Կեանքը  ցոյց  տուեց, որ Արցախը ոչ թէ  բեռ է, այլ մեր անվտանգութեան  միջնաբերդը․ Իշխան Սաղաթելեան

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելեանի ելոյթը  «Հայաստան» դաշինքի 1-ին ընդհանուր ժողովի ժամանակ։

Սիրելի՛ գործընկերներ, տիկնայք և պարոնայք, հայրենակիցներ

Ուղիղ մէկ  ամիս առաջ այս հարթակից «Հայաստան» դաշինքի մեր թիմը հանրութեանն  էր ներկայացնում մեր պետականութիւնը  քաղաքական, տնտեսական, անվտանգային, արժէքային  ճգնաժամից դուրս բերելու՝ իր նախընտրական ծրագիրը, առաջնահերթութիւններն  ու մօտեցումները: Այն բխում էր դաւադիր  պատերազմի ծանրագոյն  կորուստները մեղմելու, արձանագրուած  խորքային  խնդիրները լուծելու, արժանապատիւ  խաղաղութիւն  հաստատելու նպատակից:

Այսօր էլ մեր գործողութիւնների  հիմքը յաղթանակներ  ապահովելու ունակ մեր թիմի փորձառութիւնն  ու վճռականութիւնն  է:

«Հայաստան» դաշինքում համախմբուած  ուժերին և անհատներին մի կողմից միաւորում  է երկրի օրհասական վիճակը, պետականութեան  կորուստը կասեցնելու կամքը, միւս  կողմից՝ մեր ժողովրդի, նրա ապագայի նկատմամբ պատասխանատուութիւնը։

Այսօր՝ ԱԺ արտահերթ ընտրութիւնից  տասն օր անց, ցաւով  արձանագրում ենք, որ պոպուլիզմն ու անպատասխանատուութիւնը  շարունակում են գերիշխել։ Ընտրութիւնների  հրապարակուած  արդիւնքները  չարդարացրեցին ոչ միայն մեր քաղաքական թիմի, այլ նաև Հայաստանի, Արցախի, Սփիւռքի  մեր հայրենակիցների զգալի հատուածի  սպասելիքները։

Ընտրութիւնների  արդիւնքները  մենք վիճարկելու ենք Սահմանադրական դատարանում:

Բայց մենք նաեւ կատարուածը  վերլուծելու, մեր թերացումներն արձանագրելու, ապագայի համար դասեր քաղելու պարտաւորութեան  առջև ենք։

Ընտրութիւններից  յետոյ՝  այսօրուայ  դրութեամբ , պատկերը հետևեալն է՝ մենք ունենք, մի կողմից, երկիրը պարտութեան  տարած, ապազգային, անկարող և անպատասխանատու իշխանութիւն, միւս  կողմից՝ երկրին յաղթանակներ  և վերելքներ ապահոված, ազգային, մեր ժողովրդի ապագայի նկատմամբ պատասխանատուութիւն  ունեցող ընդդիմութիւն:

Այս խայտառակ ընտրութիւնների  պայմաններում «Հայաստան» դաշինքի կողքին է կանգնել առնուազն  270 հազար քաղաքացի: Երախտագիտութիւն  յայտնելով  մեզ վստահողներին՝ համոզուած  եմ, որ նրանց թիւը  շատ աւելին  է: Փաստ է՝ ուժեղ Հայաստանի կերտման համար անհրաժեշտ բազմահազար, գիտակից մարդկանց ներուժն առկայ  է:

Սիրելի՛ համախոհներ, մեր անելիքները շատ են: Մենք պարտաւոր  ենք կազմակերպուած , քրտնաջան աշխատել։ Մնում է չյուսալքուել , չմտածել արտագաղթելու մասին: Մենք շատ ենք: Պէտք  է կազմակերպուենք  և ընդլայնենք մեր պայքարը:

Մենք հանդէս  ենք գալու որպէս  արմատական ընդդիմութիւն, շարունակելու ենք պետականութեան, մեր վիրաւոր  արժանապատւութեան վերականգնման համար պայքարը։ Մեր քաղաքական օրակարգը մնում է նոյնը՝  Հայաստանում հաստատել ազգային պետականութիւն, լուծել անվտանգային խնդիրները, վերականգնել երկրի ինքնիշխանութիւնը։

Թոյլ  չենք տալու, որ մեր անցեալը  սևացրած, մեր յաղթանակները  վաճառած արկածախնդիրները մղձաւանջային  դարձնեն մեր ներկան և հակակեցնեն  զրկել մեզ ապագայից։

Մեր օրակարգերն առաջ ենք տանելու քաղաքական պայքարի բոլոր հարթակներում։

Մենք շարունակելու ենք պայքարը սահմանադրականօրէնն, պետական ինստիտուտների կայացման, մեր ազգային արժէքների  ամրապնդման  համար։ Ստի, կոռուպցիայի, ամբարտաւանութեան, սոցիալական անարդարութեան, ապիկար կառավարման նկատմամբ լինելու ենք անհանդուրժող:

Համոզուած  եմ՝ սրանք ընդունակ չեն ոչնչի։ Սրանց ձախողումներն իրենց մաշկի վրա զգալու է ամէն մի ընտանիք։ Սրանք միայն դժբախտութիւն  են բերում։ Եւ  մենք սրանց իշխանութեան  վախճանն ամէն օր մօտեցնելու  ենք։

Մենք պէտք  է հակազդենք դաւաճանական  մէկ  այլ ծրագրի, որն արդեն տևական ժամանակ սրանք փորձում են կեանքի   կոչել։ Հետեւողականօրէն  Արցախը՝ Արցախի Հանրապետութիւնն  ու Արցախի ապագան, դուրս են մղուել  մեր երկրի ու ժողովրդի օրակարգից։ Արցախն անտէրութեան  է մատնուել: Արցախի մասին չեն խօսում։  Արցախի պաշտպանութեան  մասին չեն խօսում։  Այդ ուղղութեամբ  գործ չեն անում: Ձեռքերը լուացել  են Արցախեան  խնդրից։

Աւելին՝  իրենց դաւաճանութիւնը  քօղարկելու  համար պետական մակարդակով համոզում են մեր ժողովրդին, որ Արցախը բեռ էր, որից ազատուեցինք։

Մենք չպէտք  է դա թոյլ  տանք։ Արցախին մենակ չպէտք  է թողնենք։ Ու հիմա Արցախը մեր կարիքն ունի։ Մենք նրա թիկունքին պէտք  է կանգնենք:

Կեանքը  ցոյց  տուեց , որ Արցախը ոչ թէ  բեռ է, այլ մեր անվտանգության միջնաբերդը։ Չկայ  Արցախ, չկայ  Հայաստան: Մեր համազգային պայքարը, նպատակները սրանք չեն կարողանալու մեզանից խլել։

Հետևաբար, Արցախը մեր Հայրենիքն է, իսկ Շուշին կայ ու կը մնայ հայկական:

Սիրելի՛ հայրենակիցներ, մենք շարունակելու ենք պայքարը: Շարունակելու ենք ազատագրել մեր ժողովրդին կեղծիքից, ստից, մանիպուլյացիայից։ Մեզ սպասում է դժուար  աշխատանք մեր ամէն մի հայրենակցի հետ, որ արթնացնենք նրա մեջ վեհն ու արժանապատիւը, որ կարևորուի կիրթն ու գեղեցիկը, յաղթածն  ու գլուխը վեր պարզածը, որ դիմագրաւենք  իշխանական կեղծ ու լկտի քարոզչութիւնը։ Ամեն մէկս  գործ ունենք անելու։

Սա է մեր այսօրեայ  մարտահրաւէրը՝  առանց դադարի աշխատանք: Սա է մեր առաքելութիւնը։

Մենք շարունակելու ենք չարիքի իշխանութեան  դէմ  պայքարը։ Մենք ստանձնում ենք արժանապատիւ, ուժեղ պետութիւն  կառուցելու համար պայքարի պատասխանատուութիւնը։

Վստահ եղէք՝  մենք միասին սրանց հեռացնելու ենք և պետականութիւնը  վերադարձնելու ենք ժողովրդին:

Վստահ եղեք՝ մենք արժանապատիւ  ազգ ու պետութիւն  ենք դառնալու և

Հայաստանը դարձնելու ենք ապրելու երկիր:

Կեցցէ՛  Հայ ազգը,

Կեցցէ՛  Արցախը,

Կեցցէ՛  Հայկական սփիւռքը ,

Կեցցէ՛  Հայաստանը։

Leave a Comment

You must be logged in to post a comment.