Հայ Դատի Յայտարարութիւնը՝ Սիւնիքի Մարզի Նկատմամբ Առաջացած Անմիջական Սպառնալիքի Վերաբերեալ
- (0)

Հայ Դատի Կենտրոնական խորհուրդն իր խոր մտահոգութիւնն է յայտնում, տարածաշրջանային մագլցումի պայմաններում, Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետութեան Սիւնիքի մարզի նկատմամբ ահագնացող սպառնալիքների առնչութեամբ։ Իրանաիսրայէլական հակամարտութեան համատեքստում աշխարհաքաղաքական անկայունութիւնը խորացել է՝ ստեղծելով ադրբեջանական յարձակողական գործողութիւնների յաւելեալ սպառնալիք, որոնք վտանգում են Հայաստանի ինքնիշխանութիւնը։ Մենք կոչ ենք անում միջազգային հանրութեանը՝ անյապաղ միջոցներ ձեռնարկել, որպէսզի կանխուի Հայաստանի դէմ հերթական յարձակումը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը բազմիցս յայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքն» իրականացուելու է «անկախ Հայաստանի կամքից»։
Նա պարբերաբար սպառնում է ուժ կիրառել այդ նպատակին հասնելու համար, իսկ 2022ի Սեպտեմբերից Ադրբեջանի զինուած ուժերն արդէն գրաւել են Հայաստանի Հանրապետութեան աւելի քան երկու հարիւր քառակուսի կիլոմետր տարածք: Այս յայտարարութիւնները, Հայաստանի սահմաններին անցկացուող զօրավարժութիւնների աւելացման ու Միջին Արեւելքում վերջին զարգացումներից առաջացած ուշադրութեան շեղման համակցութիւնը ակնյայտ սպառնալիք են ներկայացնում Հայաստանի տարածքային ամբողջականութեան համար:
Ստեղծուած իրավիճակի համար կարեւոր են հետեւեալ բնութագրիչներն եւ անհրաժեշտ գործողութիւնները.
1. Ադրբեջանի կողմից թշնամանքի աճը. Ադրբեջանի շարունակական ծաւալապաշտական քաղաքականութեան պայմաններում՝ Հայաստանը կանգնած է անմիջական սպառնալիքի առաջ։ Իր այդ քաղաքականութեան համաձայն՝ Ադրբեջանը նպատակ ունի վերահսկողութիւն սահմանել ռազմավարական տարածքների նկատմամբ՝ «տարածաշրջանային հաղորդակցութիւն» անուան տակ։ Այս առումով, «Զանգեզուրի միջանցքի» շինծու հիմնաւորմամբ Հայաստանի որեւէ տարածքի գրաւման ցանկացած փորձ հանդիսանալու է միջազգային իրաւունքի խախտում։
2. Տարածաշրջանային մագլցումի վտանգը. Իսրայէլ-Իրան հակամարտութեան շարունակութիւնը աւելացնում է Հարաւային Կովկասի անվտանգային բնապատկերի բարդութիւնը։ Ադրբեջանի յարձակողապաշտ դիրքորոշումը՝ արտերկրեայ դաշնակիցների աջակցութեամբ, մեծացնում է մտահոգութիւնը, որ Հայաստանը կարող է լինել թիրախ՝ տարածաշրջանային վերադասաւորման անուան տակ։ Միջազգային հանրութիւնը պէտք է անյապաղ հանդէս գայ, որպէսզի կանխուի նման որեւէ ռազմական սադրանք։
3. Կոչ միջազգային անյապաղ գործողութիւնների համար. Մենք դիմում ենք Եւրոպայի անվտանգութեան եւ համագործակցութեան կազմակերպութեանը, յատկապէս դրա Մինսկի խմբի համանախագահող պետութիւններին, ՄԱԿի Անվտանգութեան խորհրդին եւ յատկապէս դրա հինգ մշտական անդամներին ու Եւրոպական Միութեանը, ինչպէս նաեւ Հայաստանի դաշնակից եւ գործընկեր պետութիւններին՝ կանխելու համար Ադրբեջանի կողմից միջազգային հակամարտութիւնները շահագործելու ցանկացած փորձ՝ Հայաստանի նկատմամբ իր տարածքային յաւակնութիւնները իրականացնելու նպատակով։ Դիւանագիտական ճնշումներ ու յստակ գործողութիւններ պէտք է ձեռնարկուեն՝ պաշտպանելու Հայաստանի տարածքային ամբողջականութիւնը։ Նոյնանման դիմումներով հանդէս գալու եւ դիւանագիտական ու ռազմաքաղաքական զսպման մեխանիզմների ապահովման կոչ ենք անում նաեւ Հայաստանի Հանրապետութեան իշխանութիւններին։
4. Ռազմական ու դիւանագիտական բարձր մակարդակի աջակցութեան անհրաժեշտութիւն. Հայաստանը կարիք ունի իր դաշնակիցների ու գործընկերների ուժեղացուած աջակցութեան՝ հնարաւոր ցանկացած սպառնալիք կանխելու համար։ Մենք կոչ ենք անում բարեկամ պետութիւններին վերստին հաստատել իրենց յանձնառութիւնը Հայաստանի ինքնիշխանութեանը եւ տարածքային ամբողջականութեանը՝ ապահովելով անվտանգութեան միջոցառումներ, դիւանագիտական լուծումներ ու ռազմավարական գործընկերութիւն։
Հայ Դատի Կենտրոնական խորհուրդը հաստատակամօրէն հաւատարիմ է Հայաստանի ինքնիշխանութիւնն ու տարածքային ամբողջականութիւնը պաշտպանելու իր յանձնառութեանը։ Մենք կոչ ենք անում միջազգային կազմակերպութիւններին ու առաջնորդներին հաշուի առնել իրավիճակի լրջութիւնը, չանտեսել իրական սպառնալիքները եւ ձեռնարկել անյապաղ քայլեր՝ նպաստելու խաղաղութեանն ու կայունութեանը Հարաւային Կովկասում։
ՀԱՅ ԴԱՏԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ