Պետութեան աչքերն ու ականջները, կամ «թուրքը գնում է միջանցքով»

Յատուկ ծառայութիւնների արդիւնաւէտութիւնից շատ առումներով կախուած է պետութեան անվտանգութիւնը։ Իսկ հարևանների հետ հակամարտութեան մէջ գտնուող երկրում դրանց դերը տասնեակ անգամ աւելանում է։ Այն մասին, թէ ինչպէս են գործերը մեզ մօտ՝ Sputnik Արմենիայի սիւնակագրի յօդուածում։

Յատուկ ծառայութիւնները, ինչպէս յայտնի է, պետութեան «աչքերն ու ականջներն» են։ Ցանկացած պատերազմ, ցանկացած հակամարտութիւն կատալիզատոր է հանդիսանում արդէն եղած գաղտնի կառոյցներն ուժեղացնելու և նորերը ստեղծելու համար։ Իսրայէլի նման ոչ մեծ երկրում, օրինակ, առնուազն երեք այդպիսի ծառայութիւն կայ․ ԱՄԱՆ-ը (ռազմական հետախուզութիւն), «Մոսսադը» (արտաքին հետախուզութիւն), «Շաբակը» (հակահետախուզութիւն և պայքար ահաբեկչութեան դէմ)։ Բայց անգամ լուրջ փորձ կուտակած այդ կազմակերպութիւններն են երբեմն ձախողումներ ունենում։

Ընդամէնը մի քանի օր առաջ Թուրքիայում լրտեսական սկանդալ էր բռնկուել․   Ստամբուլում բռնել էին Իսրայէլի «Մոսսադի» 15 հաւանական գործակալի։

Ձերբակալուածներն արաբներ են, Սիրիայի և Պաղեստինի քաղաքացիներ, բնակւում են Թուրքիայում։ Թուրքական յատուկ ծառայութիւնների վարկածի համաձայն՝ նրանք տեղեկատուութիւն և գաղտնի փաստաթղթեր են փոխանցել ուսանողների մասին, որոնք ապագայում կարող են կարևոր պաշտօններ զբաղեցնել երկրի պաշտպանական արդիւնաբերութեան ոլորտում։

Ձերբակալուածներից մէկի ցուցմունքների համաձայն՝ նա կարծում էր, թէ կատարում է եւրոպական կառոյցների պատուերները, որոնք մտահոգուած են պաղեստինցիների ճակատագրով և զբաղւում են Յորդանան գետի Արևմտեան ափին գտնուող ապօրինի բնակավայրերով, և միայն աւելի ուշ է սկսել կասկածել, որ ինչ-որ բան այն չէ: Բայց պատուիրատուն, որին փոխանցուել են տուեալները, հաւաստիացրել է, որ հետազօտութիւններն իրականացւում են բացառապէս ԵՄ ինստիտուտների համար։

«Մոսսադի» ձախողումը տուեալ դէպքում, իհարկէ, ակնյայտ է։ Թուրքական հակահետախուզութիւնը, անխօս, յաջող է աշխատել. լրտեսական բջիջների բացայայտման գործողութիւնը տևել է մօտ մէկ տարի, իսկ ձերբակալութիւնների ժամանակ ներգրաւուել է յատուկ ծառայութիւնների շուրջ 200 աշխատակից: Այնուամենայնիւ, չի կարելի արժանին չմատուցել նաև իսրայէլցիներին. նրանք երրորդ անձանց միջոցով հաւաքագրում են իրենց իսկ արաբ թշնամիներին և օգտագործում են նրանց հրէական պետութեան կարիքների համար։

Իսկ ինչպէ՞ս են գործերը հայկական պետութեան կարիքների համար հետախուզական տուեալների հաւաքման հարցում։ Մանրամասն տեղեկութիւններ մենք, բնականաբար, չունենք, սակայն Հայաստանի առաջին դէմքերը ժամանակ առ ժամանակ իրենք են հրապարակում խորհելու տեղիք տուող տուեալներ։

Հոկտեմբերի 27-ին ելոյթ ունենալով խորհրդարանում՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանը, խօսելով Արցախում նախապատրաստուող գործողութեան վերաբերեալ տեղեկացուածութեան մասին, յայտարարեց, որ 44-օրեայ պատերազմի սկսուելուց երկու օր առաջ ռադիոհաղորդագրութիւն են որսացել, որը իշխանութիւններին «բաւականին հաւաստի» է թուացել:

Եթէ դա ճիշտ է (իսկ վարչապետի հնչեցրած հակասական տեղեկատուութեան հոսքում շատ դժուար է տարբերակել, թէ որտեղ են արժանահաւատ, իսկ որտեղ՝ ոչ արժանահաւատ տուեալները), ապա պէտք է խոստովանել, որ այդ տեղեկութիւնները մենք շատ ուշ ենք ստացել, հաշուի առնելով, որ Ադրբեջանն ու Թուրքիան մէկ օրում չեն նախապատրաստուել այդ մասշտաբային յարձակմանը։

Բայց անգամ այդ երկու օրը պէտք է բաւական լինէր Արցախի ՊԲ-ն և Հայաստանի Հանրապետութեան ԶՈւ-ն լրիւ մարտական պատրաստուածութեան վիճակի բերելու համար։ Ինչպէս և պէտք է բաւարար լինէր քաղաքացիական հանրութեանը հակառակորդի հնարաւոր յարձակման, ռմբակոծութիւնների և օդից հարուածների մասին տեղեկացնելու համար։

Իսկ գործնականում թէ՛ խաղաղ բնակիչներին, թէ՛ զօրանոցներում գտնուող զինծառայողների մեծ մասին սեպտեմբերի 27-ի առաւօտեան յանկարծակիի բերեց ադրբեջանական զինուժի գրոհը, որը, պարզւում է, այնքան էլ անսպասելի չէր։ Իսկ այստեղ արդէն հարց է առաջանում պետութեան կառավարման արդիւնաւէտութեան, արտակարգ իրավիճակներում օպերատիւ որոշումներ կայացնելու ունակութեան մասին։

Եւ ուրեմն, ի՞նչ է տեղի ունենում մեր գաղտնի ստորաբաժանումների հետ։ Ահա արդէն մի քանի տարի է, ինչ ՀՀ Ազգային անվտանգութեան ծառայութիւնը բաւականին կոշտ քննադատութեան է ենթարկւում, քանի որ անգամ գործից շատ չհասկացաող քաղաքացիներին ապշեցնում է աշխատանքի «մասշտաբը», որը ստիպուած են կատարել մեր «չեկիստները»։

Այո, Արցախում ռազմական գործողութիւնների ընթացքում և դրանցից յետոյ յայտարարուեց մի քանի հայերի ձերբակալման մասին, որոնք լրտեսում էին Ադրբեջանի օգտին։ Սակայն այդ գործերը խեղդւում են կաշառակերութեան և խարդախութիւնների հետ կապուած յանցագործութիւնների բացայայտման մասին տեղեկատուութեան ծովում։ Չափազանց մանր չէ՞ արդեօք մի պետութեան ԱԱԾ-ի համար, որն ինչքան ասես անվտանգային խնդիր ունի։

Գաղտնիք չէ, որ պրոֆեսիոնալ հետախոյզ «աճեցնելու» համար տարիներ և լուրջ ֆինանսներ են ծախսւում։ Իսկ ինչի՞ վրայ ենք մենք ծախսում այդ արժէքաւոր ռեսուրսը։ Կաշառակերներ բռնելո՞ւ․․․

Բարեբախտաբար, Հայաստանի ղեկավարութիւնը վերջապէս գիտակցեց, որ չի կարելի խառնել հետախուզութիւնն ու կոռուպցիայի դէմ պայքարը։ Օգոստոսի վերջին ՀՀ վարչապետը յայտարարեց ԱԱԾ համակարգում խոշոր բարեփոխումների մասին՝ խոստանալով, որ ծառայութիւնը զբաղուելու է հակահետախուզութեամբ՝ լրտեսութեան, պետական դաւաճանութեան դէմ պայքարով։ Բացի այդ, իշխանութիւնները արտաքին հետախուզութեան առանձին ծառայութիւն կը ստեղծեն։ Փաշինեանը վստահեցրեց, որ կառուցուածքային փոփոխութիւնների արդիւնքում ԱԱԾ-ն կ’ուժեղանայ, իսկ կաշառակերներով կը զբաղի Հակակոռուպցիոն կոմիտէն։ Թէ ինչ դուրս կու գայ դրանից՝ կ’ապրենք, կը տեսնենք։

Բացի այդ, Հայաստանի կառավարութիւնը վերջերս որոշել է պահուստային ֆոնդից աւելի քան 204 հազար դոլար յատկացնել ԱԱԾ-ի կարիքների համար։ Որոշումը մասամբ գաղտնի է, բայց մի կէտ յայտնի է. միջոցները, մասնաւորապէս, կ’ ուղղուին ԱԱԾ-ի շէնքային պայմանների բարելաւմանը։

Յարմարաւէտութիւնը, իհարկէ, լաւ բան է, ոչ ոք չի վիճում։ Բայց գուցէ աւելի՞ կարևոր խնդիրներ կան։ Պրոֆեսիոնալ կադրերի պատրաստումը, օրինակ, կամ սփիւռքի հետ ակտիւ աշխատանքը, որը կարող է հսկայական ներդրում ունենալ մեզ անհրաժեշտ տեղեկատուութեան ստացման գործում։ Ուզում եմ յոյս ունենալ, որ ԱԱԾ-ին տրամադրուող միջոցների 20 տոկոս աւելացումը, որը նախատեսւում է 2022թ․-ի բիւջէի նախագծով, կը ծառայի այդ նպատակներին։

Իսկ առայժմ քաղաքական շրջանակներում մանր-մունր գզվռտոցները վկայում են, որ հէնց պետութեան անվտանգութեան մասին մենք ամենաքիչն ենք անհանգստանում։ Արդէն քանի ամիս է՝ պատգամաւորները ոչ մի կերպ չեն կարողանում Արցախում 44-օրեայ պատերազմի հանգամամանքները հետաքննող յանձնաժողով ստեղծել։ Իշխող ուժն ու ընդդիմութիւնը զբաղուած են միմեանց գործընթացի տորպեդաւորման համար մեղադրելով։

Չեն կարողանում նաև ԱԺ Պաշտպանութեան և անվտանգութեան հարցերի մշտական յանձնաժողովի փոխնախագահ ընտրել։ «Հայաստան» դաշինքն արդէն տասներորդ անգամ առաջադրում է պատգամաւոր Արթուր Ղազինեանի թեկնածութիւնը, իսկ «Քաղաքացիական պայամանագիրը» նոյնքան անգամ մերժում է այդ թեկնածութիւնը (այդպիսի յամառութիւնն աւելի լաւ կը լինէր ցուցադրել ոչ թէ ներքին կռւում, այլ հակառակորդի հետ բանակցութիւններում)։

Անհասկանալի է նաև, թԷ ինչով աւարտուեց գործող պատգամաւոր և պաշտպանութեան նախկին նախարար Սէյրան Օհանեանի՝ Սիւնիք գնալու և Փելա սարի մօտ գտնուող դիրքերում կատարուածը տեղում պարզելու նախաձեռնութիւնը։ Ճիշտ է, «Պատիւ ունեմ» դաշինքի պատգամաւոր Տիգրան Աբրահամեանը պնդում է, որ ընդդիմութեան համար առաջնագծի հասանելիութիւնը փակ է, քանի որ «վերևից» հրաման է եկել։ Բայց ուզում եմ հարցնել․ մեր երկիրն այնքան անսահման է, որ դժուա՞ր է հասնել Սիւնիք և ստուգել՝ իսկապէս այդպէս է, թէ ոչ։

Ընդդիմութեան համար ի՞նչ դժուար է օպերատիւ կերպով պատուիրակութիւն հաւաքել և սահմանագիծ մեկնել։ Եթէ թույլ չտան անցնել, այդ ժամանակ էլ հրապարակաւ, յստակ օրինակով յայտարարել, որ իշխանութիւնները թոյլ չեն տալիս խորհրդարանական վերահսկողութիւն իրականացնել։ Մինչդեռ առայժմ ամէն ինչ մնում է կռահումների ու ենթադրութիւնների մակարդակի։

Անվտանգութեան ոլորտում տեղի ունեցող աբսուրդի բարձրագոյն կէտը դարձաւ ԱԺ Պաշտպանութեան և անվտանգութեան հարցերի մշտական յանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարեանի յայտարարութիւնը։ Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխան տարածքից Ադրբեջանի զինուած ուժերի զօրքերի դուրսբերման մասին հարցին «ժողովրդի ծառան» հարցով պատասխանեց․ «Ինչո՞ւ էք շտապում»։

«Մի շտապէք։ Հանգիստ։ Այս գործընթացը յստակութիւն և համբերութիւն է սիրում»,-աւելացրեց նա։

Մենք ոչ միայն ոչ մի տեղ չենք շտապում․ մենք անգործութեան ենք մատնուած։ Անվտանգութեան հարցերում պատգամաւորների «սկզբունքայնութիւն» և անշտապութիւն խաղալը կարող են նոր կորուստների վերածուել։ Եւ այդ ժամանակ, մի քիչ ձևափոխելով դասականի խօսքը (Յուլիան Սեմյոնով, «Գարնան տասնեօթ ակնթարթ»), մենք կարող ենք մի օր այսպիսի զրոյցի ականատեսը դառնալ․

-Թուրքն է անցնում միջանցքով։

-Ո՞ր միջանցքով։

-ՄԵՐ միջանցքով։

 

Կարինէ Կարապետեան

armeniasputnik.am

Leave a Comment

You must be logged in to post a comment.