Նախկինների ու ներկաների տարբերութեան մասին
1168
0
- Քաղաքական հայերի շրջանում յաճախ հնչող «սրանք ամէն ինչի պատրաստ են՝ յանուն իշխանութեան» փաստարկը դասական տրամաբանութեան տեսանկիւնից ինքնին ոչինչ չի նշանակում։ Դա նոյնն է, թէ ասել՝ «ԱՄՆ-ն/ՌԴ-ն/Ֆրանսիան/Թուրքիան իրենց շահով են առաջնորդւում»։ Իշխանութեան ձգտելը, սեփական շահը հետապնդելը քաղաքական սուբյեկտների բնական վարքն է։ Խնդիրը պէտք է որոնել իշխանութեան նպատակի և շահի տեսակի մէջ։
- Նախկին երկու իշխանութիւնները, որոնց ղեկավարները քաղաքական ծնունդ ու հասունութիւն էին առել Ղարաբաղեան շարժման և պատերազմի միջոցով, իրենց այս կամ այն թերացումով հանդերձ, ազգային էին, քանզի որպէս իրենց իշխանութեան նպատակ ունէին Արցախի հարցում խիստ հայանպաստ կարմիր գծեր։ Եւ Հայաստանի թշնամիները շատ լաւ էին ֆիքսել դա ու ըստ այդմ էին պայքարում նրանց դէմ։
- Աւելին՝ եթէ յիշէք Հայաստանի թշնամիների տեղական գործակալական ցանցի տեքստերը, կը տեսնէք, որ նրանք չէին էլ թաքցնում, թէ ինչու են պայքարում «Սերժի ու Քոչարեանի» դէմ։ Այդ մարդիկ, զինուած «հիմնադիր վիլայէթբաշու» բառապաշարով, ասում էին, որ այդ իշխանութիւնը «պատերազմի կուսակցութիւն» է, որ իր լեգիտիմութիւնը կառուցում է Արցախի ու Արցախի համար պայքարի վրայ, դրա համար իրենք դէմ են։ Միով բանիւ՝ իրենք ցանկանում էին Արցախը նուիրել Ադրբեջանին, դրա համար դէմ էին «Սերժին ու Քոչարեանին»։
- Իսկ այս իշխանութեան հետ կապուած խնդիրն, ինչպէս ասացի, ինքնին այն չէ, որ նրանք ցանկանում են պահել իրենց իշխանութիւնը, այլ որ այդ իշխանութեան նպատակը Հայաստանն սպանելն է՝ զրկելով նրան ազգային ամբիցիաներից, նպատակներից, միակ ռազմավարական դաշնակցից և անվտանգութեան երաշխաւորից և յանձնելով նրան թուրքական եաթաղանի «ողորմածութեանը»։ Սա՛ է խնդիրը։
- Ուստի՝ եթէ նախկին իշխանութիւններն ինչ-որ ենթադրեալ զանցանք էին անում, ապա, այո՛, անկախ արդիւնաւէտութիւնից՝ փիլիսոփայական իմաստով դա արւում էր Արցախի համար։ Եթէ այս իշխանութիւններն են զանցանք կամ նոյնիսկ՝ լաւ բան անում, ապա դա արւում է Հայաստանն սպանելու համար։
- Հէնց այսպիսին պիտի լինի քաղաքական հայերի դիրքորոշումը՝ այս իշխանութիւններին դիտարկել որպէս գոյաբանական և ոչ սոսկ դիրքային կամ մարտավարական թշնամի, ճիշտ ինչպէս երկու տասնամեակ շարունակ իրենք են քաղաքական հայերիս դիտարկել որպէս գոյաբանական թշնամի կամ, ի վերջոյ, ինչպէս թուրքերն են հայերիս դիտարկում որպէս այդպիսին։
Բարի՜ աշխատանքային շաբաթ բոլորիս։
Էդգար Էլբակեան
Քաղաքագէտ