«Հայաստան» եւ «Պատիւ ունեմ» խմբակցութիւնները չեն մասնակցի ՀՀ նախագահի ընտրութեանը

Հայաստանի խորհրդարանական ընդդիմութեան «Հայաստան» եւ «Պատիւ ունեմ» խմբակցութիւնները հրապարակեցին հետեւեալ միացեալ յայտարարութիւնը.

Հայաստանում գործադիր իշխանութիւնը հերթական յարձակումն է նախաձեռնել դատարանների անկախութեան նկատմամբ:

Քաղաքակիրթ աշխարհում աննախադէպ է, որ դատաւորի կայացրած դատական աքթը վերաքննութեան կարգով բողոքարկելու փոխարէն իրաւապահները քրէական հետապնդման ենթարկեն դատաւորին: Նշուածը ստեղծելու է մի իրավիճակ, երբ դատական համակարգն այլեւս վերածուելու է իրաւապահներից կախեալ գործիքի:

Այս ապօրինութիւնների շղթան տեղի է ունեցել Բարձրագոյն դատական խորհրդի միաձայն աջակցութեամբ եւ միջազգային հանրութեան, Հայաստանում հաւատարմագրուած դեսպանների լռութեան ներքոյ:

Յատկանշական է, որ, չնայած վերջին չորս տարիների ընթացքում դատական համակարգի նկատմամբ գործադիրի իրականացրած բազմաթիւ խայտառակ յարձակումներին, վերջին շրջանում իշխանութիւնների համար անցանկալի դատաւորների նկատմամբ կարգապահական վարոյթներին, քրէական հետապնդումներին, այժմ արդէն դատաւորին ապօրինի կալանաւորելու գործընթաց է սկիզբ առել: Վարչական դատարանի, Դատաւորների միութեան նախագահի եւ մասնագիտական հանրոյթի` հրապարակային կերպով արտայայտած մտահոգութիւնները վկայում են, որ դատական իշխանութեան նկատմամբ իրականացուող յարձակումները եւ իրաւական ամենաթողութիւնը հասել են աննախադէպ ծաւալների:

Հաշուի առնելով վերոնշեալը` կոչ ենք անում բոլոր առողջ քաղաքական եւ հասարակական ուժերին, փաստաբանական համայնքին` լծուել դատական իշխանութեանը եւ դատաւորներին իշխանական յարձակումներից պաշտպանելու գործին, դատական իշխանութեան մարմիններին, դատաւորներին` անմասն չմնալ իրենց գործընկերների նկատմամբ կիրառուող բռնաճնշումների վերաբերեալ յստակ դիրքորոշում արտայայտելուց:

Միջազգային կառոյցների ուշադրութիւնն ենք հրաւիրում եւ պահանջում, իրենց իրաւագիրներին համապատասխան, արձագանգել Հայաստանում ժողովրդավարութեան տապալման աղաղակող փաստերին եւ գիտակցել իրենց պատասխանատուութեան բաժինը:

«ՀԱՅԱՍՏԱՆ» ԽՄԲԱԿՑՈՒԹԻՒՆ
«ՊԱՏԻՒ ՈՒՆԵՄ» ԽՄԲԱԿՑՈՒԹԻՒՆ

Leave a Comment

You must be logged in to post a comment.