Մուտք Եւ Ելք Արցախեան Կարգաւորման Փակուղուց. Գուցէ Դո՞ւրս Գանք Պատրանքներից

Արա Նռանեան

Արդէն միանշանակ է կարծես թէ բոլորի համար` անկախ նրանից, թէ ով է երկրի ղեկավարը, ինչպիսի ներքին կամ արտաքին քաղաքական միջավայրում ենք գտնւում, արցախեան կարգաւորման ներկայիս վեկտորը մշտապէս տանում է դէպի հանրութեան կողմից չընդունուող տարբերակների իրականացում: Այս իրավիճակը կարող է յանգեցնել երկու շատ վտանգաւոր եզրակացութեան․

– առաջին` առանց հայկական կողմից ըստ էութեան միակողմանի զիջումների լուծումը հնարաւոր չէ,

– երկրորդ` ով էլ գայ իշխանութեան, վերջում ստացւում է «Մատրիտեան սկզբունք»:
Այս տրամադրութիւնները վտանգաւոր են, քանի որ կարող են առաջացնել յուսալքութիւն եւ ցանկութիւն կամ հաշտուել ճնշումների հետ կամ վճռական կտրել այս հանգոյցը:

Սակայն այստեղ շատ աւելի կարեւոր է հասկանալ, թէ ինչպէս մենք յայտնուեցինք այն վիճակում, երբ որոշ օտարերկրեայ պաշտօնեաներ, նոյնիսկ անտեսելով դիւանագիտական էթիկետը, թոյլ են տալիս փաստացի միջամտել մեր ազգային անվտանգութեան հարցերին եւ որն է այն սկզբունքային յենասիւնը, որը կորցնելով յայտնուեցինք այսպիսի, ոչ նախանձելի, վիճակում:

Արցախեան խնդիրը, վերջին 30 տարում, եղել է եւ շարունակում է մնալ հայ ժողովրդի հիմնական քաղաքական օրակարգը: Անկախ երկրի իշխանութիւնից, Արցախը հանդիսանալու է այն փորձաքարը, որի արդիւնաւէտ յաղթահարումը կարող է բեկումնային լինել ողջ քաղաքական համակարգի համար: Պատահական չէ, որ սա ոչ միայն իշխանափոխութեան վրայ ազդող գործօն է, ինչի ականատեսն ենք եղել, այլ նաեւ իշխանութեան համար հանրային վստահութեան պաշար ապահովող հիմնական հարց:

Սակայն առաջին նախագահից մինչեւ ներկայիս իշխանութիւն ընկած ժամանակահատուածում օրակարգի հիմնական հարցը եղել է եւ մնում է Հայաստանի կողմից ինչ-որ զիջումների հարցը, ընդ որում, յաճախ յստակ բարձրաձայնւում է կոնկրէտ շրջանների վերադարձի խնդիրը:

Եւ այստեղ հարց է առաջանում, թէ ինչպէ՞ս ստացուեց, որ անկախ թէ՛ երկրի իշխանութիւնից, թէ՛ հայ ժողովրդի ցանկութիւնից, օրակարգային հարցերը` պտտուելով տարբեր հարցերի շուրջ, վերադառնում են այդ միեւնոյն վտանգաւոր կէտին:

Խնդիրն այն է, որ Արցախեան կարգաւորման այն մոտելը, որը որոշ պատճառներով որդեգրուեց մեր կողմից եւ դարձաւ բանակցութիւնների հիմք, արդէն պարունակում է այդ ականը: Եւ այսօր շատ կարեւոր է հասկանալ այն սխալները, որոյք արուել են կարգաւորման գործընթացում եւ օր առաջ քայլեր ձեռնարկել դրանք շտկելու ուղղութեամբ:
Տասնամեակներ շարունակ բանակցութիւնները գնացել են այդ ուղով, սակայն մենք քայլ առ քայլ պէտք է փորձենք շրջել բանակցային ղեկը` այն տանելով դէպի իրական խնդրի բացայայտում եւ լուծում, որպէսզի ակնկալենք տարիներ անց ունենալ իրական կարգաւորման մեխանիզմ:

Կարգաւորման համար ոչ նպաստաւոր պայմանները ունեն ինչպէս օբիեկտիւ, այնպէս էլ սուբյեկտիւ պատճառներ: Եւ կան երեւոյթներ, որոնց վրայ Հայաստանի հնարաւոր ազդեցութիւնը ուղղակի չէ: Մենք օրէցօր հեռանում ենք հակամարտութեան թէժ տարիներից, ինչը դրսեւորւում է խնդրի աղաւաղուած ընկալմամբ, այլ երկրներում ի յայտ է եկել գործիչների նոր սերունդ, որի համար անցեալը գոյութիւն չունի եւ կայ միայն վերջին տարիների ադրբեջանական քարոզչութիւնը: Ատրպէյճանի նաւթային հզօրութիւնը եւ ակտիւ լոպպիստական աշխատանքը ձեւաւորել են ատրպէյճանամէտ գործիչների բանակ արտերկրում, ինչը չկար 1990-կականների սկզբին: Օտարերկրեայ գործիչները ընդհանրապէս չեն պատկերացնում խնդրի էութիւնը եւ դիտարկում են այն էթնիկ կամ միջպետական կոնֆլիկտների սեփական պարզունակ մոտելների համատեքստում:
Վերը նշուած երեւոյթների վրայ Հայաստանի ազդեցութիւնը ուղղակի չէ, սակայն դա չի նշանակում, որ մեր երկիրը չէր կարող դրանց ուղղութեամբ աշխատել` ակտիւ եւ ճիշտ արտաքին Քաղաքականութեան պարագայում:

Այստեղ անդրադառնանք աւելի շատ այն խնդիրներին, որոնց միջոցով երկրի արտաքին քաղաքականութիւնը կարող է ուղղորդել կարգաւորման կուրսը:

Հայկական դիւանագիտութեան «առանձնայատկութիւնը»

Դիւանագիտութիւնը ունի երկու կողմ: Առաջինը հրապարակայինն է, երբ տեսախցիկների առջեւ փողկապաւոր մարդիկ խօսում են խաղաղութեան, մարդու հիմնարար իրաւունքները յարգելու կամ միջազգային իրաւունքը պաշտելու մասին: Դա տեսախցիկների, լուրերի թողարկումների եւ շարքային քաղաքացիների համար է: Սակայն կայ դիւանագիտութեան երկրորդ կողմը, երբ բաց ու անկեղծ միջավայրում դիւանագէտները ներկայացնում են իրենց իրական նպատակները, քննարկում են հնարաւոր լուծումները, փոխադարձ շահերի գնահատմամբ տալիս են կարգաւորումնէր եւ պայմանաւորւում են, թէ ինչ են անելու ԻՐԱԿԱՆՈՒՄ:
Այն դիւանագիտութիւնը, որը ունի միայն մէկ կողմ և իրական լուծումների փոխարէն հէքիաթներ է պատմում մարդու իրաւունքների, տարածքային ամբողջականութեան կամ ազգերի ինքնորոշման մասին, որևէ աղերս չի կարող ունենալ հակամարտութիւնների լուծումների հետ։

Հետևաբար․ առաջանում է առաջին հարցը՝ արդեօ՞ք Հայաստանը երբևիցէ պարզ ու անկեղծ ներկայացրել է (եթէ իհարկէ գիտի այն) հայ ժողովրդի իրական դիրքորոշումը սեփական ճակատագրի վերաբերեալ՝ այս տարածաշրջանում։ Արդեօ՞ք այն մարդիկ, որոնք այլ երկրներում պրոֆեսիոնալ կարգով զբաղւում են Արցախեան կարգաւորմամբ, երբևիցէ լսել են այն մասին, որ հայ ժողովուրդը ոչ միայն չի ցանկանում որևէ տարածք զիջել, այլ նոյնիսկ համարում է, որ դարեր շարունակ կորցնելով սեփական հայրենիքը և ենթարկուելով ցեղասպանութեան, իրականում երազում է հայրենիքի վերականգնման և աւելի մեծ Հայաստան ունենալու մասին։ Այլ կերպ ասած՝ արդեօ՞ք Հայաստանը գործում է «սեղանի տակ»։ Արդեօ՞ք մենք ասել ենք, թե ինչ ենք իրականում մտածում թուրքերի և ատրպէյճանցիների շրջապատում ապրելու մասին և ինչպես ենք տեսնում մեր երկրի ապագան։

Իրականութիւնն այն է, որ Հայաստանի մօտ, երկու մակարդակներում էլ, նոյն «վերսեղանային» սահմանումներով բանաձևումն է, որին ծանօթ ենք թէկուզ մեր արտաքին գործոց նախարարների կամ եռանախագահների յայտարարութիւնների միջոցով։

Միջազգային իրաւունքի փակուղին և ինքնորոշման ջրափոսը

Տարածքային վէճերը, պատերազմները, հակամարտութիւնները երբեք չեն լուծուել և չեն լուծուելու միջազգային իրաւունքի տեսանկիւնից։ Իրականում մշտապէս տեղի է ունեցել հակառակ գործընթացը՝ որոշակի կոնֆիգուրացիայով խնդրի լուծումը գտնելուց յետոյ, միջազգային փաստաթղթերը յարմարեցուել են գտնուած լուծմանը։ Եւ եթէ որևէ մեկը կարծում է, որ ինչ-որ մի տեղ գրուած է Արցախեան կարգաւորման բանաձևը, ապա առնուազն անկեղծ մոլորութեան մէջ է։ Հետևաբար յստակ պէտք է ընկալենք՝ որքան միջազգային իրաւունքի կէտեր մենք գիտենք ի օգուտ մեզ, այդքան էլ կարող են գտնել ընդդիմախօսները։ Եւ այստեղ ընդհանուր լուծման որևէ բանաձև լինել չի կարող։

Աւելին, Հայաստանը գնալով (իր կարծիքով) միջազգային իրաւունքի տեսանկիւնից, ինքն է իրեն մտցրել փակուղի:
25-30 տարի առաջ բոլորի համար Արցախեան խնդիրը շատ յստակ էր` Խորհրդային Միութեան կողմից կամայական որոշմամբ Լեռնային Ղարաբաղը ներառուել էր Ատրպէյճանի կազմ եւ ԽՍՀՄ ժողովրդավարացման, իսկ այնուհետեւ` փլուզման գործընթացը, թոյլ էին տալիս վերականգնել պատմական արդարութիւնը: Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ատրպէյճանական զինուած ագրեսիան լեգիտիմացրեց զինուած պայքարը եւ հիմնաւորեց Արցախի ինքնապաշտպանութիւնը:

Այսինքն, այն տարիներին Արցախի հարցը ընկալւում էր որպէս 1920-ական թուականների ԽՍՀՄ ծնունդ, իսկ դրա լուծումը` որպէս ԽՍՀՄ փլուզման բնական արդիւնք:

1991 թուականից աստիճանաբար ազգային ազատագրական պայքարի շեշտը դրուեց խնդրի իրաւական կարգաւորման վրայ: Այդ ճանապարհը որդեգրուել էր ոչ միայն Արցախի, այլ նաեւ Հայաստանի պարագայում: Պատահական չէր, որ Հայաստանը այդպէս էլ մնաց միակ խորհրդային հանրապետութիւնը, որը ԽՍՀՄ-ից դուրս եկաւ ԽՍՀՄ օրէնքներով: ԽՍՀՄ օրէնսդրութեան տառին եւ ոգուն համապատասխան անցկացուեց անկախութեան հանրաքուէ եւ հռչակուեց երկրի անկախութիւնը: Նոյն իրաւական ճանապարհը բռնեց Լեռնային Ղարաբաղը, որը նոյնպէս անցկացրեց հանրաքուէ եւ հաստատեց հռչակուած անկախութիւնը:

Նշուած հանրաքուէով մեր բանակցութիւններում դրուեց «ազգերի ինքնորոշում» սահմանման անկիւնաքարը, որի շուրջ կառուցւում է հայկական կողմի ողջ դիւանագիտութիւնը եւ հիմնաւորւում Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան անկախութիւնը: Եւ իրաւական կարգաւորման եզրոյթը, որի հիմքը դրուեց առաջին նախագահի օրօք, իսկ երկրորդ նախագահի կողմից յայտարարուեց իրաւական հարթութեան մէջ հարցը քննարկելու պատրաստակամութեան մասին, ինչը շարունակւում է մինչ օրս, հայ ժողովրդի անվտանգութեան առանցքային հարցը տարաւ եւ մտցրեց «միջազգային իրաւունք»կոչուող ջրափոսը: Այլ կերպ ասած` հայ ազգը իր անվտանգութեան հարցը, այսինքն` ճակատագիրը, վստահեց «միջազգային իրաւունքին»:

Եւ եթէ հէնց այդ իրաւական գործընթացը պէտք է հանդիսանայ ԼՂՀ անկախութեան հիմք, ապա այն տարածքների ներգրաւումը ԼՂՀ կազմ, որտեղ նման հանրաքուէ չի անցկացուել, առնուազն նման հանգամանքով չի կարող հիմնաւորուել:

Անվտանգութեան երաշխիքներ «անվտանգութեան գօտու» դիմաց

Ցանկացած չէզոք միջազգային փորձագէտի մօտ վերը նշուած կոնֆիգուրացիային ծանօթանալու դէպքում առաջանում է բնական հարց․ «արդեօ՞ք սա չի նշանակում, որ անվտանգութեան երաշխիքների դէպքում հանրաքուէով չընդգրկուած տարածքների պահպանումը կարող է գնահատուել որպէս օկուպացիա կամ տարածքային սակարկման առարկայ»:

Այսպիսով Արցախեան խնդրի սկզբնակէտը` 1991 թուականի ինքնորոշման հանրաքուէն եւ դրանից բխող ինքնորոշման իրաւունքի իրացումը, թելադրում են խնդրի բանակցային սեղանի պարունակութիւնը: Հէնց այս ամէնն է պատճառը, որ տարբեր եռանախագահներ կամ արտգործնախարարներ այդպէս էլ չեն ըմբռնում Հայաստանի յամառութիւնը իր իսկ կողմից ներկայացուած լուծման կոնցեպցիայի գործադրմանը հակազդելու հարցում: Կարծես թէ Հայաստանն է պնդում ինքնորոշման մասին, սակայն փաստացի վարում է բոլորովին այլ` նրանց տեսակէտից անհասկանալի քաղաքականութիւն, ինչն էլ ակամայից ձեւաւորում է ճնշումների համար համապատասխան մթնոլորտ:

– եթէ հայ ժողովուրդը կամ փորձագիտական հանրութիւնը մինչ օրս չի ըմբռնել տարբեր օտարերկրացիների կոչերը Հայաստանին, որը նրանք յաճախ ներկայացնում են իբր հայանպաստ, ապա պէտք է հասկանան, որ դրա պատճառը մեր իսկ որդեգրած եւ տարածաշրջանային խնդիրների ու Հայաստանի անվտանգութեան հետ որեւէ կապ չունեցող ռազմավարութեան որդեգրումն է:

Արցախեան Սահմանադրութեան բլեֆը
Ցանկացած երկրի համար Սահմանադրութիւնը` հիմնարար օրէնք է: Սակայն Սահմանադրութիւնը` ներքին գործիք է եւ այնտեղ նշուած որեւէ դրոյթ չի կարող հիմք հանդիսանալ օտար պետութիւնների համար: Հայաստանի կամ Արցախի Սահմանադրութեան դրոյթները այնքանով են արժէքաւոր ատրպէյճանցիների, թուրքերի կամ այլ օտարերկրացիների համար, որքան մեզ համար Թուրքիոյ կամ Ատրպէյճանի կողմից իրենց Սահմանադրութիւններում ամրագրուած տարածքային ամբողջականութիւնը: Հետեւաբար ցանկացած սթափ գործիչ պէտք է ընկալի, որ Արցախի Հանրապետութեան Սահմանադրութիւնը չի կարող որեւէ զսպող դեր ունենալ օտարերկրացիների համար: Իսկ եթէ մենք որպէս մեզ համար որդեգրուած սկզբունք ուզում ենք Սահմանադրութիւնը վկայակոչելով հիմնաւորել Արցախի տարածքային ամբողջականութիւնը, ապա առնուազն պէտք է այն ընթերցենք: Արցախի Հանրապետութեան իրաւազօրութեան սահմանների մասին 175-րդ յօդուածը ասում է հետեւեալը.
«մինչեւ Արցախի Հանրապետութեան տարածքային ամբողջականութեան վերականգնումը եւ սահմանների ճշգրտումը հանրային իշխանութիւնը իրականացւում է այն տարածքում, որը փաստացի գտնւում է Արցախի Հանրապետութեան իրաւազօրութեան ներքոյ»:

Սոյն յօդուածը արձանագրում է հետեւեալ երեք դրոյթները`

– Տարածքային ամբողջականութիւնը վերականգնուած չէ,
– Սահմանները վերջնական չեն եւ պէտք է ճշգրտուեն,
– Արցախի Հանրապետութիւնը հանրային իշխանութիւն է իրականացնում ՓԱՍՏԱՑԻ իրաւազօրութեան տարածքում:

Այսինքն, վերականգնուող տարածքային ամբողջականութիւնը կարող է վերաբերել ԼՂԻՄ վարչական տարածքին եւ 1991 թուականի հանրաքուէի տարածքին, քանի որ այլ իրաւական հիմքի յղում պարզապէս ներկայացուած չէ, իսկ երկրի տարածքները ենթակայ են ճշգրտման, այսինքն` փոփոխութեան: Իսկ «փաստացի իրաւազօրութեան տարածքէ հասկացութիւնը պարզապէս արձանագրում է Արցախի Հանրապետութեան պատասխանատուութիւնը իր տիրապետման տարածքների նկատմամբ: Սոյն յօդուածի որեւէ մեկնաբանութիւն չի կարող մեկնաբանուել որպէս յստակ ընդգծուած դիրքորոշում ազատագրուած տարածքների նկատմամբ:

Հետեւաբար`

– Ներքին լսարանի համար սոյն յօդուածի մատնանշումը չի կարող իմունիտետ ապահովել ոչ հայանպաստ դիրքորոշման համար,
– Սահմանադրութիւնը (յատկապէս չճանաչուած պետութեան կողմից ընդունուած) որեւէ կերպ չի կարող կաշկանդել միջազգային միջնորդներին, առաւել եւս, երբ չի բացառում սահմանների ճշգրտումը:

Բանակցող կողմերի առասպելը

Միւս առասպելը, որից հարկաւոր է աստիճանաբար ազատուել, վերաբերում է այն հարցին, թէ որտեղ է աւարտւում Հ․Հ․ իշխանութեան մասնակցութեան սահմանը եւ սկսւում Արցախի իշխանութեան իրաւասութիւնը բանակցութիւնների սեղանին:
Սոյն հարցի վերաբերեալ բոլոր տեսակի ձեւակերպումները ընդամէնը դիւանագէտների ՎԵՐՍԵՂԱՆԱՅԻՆ հրապարակային դրսեւորման հարցեր են: Եւ դրանց այս կամ այն ձեւակերպումը երբեք չի կարող հանդիսանալ կարգաւորման առանցքային բանալի:

Հայաստանի Հանրապետութիւնը հանդիսանում է Արցախի Հանրապետութեան ռազմական, քաղաքական, տնտեսական, ֆինանսական եւ բոլոր այլ տեսակների միակ յենարանը: Այս իրականութիւնը յստակ գիտակցւում է բոլորի կողմից, բացի Հայաստանից: Արցախի Հանրապետութիւնը չի կարող միայնակ դիմակայել Ատրպէյճանին եւ ցանկացած հարցի քննարկում այն մասին, թէ ինչով պէտք է զբաղուեն Հ․Հ․ իշխանութիւնները եւ ինչով Արցախի ղեկավարութիւնը, պարզապէս յօրինուած եւ կեղծ օրակարգեր են:

Աւելին, Հայաստան-սփիւռք-Արցախ միասնական դիրքորոշումը շատ աւելի կշռադատուած եւ հզօր բանակցային գործօն է ընդդէմ թուրք-ատրպէյճանական տանդեմի, քան «արցախցին է որոշում իր ճակատագիրը» եւ նմանատիպ այլ որեւէ քննադատութեան չդիմացող թեզեր:

Արդեօ՞ք հասկանում են հարցը միջազգային գործընկերները

Արցախեան կարգաւորման կարեւորագոյն հարցերից է օտարերկրեայ գործիչների կողմից խնդրի ընկալումը: Ամենայն պատասխանատուութեամբ կարելի է յայտարարել, որ մեր գործընկերները չեն ընկալում խնդրի խորքային էութիւնը, որի պատճառներից է այն, որ Հայաստանն ու հայ ժողովուրդը իրենք են հեռացել հարցի էութիւնից` այն աւելի ու աւելի թաքցնելով բոլորից:

Սա պարզ տարածքային վէճ չէ, առաւել եւս` սա ինչ-որ ազգային փոքրամասնութեան ինքնորոշման խնդիր չէ:
Խնդիրը տարածաշրջանում հայ եւ թուրք էթնոսների խաղաղ համակեցութեան բանաձեւի բացակայութիւնն է:

Զուտ ինտուիտիւ եւ գենետիկ մակարդակով այս ամէնի ընկալումը կայ հայերի եւ թուրքերի մէջ: Դա հասկանում են նաեւ Իրանում: Այլ ազգերի ներկայացուցիչների համար իրական խնդիրը հասկանալի չէ, իսկ տեղեկացուածութեան մակարդակը շատ ցածր: Սակայն յատկանշական է, որ Թուրքիայում հարցը ընկալւում է նաեւ քաղաքական վերնախաւի կողմից, ինչը դժուար է ասել Հայաստանի պարագայում: Թուրքիան արդէն 26 տարի է հայ-թրքական յարաբերութիւնների կարգաւորումը եւ սահմանի բացումը պայմանաւորում է Արցախեան հարցով, այնինչ հայ քաղաքական եւ հասարակական միտքը սեփական օրակարգը առաջարկելու փոխարէն ընդունում է դէմքի բացարձակ պարզունակ արտայայտութիւն:

Խնդրի խորքային սխալ ընկալումը վերաբերում է նաեւ այնպիսի օտարերկրեայ արհեստավարժ կառոյցներին, ինչպիսիք են այլ երկրների արտաքին գերատեսչութիւնները, այդ երկրների ղեկավարները, դիւանագէտները եւ այլն: Այսինքն, նրանք Արցախեան խնդիրը տեսնում են ոչ թէ այնպէս, ինչպէս այն իրականում առկայ է հայերի եւ թուրքերի մօտ, այլ այնպէս, ինչպէս այն տեղաւորւում է սեփական պատկերացումներում:

Երրորդ կողմի երկրների մօտ առկայ է խնդրի սեփական ընկալումը, որը որեւէ կապ չունի տարածաշրջանում խորքային արմատներ ունեցող հիմնահարցի հետ:

Ռուսաստանի Դաշնութեան համար դա նախկին խորհրդային հանրապետութիւնների զուտ ազգամիջեան հակամարտութիւն է, որը իրեն հետաքրքրում է այնքանով, որքանով կարող է ազդել իր տարածաշրջանային դիրքերի վրայ:

Ամերիկայի Միացեալ Նահանգները ընդհանրապէս նայում են Արցախի հարցին ողջ տարածաշրջանի նոր վերադասաւորումների, ինչպէս նաեւ Ռուսիոյ եւ Իրանի դերի զսպման տեսանկիւնից: Ընդ որում այդ բոլոր սցենարներում Հայաստանին վիճակուած չի վճռական դեր, քանի որ Հայաստանը երբեք նման յաւակնութիւններ չի դրսեւորել:

Եւրոպական միութեան համար ազգամիջեան երկարատեւ բախումները սահմանափակւում են Ֆրանսայի եւ Գերմանիոյ միջեւ դարաւոր հակամարտութեան հետ զուգահեռներով եւ կարգաւորման այդ մոտելի արդիւնաւէտ իրագործման ներկայացմամբ:
Աւելորդ է ասել, որ Արցախի հարցը որեւէ աղերս չունի պարզ տարածքային վէճի կամ ինչ-որ տարածքի բնակչութեան ինքնորոշման հետ:
Արցախի հարցը տարածաշրջանային ամենակարեւոր առանցքային հարցի փոքրիկ դրսեւորումն է: Այդ հարցը, ինչպէս արդէն նշեցինք, երկու` հայ եւ թուրք էթնոսների համակեցութեան հարցն է:

Երբեք Ֆրանսան կամ Գերմանիան պատերազմի ժամանակ չեն դրել խնդիր իրականացնել միւս ազգի տոտալ բնաջնջումը: Պատերազմները եղել են տարածքի, տնտեսական շահերի, Եւրոպայում հեգեմոնիայի համար եւ այլն:

Մեր տարածաշրջանում առանցքային հարցը հայ ժողովրդի իրաւունքի հարցն է` ապրել սեփական հայրենիքում: Եթէ խնդիրը լինէր պարզ տարածքային, ապա թէ Ատրպէյճանը, եւ թէ Հայաստանը վաղուց գտել էին համապատասխան լուծումը:

Այստեղ կայ քօղարկուած հիմնախնդիր, որի մասին չի մատնանշում Հայաստանը, իսկ Ատրպէյճանի` Երեւանը գրաւելու անկեղծօրէն հռչակուած քաղաքականութիւնը միամտօրէն վերագրւում է ներքին ռազմատենչ հռետորաբանութեանը:

Խօսքը հետեւեալի մասին`

– Լեռնային Ղարաբաղի հարցում ցանկացած զիջում Հայաստանի կողմից չի ապահովելու խաղաղ կարգաւորում: Հակառակը` թուրք էթնոսը շարունակելու է Հայաստանը խեղդելու քաղաքականութիւնը մինչեւ հայկական պետականութեան վերացումը:
– Ատրպէյճանի կողմից ցանկացած զիջում նշանակում է Հայաստանի վերելք եւ պոտենցիալ վտանգ Ցեղասպանութեան ճանաչման, հետեւանքների վերացման եւ հատուցման համար: Եւ հէնց այդ վտանգն է դրդում Թուրքիոյ մշտապէս տաք պահել սոյն հակամարտութիւնը կամ լուծելու պարագայում առաւելագոյնս ստորացնել Հայաստանի Հանրապետութիւնը:

Հակամարտութեան էութիւնը ոչ միայն չի գիտակցւում միջազգային գործընկերների կողմից, այլ նոյնիսկ ընկալւում որպէս հայերի եւ թուրքերի կողմից չափազանցուած պատմական բարդոյթ:

Առանց սոյն իրավիճակի խորքային եւ իրական ընկալման ոչ ռուսները, ոչ ամերիկացիները, ոչ էլ եւրոպացիները չեն գտնի այն բանաձեւը, որը կը բերի խաղաղ կարգաւորման:

Ո՞րն է հայ ազգի բանաձեւը

Սակայն ամենակարեւորը` որ իրավիճակի ճիշտ գնահատականը տայ հայ ժողովուրդը, չվախենալով այն բարձրաձայնել: Այն է`

– հայ ժողովուրդը չի կարող իրեն ապահով զգալ, քանի գոյութիւն ունի թուրք-ատրպէյճական տանդեմ ընդդէմ Հայաստանի, որը մշտապէս սպառնալիք է լինելու հայ ազգի անվտանգութեան համար,
– հայ ժողովուրդը չի կարող Արցախեան հարցը լուծուած համարել, քանի արեւելքում գոյութիւն ունի ռազմատենչ, ֆաշիստական ռեժիմով, ատելութիւն սերմանող փոքրիկ կայսրութիւն, որը ենթակայ է ամբողջական կազմաքանդման,
– հայ ժողովրդի եւ թուրք ժողովրդի միջեւ չեն կարող անկեղծ բարիդրացիական յարաբերութիւններ հաստատուել, քանի դեռ Թուրքիոյ կողմից չի ճանաչուել Հայոց Ցեղասպանութիւնը, չեն վերացուել դրա հետեւանքները, իսկ Թուրքիան չի հատուցել հայ ժողովորդի կրած կորուստները,
– պարզ բարեկեցութիւնը, կենսամակարդակի աճը ոչ միայն չեն ապահովելու խաղաղութիւն, այլ նոյնիսկ աւելի են մոտիվացնելու յարաբերութիւնների սրումը, տարածաշրջանի ռազմականացումը եւ նոյնիսկ` խթանելու պատերազմը,
– ցանկացած հայ, որն այսօր ձգտում է պաշտօնի, փողի, հարստութեան, կուտակում է տնտեսական եւ ֆինանսական հզօրութիւն, պէտք է յստակ գիտակցի, որ առանց ազգային անվտանգութեան խնդրի լուծման իր, իր զաւակների, թոռների, ծոռների ֆիզիքական անվտանգութիւնը երաշխաւորուած չէ, իսկ կուտակած հարստութեանը տիրանալու են օտարները:
Ժամանակն է թէ մենք` հայերս ճշգրտենք մեր ազգային քաղաքականութիւնը, թէ այդ քաղաքականութիւնը իրագործելու յստակ յայտ ներկայացնենք աշխարհին եւ մեր միջազգային գործընկերներին:

Իսկ եթէ չէք պատկերացնում, թէ ինչ է լինում, երբ ազգային անվտանգութեան հարցերով զբաղուելու փոխարէն տարւում ենք փառամոլութեամբ կամ տարւում հարստութիւն կուտակելով, ապա այցելէք Կոստանդնուպոլիս կամ Պաքու (եթէ, իհարկէ, կարող էք) եւ տեսէք, թէ ովքեր են ապրում հայերի կառուցած քաղաքներում:

Յ․Գ․- Մի ժամանակ գոյութիւն ունէր հռչակուած հզօր բանաձեւ` Արցախեան հարցը Հայ Դատի բաղկացուցիչ մասն է: Ի՞նչ պատահեց, որ մենք այն մոռացանք:

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.