Ռոստոմի «Նամականի»-ի տպագրութիւնը

Որպէս ՀՅԴ Կենտրոնական արխիվի փաստաթղթերի հրապարակման կարեւոր հանգրուան
 
Արդէն տեղեկացրել ենք, որ օրերս լոյս է տեսել Երուանդ Փամբուկեանի կազմած «Ռոստոմի անտիպ նամակները» 732 էջանոց փաստաթղթերի ստուարածաւալ ժողովածուն։ Հատորը սկսւում է ՀՅ Դաշնակցութեան Կենտրոնական արխիւում պահուող այդ հազուագիւտ վաւերագրերի գիտա-ճանաչողական ու արդիական- քաղաքական արժէքը գնահատող պատմագիտութեան դոկտոր Գէորգ Խուդինեանի «Ռոստոմի Նամականիի ամբողջացումը» առաջաբանով եւ ժողովածուի կազմութեան սկզբունքների մասին նրա հեղինակի՝ Երուանդ Փամբուկեանի «Բացատրութիւններ»-ով։ Դրանց բովանդակութիւնը թոյլ կու տայ նախնական պատկերացում կազմել ընթերցողի դատին ներկայացուող աշխատութեան վերաբերեալ։
 
ՌՈՍՏՈՄԻ «ՆԱՄԱԿԱՆԻ»Ի
ԱՄԲՈՂՋԱՑՈՒՄԸ
 
Հ. Յ. Դաշնակցութեան հիմնադիրներից Ռոստոմի (Ստեփան Զօրեան) կեանքի ու գործունէութեան մասին անցած հարիւրամեակում Սփիւռքում մեծ թիւով արխիւային վաւերագրեր ու յիշողութիւններ են հրապարակուել, իսկ վերջին տասնամեակներին Հայաստանում տպագրուած ակադեմիական ուսումնասիրութիւններում հիմնարար գնահատականներ են տրուել հայ ազատամարտի պատմութեան մէջ ու Հայաստանի Հանրապետութեան ստեղծման գործում նրա խաղացած առանձնայատուկ դերին։
 
Դրանց հիմնական ուրուագծերը պարառում են հետեւեալ հաստատումներն ու եզրակացութիւնները.
 
– Ռոստոմը Հ.Յ.Դ. հիմնադիր ու անկախութեան սերունդների իւրօրինակ կապող օղակն էր, որի վառ անհատականութեան տիպական գծերի մէջ մարմնաւորուել ու ամբողջացել էր Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը։
– Ռոստոմը դարաշրջանի հայ իրականութեան մէջ միակ ունիվերսալ քաղաքական գործիչն էր, ով տիրական ներկայութիւն էր ոչ միայն Հ.Յ.Դ. բոլոր գործերում, այլեւ գործունէութեան կոնկրետ ոլորտներում։
– Ռոստոմը որպէս քաղաքական գործիչ որքան ազգային էր, նոյնքան էլ միջազգայնական՝ այդ բառի համամարդկային իմաստով, ուստի նա եզակի բացառութիւն էր Հայաստանը շրջապատող ողջ տարածաշրջանի ընդգծուած ազգայնական, մասամբ էլ ծայրայեղօրէն միջազգայնական առաջնորդների շարքում։
– Եւ վերջապէս՝ Ռոստոմը ամէնօրեայ պայքարի հեռանկարներն ուրւագծելու եւ դրանց համապատասխան մարտավարական խնդիրներ առաջադրելու կարողութեամբ, ռազմավարական մտածողութեամբ օժտուած առաջնորդ էր, որն աչքի էր ընկնում կանխատեսելու ու տարբերակներ հաշուարկելու բացառիկ ունակութեամբ։
 
Թւում է թէ Հ.Յ.Դ. հիմնադիրներից մէկի մասին այսքան գիտելիքներ կուտակած ցանկացած հետազօտող կարող է համակուել ինտելեկտուալ բաւարարուածութեան զգացումով։ Սակայն ներկայ բարդ ու հակասական ժամանակը ստիպում է ոչ միայն իմանալ անցեալն ու գնահատել նրա ականաւոր դէմքերի գործը, այլեւ հասկանալ նրանց առաքելութեան իմաստը մերօրեայ իրողութիւնների լոյսի ներքոյ։
 
Այսօր, երբ Արամ Մանուկեանի, Ռոստոմի եւ մեր միւս մեծերի 1918 թ. անօրինակ սխրանքի շնորհիւ ստեղծուած հայոց անկախ պետականութիւնը յայտնուել է արտաքին ու ներքին լրջագոյն մարտահրաւէրների առջեւ, բոլորս ենք արձանագրում, որ մեր սերունդը նոյնպէս Ռոստոմի նման քաղաքական կամք, առաջադէմ միտք ու հայրենիքի հանդէպ պարտքի գիտակցում ունեցող անհատականութիւնների սուր կարիքն է զգում։ Նման պայմաններում եկել է Ռոստոմի մասին նախորդ սերունդների կողմից ասուածը նոր փաստերին ու գիտելիքներին գումարելու, յայտնի ու անյայտ իրողութիւններն ամբողջացնելու եւ համադրելու ժամանակը։
 
Ռոստոմից մնացած նամակների ու գրութիւնների հրապարակումն արդէն գրեթէ 100 տարուայ պատմութիւն ունի, բայց մինչեւ օրս իրականում դրանց մի մասն է միայն դրուել գիտական շրջանառութեան մէջ։ Այդ վաւերագրերը տեղ են գտել դեռեւս Ռոստոմի մահուան 10-րդ տարելիցի առթիւ «Դրօշակ»ի հրատարակած հարուստ նիւթերում1 եւ ապա՝ 1930-ական թուականներին, Սիմոն Վրացեանի խմբագրութեամբ լոյս տեսած «Դիւան Հ. Յ. Դաշնակցութեան» ժողովածուի զոյգ հատորներում2։ Այնուհետեւ դրանց մի մասը վերահրատարակուել է Հ. Տասնապետեանի եւ ապա Ե. Փամպուքեանի կազմած «Նիւթեր Հ. Յ. Դաշնակցութեան պատմութեան համար» բազմահատորեակի տարբեր հատորներում։ Իսկ վերջում էլ այդ ամէնն ամփոփուել է եւ ի մի է բերուել Հրաչ Տասնապետեանի կողմից Ռոստոմի մահուան 60-րդ տարելիցի առթիւ տպագրուած հատորում3 եւ 80-րդ տարելիցի կապակցութեամբ լոյս տեսած «Նամականի»ում4։
 
Մանաւանդ այս վերջին ստուարածաւալ հատորի տպագրութիւնից յետոյ, թւում էր, թէ տասնամեակներ ձգուած աղբիւրագիտական մեծածաւալ աշխատանքների արդիւնքում ոչինչ չի մնացել Ռոստոմի հարուստ ժառանգութիւնից, որն արժանի է ուշադրութեան։ Սակայն Հ.Յ.Դ. պատմութեան անխոնջ հետազօտող ու կուսակցութեան արխիւների լաւագոյն գիտակ Երուանդ Փամպուքեանը այլ կարծիքի էր։ Վերջին տասնամեակներին նա շարունակում էր իր յամառ պրպտումները Հ. Յ. Դաշնակցութեան Կենտրոնական արխիւում, ինչից պարզ էր դառնում, որ «Դրօշակ»ի խմբագրութեան ու Հ.Յ.Դ. տարբեր ղեկավար մարմինների անունից Ռոստոմի գրած նամակների պատճէնների, Հ.Յ.Դ. Կենտրոնական արխիւի մատեաններում պահուող սեւագիր գաղտնի հրահանգների եւ այլ փաստաթղթերի ուսումնասիրութեան միջոցով Ե. Փամպուքեանը կուսակցութեան պատմութեան խորքային կողմը բացայայտելու դժուարին աշխատանքների սկիզբն է դնում։ Որովհետեւ Ռոստոմի գործունէութիւնն այնքան էր միաձուլուել հարազատ կուսակցութեան քաղաքական պայքարին, որ այսօր խիստ դժուար է որեւէ մարմնի անունից գրուած նրա նամակները կամ գաղտնի հրահանգները տարանջատել կուսակցական կեանքի յարահոսին վերաբերող միւս փաստաթղթերից։ Ընդհակառակը՝ հէնց նման իւրայատուկ ռոստոմեան գործելաոճի ուսումնասիրութեամբ է հնարաւոր բացայայտել Հ.Յ.Դ. յեղափոխական պայքարի իրական պատմութիւնը։
 
Ուստի վերջին տարիներին իրար յետեւից «Վէմ»ում հրատարակուեցին հայ-թաթարական կռիւների շրջանում Ռոստոմի գործունէութեան անյայտ էջերը ներկայացնող՝ Հ. Յ. Դաշնակցութեան Կենտրոնական արխիւի No 89ա թղթածրարի թիւ 2 տետրն ամփոփող վաւերագրերը5, կուսակցութեան տարբեր մարմիններին գաղտնի մելանով գրուած նրա նամակ-հրահանգների սեւագրութիւնները6 եւ բազմաթիւ այլ նիւթեր։ Եւ թւում էր, թէ դրանք բաւարար են Ռոստոմի անտիպ նամակների երկրորդ հատորը տպագրելու միջոցով Հրաչ Տասնապետեանի կազմած հարուստ «Նամականի»ն լրացնելու համար։ Հատորը գրեթէ պատրաստ էր տպագրութեան, բայց Ե. Փամպուքեանը կրկին մեկնեց Բոստոն՝ Ռոստոմից մնացած ինչ-ինչ թղթածրարներ հետազօտելու համար։ Դրանք նոյնպէս ներառելու հետեւանքով ծաւալով բաւականին մեծացած Ռոստոմի անտիպ նամակների հատորը դարձաւ առանձին, ծանրակշիռ ուսումնասիրութիւն, որն այսօր ներկայացւում է ընթերցողի դատին։
 
Ռոստոմի անտիպ նամակների ու գաղտնագրութիւնների յայտնաբերման ու ամբողջացման գործընթացը յանգեցրել է նրան, որ ամենեւին էլ չկրկնելով Հրաչ Տասնապետեանի կազմած «Նամականի»ի բովանդակութիւնը, Ե. Փամպուքեանն անգամ գերազանցել է վերջինիս հսկայական՝ 670 էջանոց ծաւալը՝ կազմելով եւս մէկ ստուար հատոր։ Այս երկու ծաւալուն հատորների սկզբունքային տարբերութիւնը միայն այն է, որ առաջինը հիմնականում ներառում է Ռոստոմի գործունէութեան հրապարակային կողմը ներկայացնող նամակները, իսկ երկրորդը բացայայտում է ստուերում գործող եւ տարբեր մարմինների անունից հանդէս գալով յեղափոխական ընդյատակից նրանց քայլերն ուղղորդող իրական Ռոստոմի կերպարը։ Դրանով հանդերձ՝ հարկաւոր է եւս մէկ վերապահում անել, թէեւ ներկայ «Նամականի»ն 1999-ի հրատարակուած «Նամականի»ի ամբողջացումն է, բայց «ամբողջացում» դեռեւս չի նշանակում «սպառում»։
 
Թէ որքանո՞վ է յաջողուել Ե. Փամպուքեանին սպառել Ռոստոմից մնացած անտիպ վաւերագրերը, այսօր դժուար է անգամ եզրակացնել, քանի որ Ռոստոմի նման գործիչների ժառանգութեան արտակարգ ճոխութիւնը միշտ էլ կարող է անակնկալի բերել անգամ ամենափորձառու հետազօտողին։ Ռոստոմը իբրեւ ազգային-յեղափոխական գործչի կամային որակների ու անսահման եռանդի մարմնաւորում, յիրաւի անսպառ էր իր ձեռնարկած մեծ ու փոքր գործերի մանրամասներում։ Ուստի որքան էլ բարեխիղճ ու մանրակրկիտ աշխատանք է այսօր ընթերցողի դատին յանձնուող անտիպ նամակների ու գրութիւնների ստուարածաւալ հատորը, մեր կարծիքով՝ այս ժողովածուն նոյնպէս չի կարող սպառել Ռոստոմի հարուստ ժառանգութիւնը։ Յետագայում եւս Ռոստոմի նամակներն ու գրութիւններն ամփոփող հատորները թարմացումների ու լրացումների կարիք են զգալու տարբեր երկրների արխիւներում նորանոր գրութիւնների յայտնաբերման պատճառով։ Զարմանալու ոչինչ չկայ, քանի որ որքան անսպառ էր Ռոստոմը՝ որպէս Հ.Յ.Դ. կենդանի գործի մարմնաւորում, նոյնքան անսպառ է նաեւ նրա հարուստ ժառանգութիւնը։
 
Ռոստոմի անտիպ նամակներն ու գրութիւնները պարառող ներկայ ժողովածուի բովանդակութիւնը Ե. Փամպուքեանը պայմանականօրէն բաժանել է երեք խմբերի, բայց դրանց մաս կազմող փաստաթղթերը հրապարակուել են ժամանակագրական յաջորդականութեամբ։ Առաջինը Ռոստոմի գրած ու նրա ստորագրութեամբ այն փոքրաթիւ նամակներն են, որոնք տեղ չեն գտել նախորդ ժողովածուներում։ Երկրորդը Ռոստոմի կողմից Հ.Յ.Դ. երկու բիւրոների ու «Դրօշակ»ի խմբագրութեան անունից տարբեր մարմիններին ու անհատ գործիչներին ուղարկուած, ուստիեւ Հ.Յ.Դ. Կենտրոնական արխիւի, այսպէս կոչուած, «Պատճէնների մատեանում» մնացած պաշտօնական գրութիւններն են, որոնց հեղինակի ով լինելը բացայայտւում է Ռոստոմի ձեռագրի միջոցով։ Եւ վերջապէս՝ երրորդը Ռոստոմի գաղտնի թանաքով գրուած խորհրդապահական նամակ-հրահանգների «Սեւագիր մատեաններում» պահպանուած ու Ե. Փամպուքեանի ջանքերով անյայտութեան մէջ մնալու վտանգից փրկուած տեքստերն են, որոնց հարուստ բովանդակութիւնը առաջիկայում ուղղակի ստիպելու է ուսումնասիրողներին վերանայել Հ. Յ. Դաշնակցութեան ու հայ ազատամարտի պատմութեան մասին նախորդ պատկերացումների ու տեսակէտների մի մասը։
 
1890-ական թուականների երկրորդ կէսի հայ ազատամարտի պատմութեան բուռն իրադարձութիւնների շատ աւելի հարուստ պատկեր ենք յայտնաբերում «Դրօշակ»ի խմբագրութեան անունից Ժընեւից Ռոստոմի գրած նամակների ուսումնասիրութեան պարագայում։ Դրանց պատճէնները պահւում են Հ.Յ.Դ. Կենտրոնական արխիւի թիւ 82, 83, 84 եւ այլ մատեաններում։ Այս մի քանի հարիւր էջ ընդգրկող՝ լիովին թարմ նիւթերի փաթեթը վկայում է, որ Ռոստոմն ստանձնել էր դեռեւս չձեւաւորուած Հ.Յ.Դ. Արեւմտեան բիւրոյի գործառոյթներից շատերը։ «Դրօշակ»ի խմբագրութեան ցուցանակի տակ նա, փաստօրէն, միանձնեայ կատարում էր ապագայ Արեւմտեան բիւրոյի դերը նախքան այդ մարմնի ձեւաւորումը։ Դա ակնյայտ է դառնում Ռոստոմի ուղարկած նամակների հասցէատէրերի բնակութեան աշխարհագրական շրջագծից՝ Բուլղարիա, Եգիպտոս, Կ. Պոլիս, Իզմիր եւ անգամ Բոստոն (ԱՄՆ)։ Անշուշտ, 1890-ականների երկրորդ կէսին կայացած Հ.Յ.Դ. Կովկասեան ռայոնական ժողովների որոշումները նախատեսում էին «Դրօշակ»ի խմբագրութեանը տրուած ընդարձակ լիազօրութիւններ, բայց Ռոստոմի նման կազմակերպական հզօր ուժի շնորհիւ էր, որ թափ էր հաւաքում յետագայում Արեւմտեան բիւրոյի տնօրինութեանը յանձնուած՝ մի հսկայական շրջանի կուսակցական կեանքը։ Ու թէեւ այդ օրերին Ռոստոմն ինքը երբեմն վերապահութեամբ էր մօտենում նման «Արտասահմանեան բիւրօ»ի7 ձեւաւորման խնդրին, բայց, փաստօրէն, հէնց ինքն էլ կատարում էր դրա գործառոյթները։
 
Ներկայ ժողովածուի արժանիքներից մէկը Ռոստոմի գործունէութեան թերեւս ամենամութ շրջանի՝ 1903 թ. վերջերին նրա բանտարկութեան, Օդեսա8 աքսորուելու եւ շուրջ կէս տարի՝ մինչեւ 1904 թ. կէսերը, իր ընկերներից կտրուած մնալու պատմութեան վերաբերեալ նորայայտ վաւերագրերի առկայութիւնն է։ Հասկանալի է, որ այդ ամէնը 1903 թ. Հայաստանեայց եկեղեցու ունեցուածքի բռնագրաւման ու հայկական դպրոցների փակման դէմ պայքարը գլխաւորելու արդիւնքն էր, որը չէր կարող աննկատ մնալ ցարական Պահնորդական բաժանմունքի (Օխրանայի) սրատես աչքից։ Բայց նման պայմաններում անգամ Ռոստոմը կարողանում էր միջնորդաւորուած կապ պահպանել կուսակցական ընկերների հետ, ուստի բանտից ստացուած նրա նամակները յաճախ ուրիշի ձեռագրով են գրուած, բայց դա Ե. Փամպուքեանին չի խանգարել բացայայտելու դրանց իրական հեղինակին։
 
1904–1905 թթ. բուռն իրադարձութիւններին վերաբերող փաստաթղթերից սկսած՝ Հ.Յ.Դ. Կենտրոնական արխիւի «Սեւագիր մատեաններում» ամփոփուած Ռոստոմի գրութիւնները, որոնք պահւում են 89ա, 48, 52 թղթածրարների տարբեր տետրերում, յաճախ զուգորդւում են «Պատճէնների մատեանի» 88 եւ 89 թղթածրարների պարունակութեան հետ՝ ժամանակագրական յաջորդականութիւնը պահպանելու համար։ Դրանց թուաքանակի աւելացումն ու հարուստ բովանդակութիւնը պայմանաւորուած էին սկիզբ առած Ռուսական առաջին յեղափոխութեան պայմաններում կուսակցութեան գործունէութեան զգալի աշխուժացմամբ։ Այդ շրջանում ծաւալւում է նաեւ Հ.Յ.Դ. ակտիւ համագործակցութիւնը Ռուսաստանի յեղափոխական ու սոցիալիստական կուսակցութիւնների հետ, ուստի դեռեւս Ժընեւում գտնուող Ռոստոմը նամակագրութիւն է սկսում ռուսական Սոցիալիստ-յեղափոխականների (էսէռների), Լեհական սոցիալիստական կուսակցութեան, Վրաստանի սոցիալիստ-ֆեդերալիստների յեղափոխական կուսակցութեան, Ֆինլանդական Դիմադրութեան կուսակցութեան եւ այլեւայլ ուժերի ղեկավար դէմքերի հետ՝ փորձելով նրանց աջակցութեամբ կազմակերպել նաեւ զէնքի ու զինամթերքի տեղափոխումը հայ-թաթարական կռիւների թատերաբեմ դարձած Անդրկովկաս։
 
Նախաեղեռնեան շրջանի Հ.Յ.Դ. պատմութեան լուսաբանման տեսանկիւնից խիստ կարեւոր է 1910-1914 թթ. Արեւմտեան Հայաստանից, հիմնականում՝ Կարինից, Ռոստոմի գրած նամակների եւ ուղարկած գաղտնի հրահանգների ամբողջացումը։ Դրանց մի մասը տեղ է գտել Հրաչ Տասնապետեանի հրատարակած Ռոստոմի «Նամականի»ում, իսկ Ե. Փամպուքեանը շարունակել է այդ գործը։ Ռոստոմի՝ որպէս տուեալ պատմաշրջանում կուսակցութեան առանցքային դէմքի «Նամականի»ի ամբողջացումը թոյլ է տալիս բացայայտել «Իթթիհատ»ի հետ Հ.Յ.Դ. յարաբերութիւնների այն գաղտնի կողմերը, որոնք այդպէս էլ անծանօթ են մնացել հայ պատմաբաններին ու լայն հասարակայնութեանը, ուստիեւ տարաբնոյթ անհիմն ենթադրութիւնների տեղիք են տուել։
 
Առաջին աշխարհամարտի տարիներին՝ Մեծ եղեռնի շրջանում, Ռոստոմի ծաւալած գործունէութեան բազմաթիւ դրուագների համակողմանի բացայայտման համար լրացուցիչ տեղեկութիւններ են պարունակում 1915 թ. սկզբներին Փարիզից, Ժընեւից ու Լոնդոնից եւ 1915 թ. կէսերին Վանից ու Թիֆլիսից նրա գրած ուշագրաւ նամակները։ Դրանք հաստատում են Վանի 1915 թ. ազատագրմանը յաջորդած ամիսներին ցարական վարչակազմի ձեռնարկած հակահայ քայլերի եւ որպէս դրանց արդիւնք՝ 1915 թ. յուլիսեան տարօրինակ նահանջի վերաբերեալ Հայաստանի անկախացումից յետոյ հայ պատմագիտութեան կատարած վերջին բացայայտումներն ու հիմնարար եզրայանգումները։ Ակնյայտ է, որ ցարական իշխանութիւնները իրենց դաւադիր քայլերով նպատակ են ունեցել նախ հայերի աջակցութեամբ տիրելու Արեւմտեան Հայաստանին, իսկ այնուհետեւ շարունակական նահանջների միջոցով խիստ կրճատելու նրա առանց այդ էլ նօսրացած հայ բնակչութիւնը։ Մերօրեայ հնչեղութիւն ունեցող նման ցաւալի իրողութիւնները չէին կարող վրիպել Ռոստոմի սրատես հայեացքից։ Այդ ողբերգական իրադարձութիւնների օրերին Ռոստոմը հարազատ ժողովրդի հերոսական պայքարի առաջին գծում էր։ Նա ոգեւորիչ ճառ էր արտասանում Վանի փրկութեան նպատակով կազմաւորուած Արարատեան գնդի մարտիկների առաջ, փորձում էր ուղիներ գտնել Տարօնի հայութեան փրկութեան համար, Էջմիածնի պատերի տակ օգնութիւն էր ցոյց տալիս Արարատեան դաշտավայր հասած գաղթականներին, իսկ 1916 թ. Մարտի սկզբներին գտնուելով աւերակ դարձած Կարինում՝ մտածում էր Արեւմտեան Հայաստանի վերաշինութեան մասին։
 
Այս շրջանից Հ.Յ.Դ. Կենտրոնական արխիւում Ռոստոմից խիստ սահմանափակ քանակութեամբ նիւթեր են պահպանուել։ Դրանք աւելի շատ են Հայաստանի եւ նրա հարեւան երկրների արխիւներում, ուստի մասամբ արդէն հրատարակուել են մեր պատմաբանների կողմից։ Նոյնը վերաբերում է նաեւ 1917 թ. Փետրուարեան յեղափոխութեան շրջանում ողջ Անդրկովկասում, իսկ 1918 թ. հերոսամարտերի օրերին Բաքւում նրա ծաւալած գործունէութեանը, որը, յիրաւի, ճակատագրական նշանակութիւն ունեցաւ նորաստեղծ Հայաստանի Հանրապետութեան պաշտպանութեան գործում։ Այս առումով միակ բացառութիւնը 1917 թ. ամռանն ու աշնանը Սոցիալիստական ինտերնացիոնալի Ստոկհոլմի խորհրդաժողովում Հայկական հարցի արդարացի լուծման համար Ռոստոմի ծաւալած եռանդուն գործունէութեան մասին վկայող վաւերագրերն են, որոնք տեղ են գտել ներկայ ծաւալուն ժողովածուի վերջում։
 
Յատկանշական է այն, որ Ե. Փամպուքեանն այդ փաստաթղթերը զետեղել է աշխատութեան յաւելուածում, իսկ բուն տեքստում առկայ վաւերագրերը եզրափակել է Բաքւի հերոսամարտից յետոյ՝ 1918 թ. Նոյեմբերի 5-ին, Իրանի Ղազուին քաղաքից գրուած մի ուշագրաւ նամակով։ Երբ արդէն պարզ էր Առաջին աշխարհամարտի աւարտը, Ռոստոմը տոգորուել էր Հայաստանի Հանրապետութեան վերաշինութեան ու պաշտպանութեան գործը սկսելու բուռն ցանկութեամբ, ուստի հայրենիքի ապագայի հանդէպ անսահման հաւատով լցուած նրա վերջին տողերն աւարտւում էին հետեւեալ մարգարէական խօսքերով՝
«Մեզ սպասում է մեծ պայքար, գուցէ եւ նոր կռիւներ։ Մխիթարականը այն է, որ կը կռւենք աւելի ամփոփ ուժերով։ Յոյս ունինք առաջիկայում ունենալ մի մեծ ընդհանուր ժողով, Հայաստանի կենտրոնում, մշակելու համար Հայաստանի վերաշինութեան հիմնական ուղիները։ … Մի քանի օր Թեհրան մնալուց կը վերադառնամ Էնզելի եւ այնտեղից, յուսով եմ, Բագու-Թիֆլիս-Երեւան (ընդգծումը մերն է – Գ. Խ.)»9։
Ընթերցողի դատին ներկայացուող Ռոստոմի անտիպ նամակների ներկայ ստուարածաւալ հատորը եզրափակող նրա վերջին նամակի ամենավերջին Երեւան բառը յաջորդական սերունդների երկխօսութեան յիրաւի մոգական հարթակ է՝ Հայաստանի Հանրապետութեան վերաշինութեան ու պաշտպանութեան փոխկապակցուած առաջադրանքների շուրջ։ Դա նաեւ Ռոստոմի կտակն է գալիք սերունդներին, որը բացելու առաքելութիւնն է իրականացրել Հ. Յ. Դաշնակցութեան պատմութեան արխիւների անխոնջ հետազօտող Երուանդ Փամպուքեանը։
 
ԳԷՈՐԳ Ս. ԽՈՒԴԻՆԵԱՆ
Պատմագիտութեան դոկտոր
«Վէմ» հանդէսի խմբագիր
 
———————————————————————————————————————————
 
1.- Տե՛ս «Դրօշակ», Փարիզ, 1929, No 1-2 (284-285), Յունուար-Փետրուար։
2.- Տե՛ս «Դիւան Հ. Յ. Դաշնակցութեան», յաւելուած «Հայրենիք» ամսագրի, խմբ. Ս. Վրացեան, հատ. Ա., Պոսթըն, հրատ. Հ.Յ.Դ. Ամերիկայի Կեդրոնական կոմիտէի, 1934, հատ. Բ., 1938։
3.- Տե՛ս «Ռոստոմ», մահուան վաթսունամեակին առթիւ, խմբ. Հ. Տասնապետեան, Պէյրութ, հրատ. Հ. Յ. Դաշնակցութեան, Համազգայինի Վահէ Սէթեան տպ., 1979։
4.- Տե՛ս Ռոստոմ, «Նամականի», մահուան ութսունամեակին առթիւ, խմբ. Հ. Տասնապետեան, Պէյրութ, հրատ. Հ. Յ. Դաշնակցութեան, Համազգայինի Վահէ Սէթեան տպ., 1999։
5.- Տե՛ս «Ինչպէ՞ս կանխուեց արեւելահայութեան բնաջնջումը 1905-1906 թթ.», Ռոստոմի ծածկագիր նամակ-հրահանգները, «Վէմ» հանդէս, Երեւան, 2009, թիւ 2 (27), էջ 125-143։
6.- Տե՛ս «Ռոստոմի նամակ-հրահանգների սեւագրութիւնները», մահուան 100-ամեակի առթիւ, «Վէմ» հանդէս, Երեւան, 2019, թիւ 1 (65), էջ 297-352։
7.- Տե՛ս 1897-ի Մարտի 24-ին Արշակ Վռամեանին Ռոստոմի ուղարկած ընդարձակ նամակի յետ գրութեանը (Յ. Գ.), էջ 110։
8.- Այս պատմաշրջանում Ռուսաստանի «հարաւային մայրաքաղաքի» համարում ունեցող Օդեսայում են պահւում արտասահմանում գործող յեղափոխական կազմակերպութիւններին հետեւող ցարական Պահնորդական բաժանմունքի համապատասխան բաժնի արխիւները, որոնց հարուստ բովանդակութիւնը մինչ օրս անհասանելի է Հ.Յ.Դ. պատմութեան հետազօտողներին։
9.- Տե՛ս ներկայ ժողովածուի 665-րդ էջը։
 
ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ
ՀԱՏՈՐԻ ԿԱԶՄՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ
 
Պէյրութի մէջ 1999 թուականին, Հրաչ Տասնապետեանի խնամոտ ջանքերով լոյս տեսաւ Հ. Յ. Դաշնակցութեան հիմնադիրներէն Ռոստոմի (Ստեփան Զօրեան) Նամականին։ Ռոստոմի մահուան 80-ամեակին առթիւ պատրաստուած եւ 670 էջերէ բաղկացած այդ հատորը կը բովանդակէ 478 փոքր ու մեծ նամակներ։ Խմբագրական յառաջաբանով հանգուցեալ ընկերը հարկ տեսած էր արձանագրել, որ Պոսթընի Հ.Յ.Դ. կեդրոնական արխիւներուն մէջ յետագային կրնան գտնուիլ նոր նամակներ կամ Ռոստոմի գրչին պատկանող ժողովական արձանագրութիւններ։
 
Արդարեւ, տարիներու վրայ երկարող մեր պրպտումներուն իբր արդիւնք կարելի եղաւ երեւան բերել ենթադրուածէն շատ աւելին, այնքան՝ որ անհրաժեշտ նկատուեցաւ խմբագրել եւ հրատարակութեան պատրաստել Ռոստոմի անտիպ նամակները պարփակող ներկայ ծաւալուն հատորը։ Նախընտրելի պիտի ըլլար, անշուշտ, երկու հատորներու նիւթերը միաձուլել մէկ ամբողջութեան մէջ, յարգելով բնականաբար անոնց ժամանակագրական կարգը, որպէսզի մութ մնացած շարք մը հարցեր գտնէին իրենց տրամաբանական բացատրութիւնը։ Այդ աշխատանքը, առ այժմ, կը թողունք ապագայ ուսումնասիրողին։
Համաձայն իրենց բնոյթին եւ բովանդակութեան, Ռոստոմի նորայայտ նամակները կարելի է բաժնել պայմանական երեք դասակարգումներու.–
 
1) Պոսթընի Հ.Յ.Դ. պահոցներու զանազան թղթածրարներուն մէջ գտնուող փաստաթուղթեր, որոնք կը կրեն իր ստորագրութիւնը, Ռոստոմ կամ պարզապէս Ռ.։ Այս նամակները կը կրեն իրենց արխիւային համապատասխան համարները. օրինակ՝ 882-6, 107-180, 101-44 եւայլն։
2) Կուսակցական տարբեր մարմիններու անունով, բայց Ռոստոմի ձեռագրով շարադրուած նամակներ։ Ռոստոմ ուր ալ գտնուէր, անկախաբար իր պաշտօնական հանգամանքէն, կը գրէր տեղւոյն մարմնին անունով. այսպէս Ժընեւի մէջ ան կը ստորագրէր Հ.Յ.Դ. Արեւմտեան բիւրօ կամ «Դրօշակ»ի խմբագրութիւն, Թիֆլիսի մէջ՝ Արեւելեան բիւրօ, Կարնոյ մէջ՝ Արեւելեան բիւրոյի Թուրքիոյ հատուած, Պոլսոյ մէջ՝ Արեւմտեան բիւրոյի Թուրքիոյ հատուած։ Մէկ խօսքով, Ռոստոմը ամէն տեղ… Ռոստոմ էր, Դաշնակցութեան բարոյական եւ գործնական վերին հեղինակութիւնը, որ իրաւունք ունէր արտայայտուելու տեղւոյն բարձրագոյն մարմնի անունով։ Այս նամակներու մեծամասնութիւնը քաղած ենք «Պատճէններու մատեան» կոչուող եւ հարիւրաւոր էջեր պարփակող տետրակներէ, որոնց խիստ բարակ էջերուն վրայ դրոշմուած են Ժընեւէն առաքուող նամակներու պատճէնները։ Հ.Յ.Դ. Արեւմտեան բիւրոյի կամ «Դրօշակ»ի խմբագրութեան կողմէ ուղղուած հազարաւոր գրութիւններու շարքին մեծ թիւ կը կազմեն Ռոստոմի ձեռագրով շարադրուածները։ Այդպիսին են No 82, 83, 84, 88 եւ 89 թուահամարները կրող «Պատճէններու մատեանները»*։
3) Առանձնայատուկ կարեւորութիւն ունին այն գրութիւնները, զորս յայտնաբերած ենք «Սեւագրութիւններ» պիտակը կրող մատեաններու մէջ, ուր կը գտնուին, այլոց կարգին, նաեւ բուն Ռոստոմի գրչին պատկանող նամակներ։
 
Սեւագրութեան տետրերը կը բովանդակեն առ հասարակ այն նամակները, որ գաղտնի թանաքով արտագրուելէ ետք պէտք է ղրկուէին Թուրքիոյ եւ Ռուսիոյ մէջ գործող կուսակցական մարմիններու կամ ղեկավար ընկերներու։ Անգոյն մելանով գրելու միջոցը կþօգտագործուէր գաղտնապահութեան նկատումով՝ շրջանցելու համար վերեւ յիշուած երկիրներու մէջ կիրարկուող պետական խիստ գրաքննութիւնը։ Բիւրոներու հրահանգին անսալով, այս կարգի նամակները կարդացուելէ ետք պէտք է փճաց-ւէին։ Այդպէս ալ եղած է. բայց եւ այնպէս Հ.Յ.Դ. պահոցներուն մէջ գոյութիւն ունին, բարեբախտաբար, սեւագրութեան մատեանները, որոնց մէջ պահպանուած են նման հազարաւոր նամակներու բնագիր օրինակները, գրուած Ժընեւ գտնուող պատասխանատու ընկերներու կողմէ։ Անոնց շարքին է Ռոստոմ, որուն ձեռքով շարադրուած են գաղտնի մելանով արտագրելի հարիւրաւոր նամակներ։ Այս վերջինները կը գտնուին No 89ա-1, 89ա-2, 48-3, 52-3 մատեաններուն մէջ։
Յայտնենք որ իւրաքանչիւր նամակի վերեւ նշած ենք փաստաթուղթին թղթածրարի թիւը եւ գրութեան համարակալումը տուեալ թղթածրարին մէջ, ինչպէս նաեւ փաստաթուղթին ծագման վայրն ու հասցէատէրը։ Սեւագրութիւններու եւ Պատճէններու մատեաններու պարագային, նշած ենք համապատասխան տետրերու համարն ու փաստաթուղթին գրաւած էջաթիւերը։ Ընթերցողի դիւրութեան համար, փաստաթուղթերուն աւելցուցած ենք նաեւ հարկ տեսնուած ծանօթագրութիւններ։ Վերոյիշեալ մատեաններուն մէջ յաճախ կը պակսի տարեթիւերու նշումը. այս պարագաին մեր կողմէ իւրաքանչիւր ամսեթուի առաջին նամակին անկիւնաւոր փակագիծերով յիշած ենք նաեւ տարեթիւը։
 
Եւ վերջապէս, կարեւորութեամբ պէտք է նշենք, որ բացի աննշան շտկումներէ՝ բծախնդրութեամբ պահած-պահպանած ենք հեղինակին լեզուական, ուղղագրական եւ այլ առանձնայատկութիւնները։
 
ԵՐՈՒԱՆԴ ՓԱՄՊՈՒՔԵԱՆ
 
*) Հետաքրքրութեան համար արձանագրենք, որ սկզբունքով կուսակցական մարմիններուն եւ անհատ ընկերներուն ուղղուած գրութիւնները, որոշ ժամանակ անց, պէտք է վերադարձուէին Հ.Յ.Դ. Ժընեւի արխիւին։ Իրողութիւնը սակայն, բոլորովին այլ է. «Պատճէններու մատեաններուն» մէջ գոյութիւն ունեցող գրութիւններուն միայն 10-15 տոկոսը հասած է կեդրոնական արխիւ. մնացեալը պէտք է համարուի ընդմիշտ կորսուած, եւ կամ փնտռել զանոնք հայ եւ օտար հասցէատէրերու անձնական արխիւներուն մէջ, եթէ, անշուշտ, գոյութիւն ունին անոնք։ Ուստիեւ ներկայիս Պոսթընի (Ուաթրթաուն) կեդրոնական արխիւներուն մէջ պահպանուած այս «Պատճէններու մատեանները» կը ներկայացնեն ամբողջական մէկ պատկերը Ժընեւէն՝ «Դրօշակ»ի խմբագրութեան, ապա Հ.Յ.Դ. Արեւմտեան բիւրոյի կողմէ առաքուած նամակ-հրահանգներուն։

Leave a Comment

You must be logged in to post a comment.