Մեղրիով Թուրքիայի՝ Կեդրոնական Ասիա դուրս գալը մեր շահերին ոչնչով չի հակասում. Փաշինեանի՝ ևս մի հակապետական յօդուածի մասին

Արևելագէտ Վարուժան Գեղամեանը գրում է.
«20 ՏԱՐՈՒԱՅ ԻՐԱԿԱՆ ՎՆԱՍԻ ՄԱՍԻՆ
Սրանից ճիշտ 20 տարի առաջ՝ 2001թ. մայիսի 23-ին Հայաստանում տպագրուող թերթերից մէկում լոյս տեսաւ «Մենք ու մեր շահերը» վերնագրով մի յօդուած, որն անդրադառնում էր Սիւնիքով թուրքական միջանցքի խնդրին։
Այդ յօդուածում հեղինակը պնդում էր, որ «…Զաւեշտն այն է, որ [Մեղրիով] Թուրքիայի Կենտրոնական Ասիա դուրս գալը մեր շահերին ոչնչով չի հակասում, այլ կրկնենք, հակասում է Ռուսաստանի ու Չինաստանի շահերին»: Փաստացի, հեղինակը պնդում էր, որ Թուրքիայի 100-ամեայ ցանկութիւնը՝ Սիւնիքով միջանցք ունենալու Հայաստանի շահերին չի վնասում։
Այնուհետև հեղինակը շարունակում է. «Այն, որ Մեղրին պէտք է թուրքերին ու ԱՄՆ-ին, ուղղակի հոյակապ է… Հայաստանի դիրքորոշումը այս հարցում մէկը պէտք է լինի. եթէ Թուրքիան կամ Ադրբեջանը ուզում են հաղորդակցուել Մեղրիով, թող հաղորդակցուեն. թող օգտագործեն մեր տարածքը, թող օգտագործեն մեր երկաթուղին ու վճարեն դրա համար, ինչպէս ընդունուած է աշխարհում:» Ըստ հեղինակի՝ ոչ մի ռազմաքաղաքական խնդիր չկայ, որ Թուրքիան և Ադրբեջանը միջանցք ունենան Սիւնիքով՝ դրանից բխող իրական վտանգներով։ Ըստ էութեան՝ որոշակի գումար աշխատելու կարճատև մի հնարաւորութիւնը գերադասւում է Սիւնիքի սողացող թուրքացմանը, որին ընդդիմացել են Հայաստանի առաջին Հանրապետութեան, Խորհրդային Հայաստանի և անկախ Հայաստանի բոլոր ղեկավարները։
Որպէս արևելագէտ արձանագրեմ, որ 20 տարի առաջ գրուած այս յօդուածը մեր տարածաշրջանի իրական աշխարհաքաղաքականութիւնը չիմացող և կարճատես ու մակերեսային դատողութիւններ ունեցող մարդու կողմից է գրուած, որը չի հասկանում, թէ որքան կարևոր է Սիւնիքով միջանցքը Թուրքիայի համար (և ոչ ԱՄՆ), որքան վտանգաւոր Հայաստանի համար և թէ իրականում ինչպէս են դրան վերաբերում տարածաշրջանի այլ պետութիւններ՝ Իրանից մինչև վրաստան։
20 տարի առաջ գրուած այս յօդուածի հեղինակը Նիկոլ Փաշինեանն է։ Ուստի որևէ զարմանալու բան չկայ, որ այսօր ՀՀ օկուպացիոն ռեժիմն այդ կապիտուլեանտի գլխաւորութեամբ իրականացնում է Հայաստանի թուրքացում՝ միջանցք տրամադրելով Թուրքիային և Ադրբեջանին ու մեր պետութեանը դատապարտելով վերջնական մահուան։
Եւ չնայած հայազգի թուրքամէտների կողմից փորձ է արւում ստել մեզ՝ պնդելով, որ թուրքերին տրամադրուելիք ճանապարհը միջանցք չէ, սակայն այդպիսի հնարքը էժան մանիպուլիացիա է, քանի որ եթէ Հայաստանի սուվերեն տարածքով անցնելու է ճանապարհ, որը ունենալու է յատուկ կարգավիճակ (ըստ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն յայտարարութեան), ապա դա ոչ այլ ինչ է, քան միջանցք (միջանցքի անունը չեն դնում «միջանցք», այն կարելի է կոչել ցանկացած բառով, բայց դրանից չի փոխւում էութիւնը)։
Այ հենց էսպիսի յօդուածներով են դաւաճանները թուլացրել հայկական պետութեան գաղափարը և նպաստել թուրք-ադրբեջանական տեղեկատուական պայքարի տարածմանը մեզանում աւելի քան 20 տարի։
Եւ եթէ այսօր առկայ պայմաններով միջանցքը տրամադրուի թուրքերին, ապա Հայաստանի պետութեան վերականգնումը կը դառնայ բազմապատիկ անգամ աւելի բարդ»։

Leave a Comment

You must be logged in to post a comment.