի, էլեկտրամագնիսական դաշտերի կամ ստերեոմետրիայի և եռաչափ պրոյեկցիաների գիտելիքները:

«ArMath» լաբորատորիայի և տեխնոլոգիական մրցույթների կազմակերպիչը UATE-ն է: Կազմակերպութեանն աջակցում է ԿԳՄՍ նախարարութիւնը, ինչպէս նաև մասնաւոր տեխնոլոգիական ընկերութիւնները։

Լաբորատորիաներ են բացւում Հայաստանում, Արցախում և Ջաւախքում (Վրաստան)։             Ոլորտի ասոցիացիաների և այլ երկրների կառավարութիւնների հետ գործընկերային ծրագրերի շրջանակում նման լաբորատորիաներ արդէն բացուել են Հնդկաստանում, Բանգլադեշում ու Եթովպիայում։

 

armeniasputnik.am

Leave a Comment

You must be logged in to post a comment.