ՀՅԴ Հայ դատի յանձնախմբերի խորհրդաժողովն Արցախում

Երևանում նոյեմբերի 29-ին մեկնարկած ՀՅԴ Հայ դատի յանձնախմբերի և գրասենեակների խորհրդաժողովը դեկտեմբերի 2-3-ին իր աշխատանքները շարունակեց Ստեփանակերտում: Խորհրդաժողովի աշխատանքները մինչ այդ գումարուել էին նաև Գորիսում:

Հայ դատի աւելի քան 20 յանձնախմբերից և գրասենեակներից, ինչպէս նաեւ ՀՅԴ կուսակցական մարմիններից ժամանած մօտ 50 ներկայացուցիչները Ստեփանակերտում նախ այցելեցին Եղբայրական գերեզմանոց՝ իրենց յարգանքի տուրքը մատուցելու Արցախեան պատերազմների զոհերի յիշատակին:

Դեկտեմբերի 2-ին Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի նիստերի դահլիճում խորհրդաժողովի մասնակիցները հանդիպում ունեցան ԱՀ ԱԺ նախագահի, խորհրդարանում ներկայացուած կուսակցութիւնների ղեկավարների, պատգամաւորների, ԱՀ մարդու իրաւունքների պաշտպանի, ԱՀ արտաքին գործերի նախարարի, ԱՀ Անվտանգութեան խորհրդի քարտուղարի հետ: Հրաւիրեալները նախ հանդէս եկան ողջոյնի խօսքով, տեղեկութիւններ հաղորդեցին իրենց ոլորտների մասին և պատասխանեցին մասնակիցների հարցերին:

Դեկտեմբերի 3-ին ՀՅԴ Հայ դատի յանձնախմբերի և գրասենեակների ներկայացուցիչները ժամանեցին Ասկերանի շրջանի մի շարք համայնքներ, ծանօթացան Արցախի բռնագրաւուած տարածքների բնակիչների համար կառուցուող բնակարանների շինարարական աշխատանքներին:

Leave a Comment

You must be logged in to post a comment.