Շուշիի հռչակագրով սկիզբ է դրւում թուրք-ադրբեջանական միասնական պետութեան ստեղծման ». Սաֆրաստեան

ՀՀ ԳԱԱ արեւելագիտութեան ինստիտուտի գիտական ղեկավարի պաշտօնակատար, ակադեմիկոս Ռուբէն Սաֆրաստեանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Թուրքիայի եւ Ադրբեջանի ռազմավարական համագործակցութեան առանձնայատկութիւններին ու հեռանկարին։

Ռուբէն Սաֆրաստեանի դիտարկմամբ` Թուրքիան անմիջականօրէն ղեկավարեց թուրք-ադրբեջանական ագրեսիան Արցախի դէմ` պատերազմում ներգրաւելով զինտեխնիկայ, վարձկաններ, զգալի աջակցութիւն ցուցաբերեց քաղաքական տարբեր հարթակներում, եւ այդ ամէնը վկայում է այն մասին, որ Թուրքիայի ազդեցութիւնն Ադրբեջանի արտաքին ու ներքին քաղաքականութեան վրայ կտրուկ աճեց։

«Եթէ ուսումնասիրենք Շուշիի հռչակագրի տեքստը, կարող ենք արձանագրել, որ այդ փաստաթղթով ըստ էութեան սկիզբ է դրւում թուրք-ադրբեջանական դաշնային եւ միասնական պետութեան ստեղծման գործընթացին, ինչը նման է Ռուսաստանի եւ Բելառուսի օրինակին։ Դա ունի նաեւ պանթուրքիստական իմաստ»,- նշեց թուրքագէտ ակադեմիկոսը։

Սաֆրաստեանի խօսքով` Շուշիի հռչակագրում կայ յստակ կէտ, ինչը փաստում է պանթուրքիզմի ծրագրի մասին, դրանով Թուրքիան ցոյց է տալիս թուրքալեզու աշխարհին, որ Ադրբեջանի հետ սերտօրէն ինտեգրւում է եւ դա կարող է հետագայում ճանապարհ լինել նաեւ միւս թուրքալեզու երկրների համար։

«Թուրքիան ակտիւօրէն աշխատում է այդ ուղղութեամբ` տարբեր ոլորտներում օգտագործելով իր ներուժը։ Յատկապէս ռազմական ոլորտում թուրքական «Բայրաքթարները» մեծ համբաւ ձեռք բերեցին արցախեան 44-օրեայ պատերազմից յետոյ, հետեւաբար, Թուրքիան ամենուր թուրքալեզու երկրների շրջանում գովաբանում է իր զէնքը` առաջ քաշելով ռազմական ոլորտում համագործակցութեան թեզը»,- նշեց ակադեմիկոսը։

Սաֆրաստեանի գնահատմամբ` նոյն նպատակին է ծառայում համաթուրանական բանակի ստեղծման գաղափարը, որն այժմ դեռ հեռու է իրականութիւն դառնալուց, սակայն եթէ հաշուի առնենք ընթացող ակտիւ բանակցութիւններն ու մի շարք երկրների հետ կնքուած համաձայնագրերը, ապա կարելի է պատկերացնել, որ ապագայում թուրքալեզու երկրների տառազմական համագործակցութիւնը կը դառնայ աւելի սերտ։ Թուրքագէտ ակադեմիկոսը չբացառեց, որ տեսանելի հեռանկարում կարող է ստեղծուել նաեւ թուրքալեզու պետութիւնների քազմաքաղաքական դաշինք։

Նշենք, որ Շուշիում 2021 թուականի յունիսի 15-ին հռչակագիր է ստորագրուել Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Իլհամ Ալիեւի միջեւ։ Փաստաթուղթն Անկարայի եւ Բաքուի համագործակցութեան ընդլայնում է ենթադրում ռազմական եւ ռազմաքաղաքական, ինչպէս նաեւ տնտեսութեան եւ էներգետիկայի ոլորտներում։

Յիշեցնենք, որ Շուշին անցել է ադրբեջանական վերահսկողութեան տակ անցած տարուայ 44-օրեայ արցախեան պատերազմի ժամանակ։ Դրանից յետոյ մարտական գործողութիւնները դադարեցուեցին Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների` 2020թ.-ի նոյեմբերի 9-ին ընդունած եռակողմ յայտարարութեան համաձայն։

Leave a Comment

You must be logged in to post a comment.