Հայրենի Ժողովրդի Փրկարար Զարթօնքը…

ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ

Սիրելի ընթերցող, ի տես հայաստանեան վերջին օրերի իրադարձութիւնների` անհրաժեշտ է արձանագրել հետեւեալ փաստերը.

1.- Ոտքի է հայրենի ժողովուրդը` Երեւանում եւ միւս բոլոր մարզերում. սրանով արդէն ամէն ինչ ասուած է ու յստակ:

2.- Հակառակ մի շարք թերահաւատների ու մոլորեալների` փաստուեց, որ ժողովրդական ընդվզումը 2018-ի նման չի չարաշահւում լոկ իշխանափոխութեան համար, այլեւ ունի ազգային անվտանգութիւնն ու պետականութիւնը պահպանելու նպատակ:

3.- Առաւել եւս փաստուեց, որ ժողովրդի պայքարն համազգային բնոյթ է կրում: Արդէն սփիւռքեան արձագանգներն իրենց իւրայատկութեամբ ակներեւ են:

4.- Զարթօնքի ժողովրդական դրսեւորումներն ուշագրաւ են նրանով, որ ցոյցերը, քայլերթներն ու հանրահաւաքները, քանակական մեծ աճ արձանագրելուն զուգահեռ, կայանում են կազմակերպ, կարգապահ եւ խաղաղ ընթացքով:

5.- Միաժամանակ պէտք է ընդգծել, որ նոյն խաղաղ ցուցարարների դէմ ոստիկանական որոշակի ուժերն են միայն, որ բիրտ ու անհամաչափ միջոցների դիմելով` ձերբակալում ու բերման են ենթարկում ցոյցի մասնակիցներին եւ տեղ-տեղ էլ իրենց մասնագիտական պարտականութիւնները կատարող լրագրողներին…

6.- Մինչեւ երէկ էլ ժողովրդական բազմահազարանոց քայլերթ-ակցիաները 20-30 հոգանոց համարող իշխանախումբը (մասնաւորապէս սա հնչեցրել է 44-օրեայի «Յաղթելու ենք»-ի թիւ 1 ստախօսնակ Արծրուն Յովհաննիսեանը), այժմ մեծ խուճապի մատնուած` իր հայակործան իշխանութեան պահպանման համար, ընդունակ է ամէն կարգի սադրանքի եւ ինչո՞ւ ոչ, 2008-ի լպիրշ օրինակով` նոր ՄԱՐՏի ՄԷԿ բեմականացնել, որպէսզի փորձի դարձեալ մոլորութեան ու խաբկանքների մատնի արթնացած մեր ժողովրդին…

7.- Ուշագրաւ հանգամանք է այն, որ միջազգային հեղինակաւոր լրատուացանցեր` ի տես հայաստանեան խոշորածաւալ ցոյցերի ու ընդվզման, ընդգծում են հայութեան կողմից արցախեան պահանջատիրութեան եւ առհասարակ Հայաստան երկրի անվտանգութեան սկզբունքների կարեւորումն ու առաջնահերթ համարելը…

8.- Դա ինքնին ապացուցում է հայ ժողովրդի համբերատարութիւնը, իսկ երբ նոյն այդ համբերատարութիւնն չարաշահւում ու օգտագործւում է հայրենակործան մութ նպատակների համար, այդտեղ այլեւս հայը սեփական պատմական, բարոյական ու ազգային արժանապատուութեանը կառչելով` իր ցասումն է արտայայտում ներքին թէ արտաքին ոտնձգումների դէմ…

9.- Դէ՛, հիմա թող Չաւուշօղլուն «Գորշ գայլեր»¬ի նշանաբանը ցուցադրի հային ու Ալիեւն էլ յոխորտայ Արցախի, Սիւնիքի ու առհասարակ բռնազաւթած, հայկական տարածքների ու հողերի մասին…

10.- Եւ վերջապէս, մենք եւս, յատկապէս` որպէս հայաստանամերձ համայնք, չենք կարող չբարձրաձայնել մեր զօրակցական ու հպարտութեան զգացմունքները` ի տես մեր հայրենի ժողովրդի փրկարար ԶԱՐԹՕՆՔ-ի, յանուն Հայաստան-Արցախ-սփիւռք եռամիասնութեան վերականգնման…

Leave a Comment

You must be logged in to post a comment.