Հայրենիքի անկախութիւնը սեպուհ պարտականութիւն. Զօրավար Սեպուհի այցելութիւնը Գանատա

ՀՅԴ Հեմիլթընի Կոմիտէ

1921 սեպտեմբեր 26 Կոմիտէս պատիւ ունեցաւ հիւրընկալելու ընկերներ Զօրավար Սեպուհ և գործավար ընկեր Յ Խաշմանեանը Կոմիտէիս ընկերների անձնական զոհողութեանց ջանքերով պատրաստուած էր մի ճաշասեղան ի պատիւ ընկերներ զօրավարի և Յ Խաշմանեանի, սեպտեմբեր 26, կէսօրէ ետք ժամը 6-ին սարքուած ճաշասեղանի շուրջ բոլորուած բոլոր ընկերներով և համակիրները ճաշասեղանի վրայ տեղի ունեցան բաժակաճառ խօսողներ. չենք մոռնար, չենք կարող չյիշել մեր հերոս Սեպուհի առաջարկած բաժակաճառը բոլոր նրանց համար, որոնք Հայրենիքի անկախութիւնը իրենց սեպուհ պարտականութիւնը համարեցին եւ ինկան։

Ժողովին նախ խօսեցաւ շրջանիս գործավար ընկեր Յ Խաշմանեան, որմէ ետք բուռն ծափերու տեղատարափին վրայ հրաւիրուեցաւ քանի մը խօսք ըսելու Զօրավար Սեպուհը, որը բացատրեց Հայաստանի Հանրապետութեան ստեղծումը, ու ռուս եւ հայ մեծամասնականներու բռնած դիրքը հանդէպ մեր ընդգրկած անկախութեան գաղափարին։ Ընկերոջ խրախուսիչ խօսքերովը ժողովը փակուեցաւ։ Ընկերները մեկնեցան գոհ տպաւորութեամբ։

ՀՅԴ Պրենդֆորտի կոմիտէ

1921 թ․ սեպտեմբերի 18

․․․․Ընկեր Սեպուհի հոս գալու առթիւ կոմիտէս որոշեց ընկերական հացկերոյթ տալ ի յարգանք ընկերոջ,, հոկտեմբերի 2-ին ունեցանք հրապարակային ժողով մը ներկայութեամբ զօրավար Սեպուհի․․․․։

 

Էրզրումի նահանգի Բաբերդի գաւառակում ծնված Արշակ Ներսիսեանը դեռ պատանեկութեան տարիներից նետուեց հայդուկային շարժման գիրկը, արդէն առաջին աշխարհամարտի սկզբին 21 հոգուց բաղկացած խմբով միացաւ Անդրանիկին, եղաւ հայկական 1-ին կամաւորական գնդի 2-րդ վաշտի հրամանատար։

Զօրավար Սեպուհը իր հազարաւոր նահատակ հերոս ընկերների հետ «Հայրենիքի անկախութիւնը իրենց սեպուհ պարտականութիւնը համարեցին» և եղան մեր ազատագրական պայքարի ճանապարհին՝ Սասունի ապստամբութիւն, Առաջին աշխարհամարտի Կովկասեան ռազմաճակատի Խոյի և Դիլմանի ճակատամարտեր, Սարդարապատի հերոսամարտ, Պաքուի հայոց ինքնապաշտպանութիւն, կնքելով հերոսական յաղթականներ։

Զօրավարի նպատակն էր ոչ միայն Հայրենիքին ազատութիւն պարգևելը, այլև՝ հայապահպանումը և իր կեանքի ու մահուան, հայրենիքի ազատագրութեան պայքարի ընթացքում, իր զինակից ընկերների՝ Սեբաստացի Մուրատի, Կայծակ Առաքելի հետ ստանձնեց որբախնամ առաքելութիւն «մէկ հայ՝ մէկ ոսկի», յայտնի նաև «մէկ որբ՝ մէկ ոսկի», կարգախօսով՝ նպատակ ունենալով փրկել ֆիզիկական ոչնչացման և ուծացման եզրին կանգնած հայութեան բեկորները։ Նրանց նպատակը արդարացուեց. , նրանց նպատակը դարձաւ համահայկական փրկութեան ծրագիր և մահմետական գերութիւնից ազատագրուեցին տասնեակ հազարաւոր հայեր, որոնց մէջ գերակշիռ թիւ էին կազմում հայ երեխաները և հարեմներ վաճառուած երիտասարդ կանայք:

Այսպէս ապրեց և գործեց դաշնակցական զօրավարը՝անկախութեան ազատութեան նուիրեալը։ Ցաւօք, նա էլ Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից յետոյ բռնեց տարագրութեան ճանապարհը՝ Կ. Պոլիս, ապա Ամերիկա:

1940 թուականին, մահից առաջ, նա թողեց իր կտակ՝ այրել իրեն, աճիւնը յանձնել Հայաստան հայրենի հողին: Զօրավարի փափաքը կատարուեց միայն 75 տարի անց․

Հայաստանի Առաջին Հանրապետութեան խորհրդարանի անդամ, 20-րդ դարասկզբի ազգային ազատագրական պայքարի, Հայ Յեղափոխական Դաշնակցութեան նուիրեալ զօրավարը ննջում է Եռաբլուր բարձրունքում, հայոց հերոսների կողքին, որոնք փառքով նահատակուեցին յանուն Սեպուհի կերտած Հայաստանի։

ԱՐՄԻՆԷ ՄՈՒՔՈՅԵԱՆ ԹԱՇՃԵԱՆ

Leave a Comment

You must be logged in to post a comment.