Պէտք է կողմնորոշուենք՝ մենք այս տարածաշրջանում ուզո՞ւմ ենք ունենալ հայրենիք, թէ՞ ոչ

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութիւնը փետրուարի 23-ին տապալեց ԱԺ արտահերթ նիստը, որը հրաւիրուել էր ԱԺ «Հայաստան» խմբակցութեան նախաձեռնութեամբ «Շուշիի հռչակագրի» վաւերացումը դատապարտելու վերաբերեալ յայտարարութեան նախագիծը քննարկելու:

168 TV-ի «Ռեվիւ» հաղորդաշարի եթերում, խօսելով իշխանական մեծամասնութեան կողմից արտահերթ նիստի տապալման մասին, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթելեանը նշեց.

«Ինչո՞ւ տապալեցին. տապալեցին, որովհետև ասելիք չունեն։ Գային՝ ի՞նչ ասէին. չէ՞ որ կարող էին գալ հիմնաւորել, բայց չմասնակցել քուէարկութեանը, իսկ իրենց չգալով՝ փաստեցին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութիւնը սպասարկում է Ադրբեջանի և Թուրքիայի շահերը»։

Դիտարկմանը՝ բայց չէ՞ որ այս հռչակագիրը ստորագրուել էր 8 ամիս առաջ, հետևապէս՝ ինչպէ՞ս է այդ ընթացքում ընդդիմութիւնն աշխատել հանրութեան հետ, որպէսզի իշխանութեան վրայ այս հարցով գոնէ լինի հանրային մեծ ճնշում, Իշխան Սաղաթելեանն արձագանգեց.

«Իշխանութեան պահուածքը մեզ համար ակնյայտ էր, այո՛, բայց գոնէ 1 տոկոս յոյս ունէիք, որ եթէ մի կրամ անգամ մտածում են հայ ժողովրդի ու Հայաստանի մասին, չեն մերժի, բայց տեսանք, որ և մերժեցին, և իրենց սպասարկող երեսպաշտ կուսակցութիւնների խմբով պաշտպանում են երկիրը պարտութեան տանող այս քաղաքականութիւնը, իսկ ընդդիմութիւնը շարունակում է դրա դէմ պայքարը»: Սաղաթելեանն ընդգծեց՝ ընդդիմութիւնը հանրութեան հետ աշխատում է այն գործիքակազմով, որն ընձեռում է Ազգային ժողովը, ինչը, սակայն, բաւարար չէ։

Հարցին՝ Դուք գո՞հ եք ինքներդ Ձեր աշխատանքից, Սաղաթելեանը պատասխանեց.

«Դժգոհ եմ այնքան ժամանակ, քանի դեռ այս իշխանութիւնն ու երկիրը շարունակական պարտութեան տանող խմբակը մնում է, պաշտօնավարում է, բայց պէտք է ասեմ, որ մեզ տուած քուէն բաւարար չէր դա միանգամից անելու համար, հետևապէս՝ պէտք է շարունակենք աշխատել հանրութեան հետ ու դրան հասնել պայքարով»։

Ճշդող հարցին՝ իսկ չէ՞ք կիսում տեսակէտը, որ ընդդիմութեան սխալներն ու ուշացած արձագանգները պակաս վնաս չեն հասցնում Հայաստանին, Սաղաթելեանը հակադարձեց.

«Համաձայն չեմ։ Ինչպէ՞ս կարելի է ընդդիմութեան՝ թեկուզ սխալները հաւասարեցնել իշխանութեան հասցրած վնասներին։ Ընդդիմութիւնը մէկ հարց պէտք է լուծի, որը մինչև հիմա չի կարողանում լուծել, այն է՝ կազմակերպել ժողովրդի լայն ընդվզում ու հասնել այս իշխանութեան հեռացմանը»:

Նա ընդգծեց՝ աներկբայ է՝ չարիքի իշխանութիւնը պէտք է հեռանայ։

Դիտարկմանը՝ 15 ամիս ընդդիմութիւնն ասում է՝ չարիքի իշխանութիւնը պէտք է հեռանայ, այդ նոյն ընթացքում՝ չի հեռանում, իսկ Ադրբեջանն օղակը Հայաստանի նկատմամբ էլ աւելի է սեղմում, Սաղաթելեանը պատասխանեց։

«Եթէ մինչև այս պահը մենք չենք կարողացել հասնել մեր առջև դրուած նպատակին, դա դեռ չի նշանակում, որ պայքարն աւարտուած է»։

ԱԺ փոխնախագահը հաւելեց՝ այդ պայքարին զուգահեռ՝ բանակն ու Ազգային անվտանգութեան ծառայութիւնը քանդելու և այլ համակարգեր փլուզելու գնով իշխանութիւնը փորձելու է պահել իր իշխանութիւնը։

«Բանակի վերջնականապէս կազմաքանդմանն են նաև գնալու՝ յանուն պաշտօնների պահպանման՝ բոլոր տապալումների մեղքը բարդելով նախկինների վրայ. այդ դէպքում հարց է առաջանում, բա եթէ դուք նախկինից ոչնչով չէք տարբերւում, ընդհակառակը՝ աւելի վատն էք, բա ժողովրդին ինչո՞ւ խաբեցիք, եկաք իշխանութեան. եկաք, որ Արցախը յանձնէ՞ք, թե՞ 4000 տղերքի գլուխն ուտէք»,- ասաց Սաղաթելեանը։

Հարցազրոյցի մանրամասները՝ տեսանիւթում

Leave a Comment

You must be logged in to post a comment.