«Հայաստանի պատմութեան մէջ ունենք այլեւս նոր էջ, Մենք ապրում ենք Նոր Հայաստանում». ՀՀ նախագահի ուղերձը

Հայաստանի Հանրապետութեան նախագահ Արմէն Սարգսեանը, ապրիլի 25-ին խորհրդակցութիւններ ունեցաւ Հաաստանի տարբեր քաղաքական ուժերու եւ հասարակական-քաղաքական գործիչներու հետ, իսկ Ապրիլ 26-ին հանդէս եկաւ ստորեւ ներկացուած ուղերձով:

«Մեր երկրում վերջին օրերի բուռն զարգացումներն աննախադէպ երեւոյթ են: Այն, թէ ինչպէս քաղաքացիական շարժումը կազմակերպուած եւ քաղաքակիրթ զարգացման ճանապարհով վերաճեց համաժողովրդական շարժման, համայն հայութեան համար հպարտութեան առարկայ է:

Հայաստանի պատմութեան մէջ ունենք այլեւս նոր էջ: Մենք ապրում ենք Նոր Հայաստանում: Հայաստան, որտեղ իւրաքանչիւր հայաստանցի եւ աշխարհասփիւռ հայութիւնն իր ուժն ու եռանդը պէտք է դնի երկրի զարգացման համար: Հայաստան, որին մատնացոյց են անելու աշխարհում՝ ժողովրդավարութեան, կառավարման, քաղաքացիական հասարակութեան, մշակոյթի, գիտութեան ու տնտեսութեան զարգացման առումով: Հայաստան, որտեղ հայը տեսնելու է իր եւ իր սերունդների ապագան: Հայաստան, որը սիրելու է իւրաքանչիւր հայ՝ պետական այրն ու շարքային քաղաքացին:

Հայաստան, որը լինելու է իմ եւ քո երազանքների Հայաստանը:

Այս իրողութիւնը ժխտելը քաղաքական կարճատեսութիւն կը լինի:

Այնպէս, ինչպէս Սերժ Սարգսեանը սթափ գնահատականով բացեց Նոր Հայաստան տանող դարպասը, նոյն կերպ քաղաքական բոլոր ուժերը, յատկապէս՝ Ազգային ժողովում ներկայացուած, պէտք է համերաշխաբար հարթեն այդ ճանապարհը՝ առաջնորդուելով Սահմանադրութեամբ:

Մենք բոլորս պարտաւոր ենք յաւուր պատշաճի իրագործել այն պատմական առաքելութիւնը, որը մեզ բաժին է հասել, եւ մեր ազգի համար այս բախտորոշ պահին անել այդ քայլը: Ժողովրդի մեծամասնութեան վստահութիւնը վայելող քաղաքական ուժերը պէտք է միասնաբար երկիրն առաջնորդեն այս ճանապարհով:

Ես համոզուած եմ, որ հազարամեակների ընթացքում կուտակուած ազգային խոհեմութիւնը թոյլ չի տայ բաց թողնել այս պատմական պահը:

Հպարտ եմ, որ տեսնում եմ այօրուայ Հայաստանը, եւ ուրախ, որ ապրելու եմ վաղուայ հզօր, միասնական, արդար եւ ծաղկող Հայաստանում:

Բարի լո՛յս, Հայաստան: Բարի լո՛յս, Հայաստանի հպարտ քաղաքացի»:

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.