ՀՅԴ-ի դերը մեծ է ժողովրդական շարժման անարիւն յաջողման գործում. ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանդ Մարգարեան

 Հրանդ Մարգարեանը պատմել է բանտում Փաշինեանի հետ հանդիպման մասին

Ժամանակի հետ փոփոխութիւն ապրել ենք, բայց դա մեր էութեան հետ չի առնչուել. «Երկիր Մեդիա» հեուստաընկերութեան «Հարցեր` դաշնակցականներին» հաղորդման ժամանակ ասել է ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանդ Մարգարեանը:

Նա նշել է, որ Դաշնակցութիւնը ստեղծվել է, որպեսզի հայ ժողովուրդը կարողանայ անվտանգ ապրել ու զարգանալ: «Այդ առումով մեր սկզբունքը չի փոխուել, մեր էութիւնը չի փոխուել բայց, բնականաբար, ժամանակներն են փոխուել, մեր գործելաոճն ու մեթոդիկան են փոխուել: Մենք դեռ զինուորագրուած ենք հենց այդ դատին»,- նշել է Մարգարեանը:

Անդրադառնալով տարուան սկզբին քաղաքական բուռն իրադարձութիւններին և այդ հարցում Դաշնակցութեան դիրքորոշմանն ու դերակատարութեանը` ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչը պատմել է, որ ժողովրդական շարժման դեռ նախօրէին` սկզբնական հանգրուանում, երբ դեռ երկու տասնեակ ժողովուրդ էր հաւաքուել, ինքը հեռուստաելոյթի ընթացքում (Առաջին լրատուական) ողջունել է շարժումը: «Ես ասել եմ, որ ողջունելի է դա, և մենք ուզում ենք, որ այս շարժումը յաջողի, արդիւնաւորուի, չլինի այնպէս, որ այս շարժումը չյաջողի: Ես ուրախ եմ, որ յաջողել է»,- ասել է Մարգարեանը` ընդգծելով, որ ՀՅԴ-ի համար սրբութեան նման է եղել, որ ժողովուրդը ոտքի է կանգնել` իր իրաւունքներին տէր կանգնելու:

Մարգարեանը նաև նշել է, որ թէև աջակցել են շարժմանը, այնուամենայնիւ, ունեցել են լուրջ մտահոգութիւններ: «Ի սկզբանէ մենք ունեցել ենք մտահոգութիւն. որքան ժողովրդային շարժումը հրաշք էր,  լաւն էր, իսկապէս ոգևորող էր, երիտասարդութեան ներկայութիւնը բացառիկ էր, նոյնքան և մտահոգութիւնն էր մեծ: Մենք նկատում էինք, որ ժողովուրդը ոտքի է կանգնել, որովհետև աղքատութիւն կայ երկրում, կոռուպցիա կայ երկրում, խտրական քաղաքականութիւն կայ երկրում, անարդարութիւն կայ երկրում, բայց մի շարք անձինք փորձում էին այդ շարժումը շեղել կամ ուղղորդել դէպի այլ տեղ:  Այն, ինչ կոչւում է «գունաւոր յեղափոխութիւն», որն այսօր ծանօթ հասկացութիւն է և տարբեր երկրներում իրականացուել է, մենք այդ հարցով էինք մտահոգ, որովհետև «գունաւոր յեղափոխութեան» միակ գլխաւոր նպատակը տուեալ երկիրը ռուսական ազդեցութեան դաշտից դուրս բերել և Արևմուտքի ազդեցութեան դաշտ մտցնելն է: Բայց մեր ժողովուրդը դրա համար ոտքի չէր կանգնել, ժողովուրդը դրա համար փողոց դուրս չէր եկել, անարդարութիւնն էր նրան դուրս բերողը, խտրական քաղաքականութիւնը, աղքատութիւնը, բայց ժողովուրդը երբեք մտահոգ չի եղել, որ ռուսական բազաներ կան երկրում, ժողովուրդը երբեք չի ուզել, որ ազգայինը մերժուի մեր երկրում: Մենք շատ լաւ ենք հասկացել, որ երբ այդ շարժումը մտնի, այսպէս ասած, «գունաւոր յեղափոխութեան» հանգրուան, առճակատումն անխուսափելի կը լինի»,- ասել է Մարգարեանը:

Ըստ նրա` առճակատումից խուսափելու համար ՀՅԴ-ն ջանք չի խնայել: «Ճիշդ այդ պատճառով մենք մեծ ճիգ ենք թափել: Մեր դիրքը տալիս էր այդ հնարաւորութիւնը, որ մի կողմից կապի մէջ լինենք Նիկոլ Փաշինեանի հետ` որպէս շարժման ղեկավարի, միւս կողմից` Սերժ Սարգսեանի հետ` իբրև փաստացի վարչապետի: Մենք փորձել ենք այդ առճակատման պահը թոյլ չտալ, այսինքն` թոյլ չտալ, որ մեր երկրում երկրորդ Մարտի 1 տեղի ունենայ, արիւնահեղութիւն, բախում տեղի ունենայ, և, վերջապէս, ամենակարևորը` մենք չպարտաւորուենք այլ, օտար ծրագրի համար ազգային գին վճարել: Շատ պարզ է` Ուքրաինան գնաց այդ ուղղութեամբ, Ղրիմով վճարեց այդ գինը, Վրաստանը գնաց այդ ուղղութփամբ, Աբխազիայով վճարեց այդ գինը: Մենք չէինք ուզում, որ մենք գին վճարենք: Դրա համար էր, որ մենք ամէն ճիգ թափեցինք, որ այդ շարժումը արդիւնաւորուի առանց, այսպէս ասած, Հայաստանի` աշխարհաքաղաքական փոփոխութիւն ապրելու»,- նշել է ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչը:

Նա պատմել է, որ հենց այդ ժամանակ էր, որ ՀՅԴ-ն ձևաւորեց «քաղաքական հարթակ» հասկացութիւնը` համոզելով բոլորին, թէ՛ Նիկոլին, թե՛ Սերժ Սարգսեանին, որ պահն այնպիսին է,  որ չպէտք է ուժերի բախումով հարց լուծել, պէտք է քաղաքական ուժերի համախմբումով կարողանալ գտնել այնպիսի լուծում, որը երկրի համար լաւագոյնն է:

«Մենք նոյնիսկ դիմեցինք երկրի նախագահին: Նա հրապարակ եկաւ նախաձեռնութեամբ, որ նման հարթակ ստեղծուի: Բայց, ինչպէս յատուկ է Հայաստանին, շաբաթը ուրբաթից շուտ էր գալիս, և ապրիլ 22-ին տեղի ունեցաւ Նիկոլ Փաշինեանի, Արարատ Զուրաբեանի և Սասուն Միքայէլեանի յայտնի ձերբակալութիւնը: Երկուշաբթի` երեկոյեան ժամը 22:00-ին, պարզուեց, որ յաջորդ օրը` ապրիլի 23-ին, պէտք է տեղի ունենայ Ազգային ժողովի նիստ, պէտք է նրանց  զրկուեն անձեռնմխելիութիւնից ու նրանց ձերբակալութիւնը դառնայ մնայուն ձերբակալութիւն: Ապրիլի 23-ի առաւօտեան ժամը 9:00-ին մտել եմ վարչապետ Սերժ Սարգսեանի մօտ և յստակ ասել, որ եթէ նման նախաձեռնութեամբ խորհրդարան մտնեն, Դաշնակցութիւնը դէմ է քուէարկելու, չի համաձայնելու այս մօտեցումին: Նա ինձ հարցրել է` ինչո՞ւ, և ես բացատրել եմ, որ սա սրման է տանելու, սա քայլ է, որ մենք գնում ենք դէպի բախում, բախումն արիւնահեղութեամբ է տեղի ունենալու, և մենք դէմ ենք դրան: Նա ինձ հարցրել է` իսկ ի՞նչ պէտք է անենք այս վիճակում: Ասել եմ` նախ` յետաձգիր ԱԺ նիստը, երկրորդ` թոյլ տուր հանդիպեմ Նիկոլ Փաշինեանի հետ: Նա դժուարութեամբ, բայց վերջում համաձայնել է. ԱԺ նիստը յետաձգուեց, փոխադրուեց այդ օրը` երեկոյեան, և ես հանդիպեցի Նիկոլ Փաշինեանի հետ»,- պատմել է Մարգարեանը:

Ներկայացնելով Փաշինեանի հետ բանտում ունեցած իր հանդիպումը` ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչը նշել է, որ նոյնատիպ զրոյց ունեցել է նրա հետ: «Ես Նիկոլ Փաշինեանին ասացի, որ մենք չպէտք է գին վճարենք, պէտք է խուսափենք այս հարցով ազգային գին վճարելուց: Նա փորձեց հասկանալ` ինչի մասին է խօսքը, և ես բերեցի նոյն Ուքրաինայի, Վրաստանի օրինակը: Ասացի, որ մենք այլ ճանապարհով պէտք է գնանք, որովհետև հանգուցալուծումը յստակ է, բայց գին չպէտք է վճարենք: Վերջին հաշուով` 28 տարուան անկախութեան այս շրջանում, հազար ու մի զրկանքներով, դժուարութիւններով, ճնշումներով հանդերձ, ազգային մակարդակների վրա ունեցել ենք նաև ձեռքբերումներ և դրանք չպէտք է վտանգէինք ինչ-ինչ պատճառներով»,- շեշտել է Մարգարեանը:

Նրա խօսքով` Փաշինեանի` բանտից դուրս գալուց յետոյ արդէն «իրավիճակ էր փոխուել», և Սերժ Սարգսեանը որոշել էր մի կողմ քաշուել ու առիթ տալ Կարէն Կարապետեանին:

«Համենայն դէպս` ուրախ եմ, որ Հայաստանում արիւն չթափուեց, բախում տեղի չունեցաւ, մենք գին չվճարեցինք, բայց գին չվճարելու մեր ճիգն ու ջանքը դեռ շարունակւում է: Յուսամ` բոլորս, անկախ կուսակցական պատկանելութիւնից, կ՚ունենանք այն գիտակցութիւնը, որ մեր երկիրը ղեկավարենք այնպէս, մեր գործերը դասաւորենք այնպէս, որ չպարտաւորուենք գին վճարել: Այդ գինը վճարելու իրաւունքը մենք չունենք»,- ասել է Մարգարեանը:

Դիտարկմանը, որ կալանավայրում այդ հանդիպման մասին յայտնի է հասարակութեանը, բայց Մարգարեանն առաջին անգամ է բացում փակագծերը, նա արձագանգել է, որ այդ ընթացքում հարիւրաւոր հանդիպումներ է ունեցել, այդ թւում` Նիկոլ Փաշինեանի հետ, սակայն հանդիպումների մանրամասները չի բացայայտել, քանի որ համարել է էթիկայի նորմերից դուրս:

«Քաղաքական մարդիկ կարող ենք հանդիպել, զրուցել, կարող է շատ կարևոր հանդիպումներ լինեն պատմութեան համար, բայց օրուան պահով այն կարող է այլ մեկնաբանութիւններ ունենալ, որ աժանացնում է ամէն ինչ: Ես մինչև հիմա չեմ գնացել այդ ճանապարհով, չեմ խօսել, բայց նաև նկատել եմ, որ չարաշահւում է: Ես հրապարակում չեմ եղել, միւսը եղել է, մէկը ջուր է բաժանել, մէկը չգիտեմ, թէ ինչ է արել, մենք ո՞ւր էին այդ ժամանակ: Այնպէս չէ, որ մենք տանն էինք կամ կրաւորական դերակատարութիւն ենք ունեցել: Հակառակը` շատ ակտիվ դերակատարութիւն ենք ունեցել: Ես կարծում եմ, որ մայիսի 7-ը հասունացնելու առումով մեր դերակատարութիւնը շատ կարևոր է եղել: Մայիսի 7-ը անարիւն յաջողեցնելու առումով մեր դերակատարութիւնը բաւական կարևոր է եղել»,- ընդգծել է Հրանդ Մարգարեանը:

Leave a Comment

You must be logged in to post a comment.