Շատ մեծ վտանգի տակ է Արցախի նաև ոչ նիւթական մշակութային ժառանգութիւնը․ Լեռնիկ Յովհաննիսեան

44-օրեայ պատերազմից յետոյ Արցախի Հանրապետութեան՝ Ադրբեջանի կողմից օկուպացուած տարածքներում Ադրբեջանը վերսկսեց իր նախկին մշակութային Ցեղասպանութեան քաղաքականութիւնը, որն ուղղուած է հայ ինքնութեանը պատկանող բոլոր տեսակի նիւթական և ոչ նիւթական մշակութային ժառանգութեան ոչնչացմանը կամ իւրացմանը՝ Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց Արցախի Հանրապետութեան ԿԳՄՍ նախարարի տեղակալ Լեռնիկ Յովհաննիսեանը։

«Սա նոր քաղաքականութիւն չէ, բայց ձևերը փոխուել են․ այսօր, օրինակ, նիւթական մշակութային ժառանգութեան ասպարեզում կատարւում է հայկական յուշարձանների աղուանացման կամ ուղղափառացման քաղաքականութիւն, որը յատկապէս վարւում է Շուշիի Սուրբ Ղազանչեցոց կամ Սուրբ Յովհաննէս Մկրտիչ՝ Կանաչ ժամ եկեղեցիների նկատմամբ՝ դրանք ներկայացնելով որպէս ուղղափառ եկեղեցիներ, որը պակաս վտանգաւոր չէ»,-ասաց Լեռնիկ Յովհաննիսեանը։

Շատ մեծ վտանգի տակ է նաև մեր ոչ նիւթական մշակութային ժառանգութիւնը, փաստեց նա, որի կրողը մարդն է։

«Այսօր Արցախի Հանրապետութեան մօտ 38 հազար քաղաքացիներ զրկուած են իրենց պատմական բնակավայրերում իրենց մշակութային իրաւունքն իրացնելուց, որն արտայայտւում էր աւանդութիւնների, սովորոյթների, ծէսերի այլ տեսքով։ Այսօր վտանգի տակ է Արցախի բարբառի հադրութեան ենթաբարբառը, որովհետև պատմական Դիզակ աշխարհն ամբողջութեամբ գտնւում է թշնամու օկուպացման մէջ և այդ ենթաբարբառին վտանգ է սպառնում․ շատ լաւ կը լինէր, որ այդ մարդիկ վերադառնային իրենց պատմական հայրենիքը և իրենց մշակութային իրաւունքն իրացնէին»,-ասաց Լեռնիկ Յովհաննիսեանը։

Արցախի մշակութային 4 տարածքներից 2-ն օկուպացուած են թշնամու կողմից, փաստեց նա, դա Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գիւղն է իր աւանդական արհեստներով, սովորոյթներով և Շուշի քաղաքը, որը Գիւմրիի հետ Արևելեան Հայաստանի այն քաղաքներից է, որոնք պահպանել են իրենք քաղաքային ճարտարապետութեան կոլորիտը։

Ընդհանուր առմամբ, 4280-ից աւելի յուշարձաններ, 1500 պահպանական գօտիներ են վկայագրուել Արցախում, իսկ Ադրբեջանի կողմից օկուպացուած տարածքներում մնացել են մօտ 2000 յուշարձաններ՝ նաև ոչ քրիստոնէական, իսկ զուտ քրիստոնէական յուշարձաններ՝ 1482-ը։

Այս ամէնի պահպանման խնդիրը բարձաձայնելու ուղղութեամբ քայլեր ձեռնարկւում են՝ վստահեցրեց Լեռնիկ Յովհաննիսեանը։

Մարտի 15-ին Հայաստանի և Արցախի Հանրապետութիւնների Ազգային ժողովների կրթութեան, գիտութեան, մշակոյթի և սպորտի յանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ յստակեցուեցին կրթութեան ռազմավարութեան ծրագրերը, տեղեկատուական տեխնոլոգիաների ոլորտը և մշակութային ժառանգութեան պահանութեան հիմնախնդիրները։ Լեռնիկ Յովհաննիսեանը ներկայացրեց Արցախի Հանրապետութեան մշակութային ժառանգութեան կորուստները և հիմնախնդիրները արդի փուլում։

Նաև այլ հարթակներում քննարկումներից ու հանդիպումներից յետոյ ձեռք են բերուել գործնական քայլերի կոնկրետ պայմանաւորուածութիւններ, ինչը նա յուսադրող է համարում։

Իբրև պայքարի գործիք մտադիր են կիրառելու նաև Եւրոպական խորհրդարանի՝ օրերս ընդունած բանաձևը «Լեռնային Ղարաբաղի հայկական պատմամշակութեան ժառանգութեան ոչնչացման մասին», որում կիրառուած է «արմենոֆոբիա» եզրոյթը և որը դատապարտում է Ադրբեջանի վանդալիզմը։

 

Աննա Բալեան

yerkir.am

Leave a Comment

You must be logged in to post a comment.