ՀՀ օրուայ իշխանութիւնը լաւ գիտի, թէ ինչ է արել Արցախի հետ

Յունուարի 21-ին խորհրդարանում ԱԺ նախագահ Ալէն Սիմոնեանը կրկին սպառնացել էր Արցախի Հանրապետութեան պաշտօնեաներին, ասելով՝ թող լռեն ու ՀՀ գործերին չխառնուեն, Արցախում իրենց արածների հետեւանքները տեսել ենք արդէն։

«Ղարաբաղի նախկին պաշտօնեաների ասածներին միտուած չեմ հետեւել ու համարում եմ, որ լաւ կը լինի, եթէ իրենք հնարաւորինս շատ չխառնուեն, լռեն։ Իրենք ինչքան խառնուեցին, դրա հետեւանքը տեսանք։

Կարծում եմ՝ իրենց կողմից ճիշդը լռելն է։ Իրենք ՀՀ-ում կարգավիճակ ունեցող մարդիկ են, ոմանք քաղաքացի են, ոմանք՝ փախստական։ ՀՀ իշխանութիւնը մէկն է, եւ, այո, մենք պէտք է որոշում կայացնենք, եւ իրենք ենթարկուեն այդ որոշումներին, այլ ոչ թէ փորձեն ինչ-որ առանձին օրակարգ առաջ բերեն։ Դա չի ստացուելու, թոյլ էլ չենք տալու, ու թող յանկարծ չսխալուեն, բազմիցս դրա մասին ասել ենք», նշել էր Ալէն Սիմոնեանը՝ արձագանգելով արցախահայերի այն քննադատութիւններին, որ Պաքուում պահուող գերիներին ու պատանդներին հայրենիք վերադարձնելու համար ՀՀ իշխանութիւնը ոչինչ չի անում։

ԱՀ ԱԺ «Դաշնակցութիւն» խմբակցութեան պատգամաւոր, ԱՀ ԱԺ արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի նախագահ, պատմաբան Վահրամ Պալայեանի համար արդէն զարմանալի չէ, երբ ՀՀ իշխանութիւններն Արցախի յանձնման, գերիներին ու պատանդներին աչքաթող անելու մեղաւորներին փնտռում են իրենցից դուրս։

«Ամէն ինչ խօսելով չէ, Ալէն Սիմոնեանն իր ասածների փաստերն ունի՞, իսկ որ Արցախը յանձնել են իրենք՝ 2022 թուականին Պրահայում, փաստ է։ Երբ մարդը մի բան է ասում, դրան պէտք է հետեւի փաստերի ցուցադրումը։ Օրինակ, մենք ասում ենք՝ Նիկոլ Փաշինեանը Պրահայում Արցախը ճանաչեց Ատրպէյճանի մաս, կարո՞ղ են իրենք սրան հակափաստարկ բերել, չե՛ն կարող։

Կարող եմ մի բան ասել՝ այս իշխանութիւնների վերջին տարիներին ասած որեւէ յայտարարութեան մէջ նորութիւն չկայ՝ փորձում են իրենց ամբողջ մեղքը բարդել այլոց վրայ, իրենցից հեռացնել, սա է իրականութիւնը», 168.am-ի հետ զրոյցում նշեց Վահրամ Պալայեանը։

Պալայեանը նաեւ շեշտեց՝ ՀՀ օրուայ իշխանութիւնը լաւ գիտի, թէ ինչ է արել Արցախի հետ, սակայն ամբողջ խնդիրն այն է, որ հիմա փորձում են գտնել մարդկանց, որոնց դրա համար կը մեղադրեն։ Իսկ դրա համար ընտրում են այնպիսի մարդկանց, որոնք այս պահին խեղճ են, զրկուած հայրենիքից, տնից, նրանց հեշտ է մեղադրել։

«Ինձ մէկ հարց է հետաքրքրում ու ինձ համար զարմանալի է՝ եթէ Արցախն իրենք չեն յանձնել, ապա ինչո՞ւ այս պահին չեն բարձրաձայնում արցախահայերի հաւաքական վերադարձի հարց։

Ատրպէյճանն այսօր մշտապէս խօսում է «Արեւմտեան Ատրպէյճանի» մասին, դրա հետ կապուած մարմիններ է ձեւաւորել, իսկ ՀՀ իշխանութիւնն ինչո՞ւ միջազգգային ատեաններում չի բարձրաձայնում արցախահայերի հիմնարար իրաւունքների հարցը։

Հասկանո՞ւմ էք, այս ամէնն անպտուղ բան է, սա վնասում է ՀՀ անվտանգութեանը, մեզ աւելի խոցելի է դարձնում։ Եթէ իշխանութիւնը բարձրացնի արցախահայերի վերադարձի, նրանց անվտանգութեան հարցը, հայկական կողմի համար լաւ դիրքեր կ’ապահովի, բայց փոխարէնը ՀՀ իշխանութիւնները կեղծ թեզ են ձեւաւորել ու խօսում են դրանց շուրջ», ընդգծեց Վահրամ Պալայեանը։

Comments are closed.