ՀՅԴ Հայաստանի Գերագոյն Մարմինի Յայտարարութիւն

Արդէն տեւական ժամանակ է ինչ օրուայ քաղաքական իշխանութիւնը յանցաւոր հետեւողականութեամբ զաւթում է դատական իշխանութիւնը` ձգտելով երկրում վերջնականապէս հաստատել մէկ անձի իշխանութիւն:

Առերեւոյթ բազմաթիւ ծանր եւ առանձնապէս ծանր յանցագործութիւնների կատարմանը զուգընթաց, վերջինս նաեւ անողոք է իրաւունքի գերակայութեամբ առաջնորդուող եւ արդար դատաքննութիւն իրականացնող դատաւորների նկատմամբ:

Իրաւական պետութիւնը ոչնչացնող պետական ահաբեկման այս մթնոլորտում լռութիւն է տիրում մարդու իրաւունքների պաշտպանութեան տեղական եւ միջազգային կազմակերպութիւններում: Սա այն դէպքում, երբ նման դէպքերը պէտք է դառնան տեղական եւ միջազգային լայն քննարկումների առարկայ:

Այս վիճակը սպառնում է հայոց պետականութեանը: Այն անթոյլատրելի է:

Ելնելով նշուածից ՀՅ Դաշնակցութեան Հայաստանի Գերագոյն մարմինը`

  1. Դատապարտում է օրուայ իշխանութիւնների պետականաքանդ այս վարքագիծը:
  2. Պահանջում է Հայաստանի իրաւապահ մարմիններից զերծ մնալ հակաօրինական, իշխանութեան ապօրինի պատուէրներով գործողութիւններ կատարելուց:
  3. Կոչ է անում հայաստանեան քաղաքացիական հասարակութեանը եւ երկրի ապագայով մտահոգուած մեր հայրենակիցներին` համախմբուել եւ ընդդիմանալ Սահմանադրութիւնը ոտնահարող գործողութիւններին:
  4. Ժողովրդավարութեամբ եւ իրաւունքի գերակայութեամբ մտահոգ միջազգային հանրութեան ուշադրութիւն է հրաւիրում օրուայ քաղաքական իշխանութիւնների հակաիրաւական այս վարքագծի վրայ:

ՀՅԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՅՆ ՄԱՐՄԻՆ

1 փետրուար 2022

Leave a Comment

You must be logged in to post a comment.