ՀՅԴ Սիւնիքի «Լեռնահայաստան» Մարզային կոմիտէի յայտարարութիւնը

ՀՀ իշխանութիւնների վարած ապազգային քաղաքականութեան մէջ առանձնայատուկ տեղ ունի Սիւնիքի և սիւնեցիների նկատմամբ անձնաւորուած թիրախային մօտեցումը:

Մինչ այսօր, առանց իրավական լուրջ հիմնաւորումների, անազատութեան մէջ են գտնւում Սիւնիքի մարզի խոշորացուած համայնքների 4 ընտրեալ ղեկավարները, որոնք մասնակցել են արցախեան երկրորդ պատերազմին և միշտ պատրաստակամ են մասնակցել ցանկացած գործողութեան՝ եանուն պետականութեան և հայի արժանապատուութեան:

Երէկ ձերբակալուել է «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասեանը: Աշոտ Մինասեանի և Սիսական ջոկատի հերոսական գործունէութեան մասին կարող են չիմանալ միայն անհայրենիք և անցեալ չունեցող մարդիկ: Նրա և 4 համայնքների ղեկավարների ազատութեան մէջ գտնուելը վտանգաւոր կարող են համարել միայն նրանք, ովքեր արժանապատիւ խաղաղութիւնը շփոթում են անարժանապատիւ և ստրկական գոյութեան հետ:

Այսօր Սիւնիքը գտնւում է մեր թշնամիների հակահայ ծրագրերի և աշխարհաքաղաքական խոշոր խաղացողների ուշադրութեան կենտրոնում: Նման իրավիճակում ընտրեալ ղեկավարների, ռազմական փորձ ունեցող և հեղինակաւոր անձանց անազատութեան մէջ պահելը յանցաւորութիւն է պետականութեան նկատմամբ, Սիւնիքի դիմադրողական ոգու թուլացման քայլ:

ՀՀ իշխանութիւններից պահանջում ենք ազատ արձակել Սիւնիքի ընտրեալ համայնքի ղեկավարներ Առուշ Առուշանեանին, Մանուէլ Փարամազեանին, Արթուր Սարգսեանին, Մխիթար Զաքարեանին և «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասեանին:

Մեր պահանջի չկատարումը կը դիտարկենք որպէս Սիւնիքի և սիւնեցիների անվտանգային խնդիրների դէմ ուղղուած կանխամտածուած գործողութիւն:

ՀՅԴ Սիւնիքի «Լեռնահայաստան» Մարզային կոմիտէ

Leave a Comment

You must be logged in to post a comment.