Ռուբինեանը ձևական ներկայացուցիչ է, բանակցութիւններն անձամբ վարելու է Փաշինեանը. քաղաքագէտ

Քաղաքագէտ Արմէն Բաղդասարեանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Հայաստան-Թուրքիա երկխօսութեան գործընթացում Հայաստանի յատուկ ներկայացուցիչ Ռուբէն Ռուբինեանի նշանակմանը։

Ակնյայտ է, որ որպէս դիւանագէտ և դիւանագիտական փորձ ունեցող անձինք, Քըլըչն ու Ռուբինեանը տարբեր քաշային կատեգորիաներում են, հետևաբար Հայաստանը վստահաբար անհրաժեշտ ներկայացուցչին չի ընտրել, ինչը վկայում է, որ իրականում Ռուբէն Ռուբինեանն ընդամենը ձևական ներկայացուցիչ է լինելու, իսկ իրականում բանակցութիւնները վարելու է անձամբ Փաշինեանը։ Sputnik Արմենիայի հետ զրոյցում նման տեսակէտ յայտնեց քաղաքագէտ Արմէն Բաղդասարեանը։

Բաղդասարեանի կարծիքով`թուրքական կողմից առաջ քաշուելիք նախապայմաններն արդէն իսկ յայտնի են, թյև իբր խօսւում է առանց նախապայմանների երկխօսութեան մասին։

Ըստ նրա` Թուրքիան նախևառաջ կը պնդի, որ Հայաստանն այլևս պետական մակարդակով ցեղասպանութեան հարց չբարձրացնի միջազգային ատեաններում, երկրորդ` կը պահանջի, որ հայկական պահանջատիրութիւնը մէկընդմիշտ պաշտօնապէս դուրս բերուի քաղաքական օրակարգից, երկու երկրները ճանաչեն միմեանց տարածքային ամբողջականութիւնը, և միայն դրանից յետոյ հաստատեն դիւանագիտական յարաբերութիւններ, երրորդ` կը պահանջի, որ Սիւնիքով անցնող ճանապարհն ունենայ միջանցքի նշանակութիւն։

Բաղդասարեանի դիտարկմամբ` արցախեան 44-օրեայ պատերազմից յետոյ Հայաստանի բանակցային դիրքերը էապէս թուլացել են, և, իհարկէ, հայ–թուրքական երկխօսութիւնը ցանկալի կը լինէր, որ շատ աւելի վաղուց արուեր։

Ըստ նրա` հարցը պէտք է դիտարկել այն տեսանկիւնից, որ Հայաստանի և Թուրքիայի միջև կան ամենատարբեր ոլորտների բազմաթիւ խնդիրներ, և անկախ նրանից` երկխօսութիւնը կը կայանայ, թէ ոչ, այդ խնդիրները չեն վերանալու, աւելին` Հայաստանին վերաբերող տարածաշրջանային հարցերը գերտէրութիւններն այսպէս թէ այնպէս քննարկում են առանց մեզ։

Քաղաքագէտի խօսքով` կարևոր է, թէ ՀՀ իշխանութիւնը Ռուբինեանի առջև ինչ խնդիրներ է դրել, և եթէ ցանկանում է բանակցութիւնների ընթացքում դիւանագիտական տարբեր հնարքներով հասնել առաւելագոյն արդիւնքի, ապա պէտք է շատ լուրջ մասնագիտական խումբ ստեղծի, որը խորհուրդներ կու տայ Ռուբէն Ռուբինեանին։

Բաղդասարեանի համոզմամբ, սակայն, Հայաստանի իշխանութիւնն այդպէս չի անի, որովհետև արդէն կ’անխորոշուած է համարում հայ–թուրքական յարաբերութիւնների կարգաւորմանն առնչուող երկխօսութեան ընթացքը և պատրաստ է բոլոր այն զիջումներին, որոնք պնդում է Թուրքիան։

Նշենք, որ դեկտեմբերի 15-ին պաշտօնական այցով ԱՄԷ-ում գտնուող Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չաւուշօղլուն յայտարարել էր, որ Հայաստանի հետ յարաբերութիւնների կարգաւորման Անկարայի բանագնացը Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչն է լինելու:

ԱԳՆ մամուլի խօսնակ Վահան Յունանեանն իր հերթին դեկտեմբերի 18-ին տեղեկացրել է, որ Հայաստան-Թուրքիա երկխօսութեան գործընթացում Հայաստանի յատուկ ներկայացուցիչը կը լինի ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբէն Ռուբինեանը։

Մևլութ Չաւուշօղլուն յայտարարել է, որ յարաբերութիւնների կարգաւորման հարցերով Հայաստանի և Թուրքիայի յատուկ ներկայացուցիչները մօտ ժամանակներս կարող են հանդիպել։

Leave a Comment

You must be logged in to post a comment.