Մերժելով Շուշիի հռչակագրի դատապարտումը՝ ՔՊ-ն ընտրեց թրքացման ուղին. Իշխան Սաղաթելեան

Օկուպացուած Շուշիում 2021թ. յունիսի 15-ին Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները ստորագրել են հռչակագիր, որը լրջագոյն սպառնալիքներ և մարտահրաւէրներ է առաջացնում ՀՀ տարածքային ամբողջականութեան ապահովման, Արցախի ինքնորոշման իրաւունքի իրացման, Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման հարցերում: Վերջերս այս հռչակագիրը նաև վաւերացվեց Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանների կողմից:

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութիւնը հանդէս էր եկել նախաձեռնութեամբ և շրջանառութեան մէջ էր դրել յայտարարութեան տեքստ, որով ՀՀ խորհրդարանը՝ որպէս առաջնային մանդատ կրող պետական կառոյց, պէտք է իր գնահատականը տար հռչակագրի վաւերացմանը՝ այդպիսով ընդգծելով, որ Շուշիի հռչակագիրը՝ իր սադրիչ և ապակառուցողական բնոյթով, անընդունելի է ՀՀ-ի համար:

Ինչպէս ենթադրւում էր՝ այսօր ԱԺ Արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովում իշխող ուժը մերժեց Շուշիի հռչակագրի վաւերացումը դատապարտող յայտարարութեան նախագիծը:

Մերժելով յայտարարութեան ընդունումը՝ ՔՊ-ն վերահաստատեց` թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը սպասարկելու իր յանձնառութիւնը և մէկ անգամ ևս փաստեց, որ իրենք ընտրել են թրքացման ճանապարհը:

Խաղաղութիւն հաստատելու անուան տակ օրուայ իշխանութիւնները հայ ժողովրդին տանում են նոր զիջումների, նոր կորուստների և նոր պատերազմի:

Իշխան Սաղաթելեան
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ ԱԺ փոխնախագահ

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.