ՀՕՄ-ի Գանատայի շրջանի նախաձեռնութեամբ Արցախի սահմանամերձ գիւղերի 1200 երեխաներ ամանորեայ նուէրներ ստացան

«Ապառաժ». – Դեկտեմբերի 20-24-ը Հայ օգնութեան միութեան Գանատայի շրջանային վարչութեան հովանաւորությամբ թշնամու անմիջական նշանառութեան տակ գտնուող 19 գիւղերի երեխաներ ստացել են ամանորեայ նուէրներ, իսկ նրանց ընտանիքները՝ դրամական օժանդակութիւն:

Հայ օգնութեան միութեան Գանատայի Շրջանային վարչութեան ատենապետուհի Անի Օհանեանը, վարչութեան անդամ Սիւզի Պոյամեանն անձամբ են ներկայ գտնուել նուէրների յանձնմանը: Ծրագրի կազմակերպական հարցերը լուծուել են Հայ օգնութեան միութեան Արցախի միաւորի միջոցով:

ՀՕՄ-ի Արցախի միաւորի ատենապետուհի Լիլիթ Մարտիրոսեանը նշել է, որ ծրագիրն իրականացուել է Արցախի հսկողութեան տակ մնացած բոլոր շրջաններում: Մարտակերտի շրջանի Կիչան, Ճանկաթաղ, Վարդաձոր, Վարնկաթաղ, Մաղավուզ, Ասկերանի շրջանի Նախիջևանիկ, Սառնաղբիւր, Խրամորթ, Մարտունու շրջանի Մաճկալաշէն, Թաղավարդ-Կալեր, Կարմիր Շուկայ, Նորշէն, Ավդուռ, Միւրիշէն, Հացի և Շուշիի շրջանի Լիսագոր, Եղծահող, Հին շէն, Մեծ շէն գիւղերի 972 աշակերտներ և մանկապարտէզների սաներ ստացել են նուէրներ: «Իւրաքանչիւր տարիքային խմբի և սեռի համար տարբեր նուէրներ ենք նախատեսել»,- նշել է Լ. Մարտիրոսեանը՝ աւելացնելով, որ ծրագրում են մի քանի գիւղ ևս ընդգրկել: Այդ դէպքում ամանորեայ նուէրներ ստացող երեխաների թիւը կը հասնի 1200-ի՝ ընդգրկելով Շոշ, Մխիթարաշէն և Հարաւ գիւղերը: ՀՕՄ-ի Արցախի միաւորի ատենապետուհին շնորհակալութիւն է յայտնել Արցախի Կրթութեան նախարարութեանը՝ համագործակցութեան և փոխադրական հարցերում աջակցելու համար:

ՀՕՄ-ի Գանատայի շրջանային վարչութեան ատենապետուհի Անի Օհանեանն «Ապառաժ»-ի հետ զրոյցում տեղեկացրել է, որ Արցախի մանուկների ամանորեայ նուէրների գաղափարն առաջացել է նախորդ տարի՝ պատերազմի օրերին:

«Հայ օգնութեան միութեան Գանատայի շրջանը մտածեց որևէ ձևով օգտակար լինել տեղահանուածներին, Արցախի ժողովրդին: Մենք մասնակցել ենք տեղահանուածներին դրամական աջակցութեան տրամադրմանը: Իսկ երիտասարդները ցանկութիւն յայտնեցին ժպիտ պարգևել Արցախի մանուկներին: Մտածեցին երեխաներին խաղալիքներ տալ ու ծնողներին էլ՝ որոշ գումար՝ Ամանորի առիթով որևէ բան գնելու համար»,- նշել է Անի Օհանեանը:

Առցանց հանգանակութիւն արեցին և հաւաքեցին մօտ 1500 երեխայի համար նախատեսուած գումար: Անցեալ տարուայ նոյեմբերի վերջին արդէն հանգանակութիւնն աւարտուել էր, կորոնավիրուսային համավարակի և պատերազմի պատճառով միայն 270 նուէրներ բաժանուեցին Երևանում և սահմանամերձ շրջաններում բնակութիւն հաստատած տեղահանուած ընտանիքների երեխաներին։

Երկրորդ փուլը սկսուեց 2021թ. դեկտեմբեր 12-16-ին, երբ Անի Օհանեանը և Սիւզի Պոյամեանը Հայաստան մեկնեցին և Նոր տարուայ առթիւ նուէրներ բաժանեցին Շէնգաւիթի ու մերձակայ արուարձաններում հաստատուած 100 ընտանիքների երեխաներին։ Այնուհետև նուէրներ ստացան Եղեգնաձորում և Սիսիանում հաստատուած 100 ընտանիքների երեխաներ։

Ծրագրի վերջին փուլը Արցախում իրագործուեց:

Անի Օհանեանը 5-րդ անգամ է այցելում Արցախ, բայց հասցրել էր լինել միայն Հադրութում, Շուշիում ու Ստեփանակերտում: Նրա խօսքով՝ մինչ այդ ունեցած պատկերացումները տարբեր էին: «Մեր արածը մի կաթիլ ջուր է օվկիանոսի մէջ: Երանի աւելի շատ գումարներ ունենայինք բոլորին հասնելու համար, որովհետև ամեն երեխայի ժպիտն անգին է, մեծ գոհունակութիւն է այս օրերին երեխաների դէմքին ժպիտ տեսնել»,- ասել է նա:

Խօսելով Արցախի հետ կապուած այլ ծրագրերի մասին՝ Անի Օհանեանն ասել է, որ ՀՕՄ-ի Գանատայի միաւորն ունի 10 մասնաճիւղ և 1200 անդամ, և բոլորը պատրաստակամ, սիրով ընդառաջում են ծրագրերին, մանաւանդ եթէ հերթը հասնում է Արցախին: «Մեր սրտում յատուկ տեղ ունի Արցախը: Մենք ամէն օր, ամէն ժամ Ձեզ հետ միասին ապրում ենք բոլոր դժուարութիւնները: Մեր ժողովուրդը միշտ Արցախի կողքին է»,- նշել է ատենապետուհին:

Leave a Comment

You must be logged in to post a comment.