«Հայաստանցիների 90%-ը Թուրքիան, իսկ 77%-ը՝ Ադրբեջանը համարում են Հայաստանի համար գլխաւոր քաղաքական սպառնալիք ներկայացնող երկրներ»

Թուրքագէտ Վարուժան Գեղամեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է. «Ամերիկեան IRI կազմակերպութիւնը Հայաստանում հանրային կարծիքի հարցման հերթական արդիւնքներն է հրապարակել (հարցումն իրականացուել է 2021թ. նոյեմբեր-դեկտեմբերին)։

Հարցման որոշ արդիւնքներ կարեւոր են՝ հասկանալու համար, թէ ինչպէս են ՀՀ քաղաքացիները վերաբերւում Թուրքիայի հետ յարաբերութիւններին։

 

Ահա որոշ արդիւնքներ (հարցման ամբողջական արդիւնքները տեղադրում եմ մեկնաբանութիւններում).

 

– Հարցուածները ճնշող մեծամասնութիւնը Թուրքիան (90%) եւ Ադրբեջանը (77%) համարում են Հայաստանի համար գլխաւոր քաղաքական սպառնալիք ներկայացնող երկրներ։

Ճնշող մեծամասնութիւնը վերջիններիս համարում է նաեւ անվտանգային (88 եւ 81% համապատասխանաբար) եւ տնտեսական սպառնալիք (68 եւ 52% համապատասխանաբար)։

– Միայն 5%-ն է կարծում, որ Թուրքիայի հետ յարաբերութիւնները պէտք է զարգանան, որպէսզի Հայաստանի զարգանայ։

– Միայն 29%-ն է կարծում, որ Թուրքիայի հետ պէտք է հաստատուեն առանց նախապայմանների յարաբերութիւնները։ Հարցուածների շուրջ կէսը գտնում է, որ Թուրքիայի հետ պէտք է սկսել երկխօսութիւնը, սակայն Հայոց Ցեղասպանութեան ճանաչման հարցը պէտք է մնայ մեր օրակարգում։ Իսկ 48%-ը նաև կարծում է, որ Հայաստանը պէտք է առաջադրի իր նախապայմանները։

– Հարցուածների մեծամասնութիւնը (շուրջ 59%-ը) գտնում է, որ Ադրբեջանի հետ տրանսպորտային ճանապարհների բացումը բացասական է ազդելու Հայաստանի տնտեսական զարգացման վրայ (27%-ը հակառակն է կարծում)։ Գրեթէ նոյնն է պատկերը Թուրքիայի հետ ճանապարհների բացման հարցում (53%-ը գտնում է, որ Հայաստանի վրայ բացասական կազդի)։

 

Եթէ վերոնշեալը համադրենք հարցման այլ արդիւնքների հետ, ապա կարող ենք փաստել, որ չնայած ՀՀ դէ ֆակտօ իշխանութիւնների ու տարատեսակ մարգինալ խմբերի կողմից արդիւնաբերական ծաւալներով իրականացուող պրոթուրքական քարոզին («խաղաղութեան դարաշրջանի» կեղծ օրակարգի անւան տակ), ՀՀ բնակչութեան մեծամասնութիւնը, բարեբախտաբար, հասկանում է, որ Թուրքիան եւ Ադրբեջանը նպատակ ունեն ոչնչացնել Հայաստանը որպէս քաղաքական ինքնուրոյն գործօն եւ իրական խաղաղութեան մասին որեւէ խօսք չկայ։

 

Մնում է, որ ազգային ուժերը կարողանան կապիտալիզացնել այս տրամադրութիւնները՝ առաջին հերթին խաթարելով հակահայկական օրակարգի զարգացումը (Արցախից հրաժարումից մինչեւ միջանցքի տրամադրում) եւ ապա հասնեն կապիտուլիանտ իշխանութիւնների հեռացմանը»։

Leave a Comment

You must be logged in to post a comment.