Իշխանութեան Վերջին Եւ Գլխաւոր Առաքելութիւնը

ԱՐԱ ՆՌԱՆԵԱՆ

Յեղափոխութիւնները լինում են տարբեր: Պարտադիր չէ, որ նրանք ուղեկցուեն իշխանափոխութեամբ: Պատմութիւնը գիտի դէպքեր, երբ գործող իշխանութիւնը կամ առկայ համակարգը իր մէջ ուժ ու վճռականութիւն է գտնում գնալ ցաւոտ, սակայն խիստ անհրաժեշտ արմատական բարեփոխումների: Նման յեղափոխութիւններ կարող են տեղի ունենալ նոյնիսկ ամբողջատիրական հասարակութիւններում` առկայ համակարգի ներսում: Սակայն երբ բարեփոխումները հասունանում են, իսկ իրականութիւնից կտրուած կամ առաջընթացին դիմադրող իշխանաւորները հրաժարւում են փոփոխութիւններից, հասարակութիւնը բռնի ուժով պարտադրում է դրանք եւ այդ պարտադրանքը յաճախ նաեւ ուղեկցւում է իշխանափոխութեամբ: Բարեփոխումներն ու առաջընթացը պէտք է լինեն յեղափոխութեան հիմնական հետեւանքը, հակառակ դէպքում այն իմաստազուրկ է: Եւ իշխանափոխութիւնը դեռ յեղափոխութիւն չէ, եթէ չի ուղեկցւում հասարակական կեանքի արմատական բարեփոխմամբ:

Բազմիցս անդրադարձել ենք անկախութիւնից յետոյ մինչ օրս կառուցուող պետութեան սխալ մոդելին: Պետութեան եւ հասարակութեան կազմակերպման նէոլիբերալ գաղափարախօսական հոսանքը եւ հանրութեան մէջ արմատացած դոգմաները ձախողել են արդիւնաւէտ եւ ժամանակակից պետութիւն կառուցելու քայլարշաւը եւ պետութեանը հարկաւոր է զարգացման նոր մոդել, նոր տեսլական, անհրաժեշտ է իրական պետութիւն կառուցելու խնդրի լուծման համար նոր աշխարհայեացք:

Շատերին դեռ 2018 թուականի գարնանն ակնյայտ էր, որ իշխանութեան եկող նոր հոսանքը, ունենալով հինը քանդելու նպատակ, միաժամանակ չունի եւ չի կարող ունենալ նորը կառուցելու կարողութիւն: Ենթագիտակցօրէն եւ յաճախ` բնազդօրէն հասկանալով, որ ինչ որ բաներ նախկինում արուել են ոչ ճիշտ, իշխանական նոր խմբաւորումը չունի բարդագոյն խնդիրների խորքային պատկերացումներ, պրոբլեմների իրական ախտորոշում, դրանց պատճառների բացայայտում, իսկ պատրաստուածութեան բացակայութիւնը թոյլ չի տալիս գտնել բազմաթիւ հարցերի պատասխաններ, առաւել եւս` լուծումներ:

Եւ հէնց դա է պատճառը, որ իշխանափոխութիւնը չուղեկցուեց բազմաթիւ ոլորտների այդքան անհրաժեշտ բարեփոխումներով, որոնց ամբողջութիւնը կարելի էր անուանել յեղափոխութիւն: Անփորձութեան պատճառով աղաւաղուած են ընկալուել պատճառահետեւանքային կապերը եւ խառնուել առաջնայինն ու երկրորդականը:  Չհասկանալով եւ չընկալելով խնդիրները, նոր իշխանութիւնը չկարողացաւ կազմաքանդել հին արատաւոր համակարգի յենասիւները:

– Չի փոխուել պետական կառավարման համակարգի փիլիսոփայութիւնը, այն այդպէս էլ մնաց թոյլ պետութեան մոդելի անզօր պետական համակարգ, որը նոյնիսկ մեծ ցանկութեան դէպքում ի վիճակի չէ լուծել լուրջ խնդիրներ:

– Որեւէ քայլ չի արուել կիսակրիմինալ (կիսաքրէական- Խմբ.) ու կիսագրագէտ ՏԻՄ համակարգը վերացնելու եւ նոր վարչատարածքային բաժանմամբ նոր արդիւնաւէտ տեղական ինքնակառավարում ձեւաւորելու համար:

– Չի սանձուել պետութեանը չծառայող ֆինանսական կառավարման համակարգը, որը վաղուց երկրի տնտեսութեան իրական ստուերային կառավարիչն է: Սրա ապացոյցը տեսնում ենք ամէն օր, այդ թւում` վերջին հակաճգնաժամային միջոցառումներում:

– Տուրք տալով ֆինանսական համակարգի շանտաժին (մարտահրաւէրին-Խմբ.) եւ չտիրապետելով իրավիճակին, այս կառավարութիւնը ամբողջութեամբ գործադրեց նախկինից ժառանգած կուտակային կենսաթոշակային համակարգը, վախենալով պետութեանն ու ժողովրդին վերադարձնել արդէն տարուած միլիարդաւոր դրամներ եւ պետական բիւջէից տարեկան մսխելով 70 միլիարդ դրամ (եւ այդ թիւն ամէն տարի աճելու է):

– Էներգետիկայում (ուժանիւթի- Խմբ.) կոռուպցիոն (զեղծարարութիւն- Խմբ.) եւ ստուերային հոսքերը վերացնելու եւ ներքին ահռելի ռեսուրսները (աղբիւրները- Խմբ.) բացայայտելու փոխարէն, պարբերաբար այլ պետութեան ղեկավարութեանը խնդրւում  է իջեցնել գազի սակագինը սահմանին (նախկինները դա անում էին, որպէսզի ներսում ունենային «ռեսուրսներ», սակայն պարզ չէ, թէ ինչի է այս իշխանութիւնը դա անում):

– Հակամենաշնորհային քաղաքականութեան եւ իրական տնտեսական մրցակցութեան ապահովման փոխարէն գերադասուեց պարզապէս յայտարարել մենաշնորհների բացակայութեան մասին:

– Հարուստների եւ աղքատների միջեւ ահռելի տարբերութիւնը կրճատելուն ուղղուած քաղաքականութեան փոխարէն պրոգրեսիւ (յառաջդիմական- Խմբ.) հարկային համակարգը փոխարինուեց համահարթ համակարգով, որը պարգեւատրումներին զուգահեռ էլ աւելի բարձրացրեց հէնց իրենց` բարձրաստիճան պետական պաշտօնեաների եւ բարձր վարձատրուող ֆինանսական եւ հանքահումքային ոլորտի ղեկավարութեան եկամուտները:

– Ազգային փոխադրող ունենալու մասին վարչապետի յայտարարութիւններին հետեւեց լրիւ հակառակ քայլը` նախկիններից ժառանգած «բաց երկնքով» ձախողուած պատկերը էլ աւելի խորացաւ արտօնութիւնների միջոցով «բիւջէտային» փոխադրողների մուտքով:

– Բազմաթիւ ոլորտներում պետական մասնակցութեան վերականգնման փոխարէն առաջարկութիւններ են շրջանառւում մասնաւորեցումների վերաբերեալ (այդ թւում` առողջապահական ոլորտի կազմակերպութիւնների): Բարեբախտաբար, գոնէ քաղաքապետարանը սկսեց շահագործել աղբահանութեան մունիցիպալ (քաղաքապետական- Խմբ.) ընկերութիւն:

– Նոր իշխանութիւնը չիրականացրեց նաեւ իր կողմից հռչակուած ամենակարեւոր եւ առանցքային առաքելութիւնը` ապօրինի ձեռք բերուած գոյքի եւ ապօրինի հարստացմամբ ստացուած եկամուտների վերադարձը պետութեանը, քանի որ խօսելով թալանի եւ կոռուպցիայի մասին, այդպէս էլ չի պատկերացնում (կամ չի ցանկանում իմանալ) դրանց իրական մեխանիզմներն (գործիքակազմեր- Խմբ.) ու ճանապարհները:

Պետութեան նոր մոդելի եւ նոր պետական կառավարման համակարգի ձեւաւորման աշխատանքն իշխանութիւններն ամբողջութեամբ տապալել են, որի կարողութիւնը, ըստ էութեան, ոչ էլ ունեցել են: Միայն պետութիւնը եւ պետական համակարգը չճանաչողները կարող էին (կամ կարող են) ակնկալել, որ տուեալ թիմն ի վիճակի կը լինի այս ծանրագոյն առաքելութիւնը յաջողել:

Այո, այս իշխանութեան թիւ մէկ առաքելութիւնը պէտք է լինէր հին համակարգի կազմաքանդումը, սակայն այն կազմաքանդելու համար հարկաւոր էր երկու կարեւոր պայման` նախ հասկանալ հին արատների խորքային արմատները եւ ունակ լինել զուգահեռաբար կառուցել նոր համակարգեր, քանի որ հնի վերացման լաւագոյն ձեւը նորի կառուցումն է:

Սակայն ձախողելով այս ամէնը, իշխանութիւնն ունի եւս մէկ ոչ պակաս, իսկ գուցէ աւելի կարեւոր առաքելութիւն:

Անկախութեան 30 տարուայ ընթացքում Հայաստանում երբեք ընտրութիւններով իշխանափոխութիւն տեղի չի ունեցել: Եղել է իշխանութեան փոխանցում երկրի մէկ ղեկավարից միւսին, իսկ դրան յաջորդող ընտրութիւնները պարզապէս ամրագրել են առկայ պատկերը: Նոյնը տեղի ունեցաւ նաեւ այս անգամ:

Իր ելոյթներից մէկում վարչապետը յայտարարել էր, որ յեղափոխութիւնը կը համարի վերջնականապէս յաղթանակած, երբ ընտրութիւններով իշխանութիւնը կը զիջի այլ քաղաքական ուժին: Ողջունելի է այդ իսկապէս կարեւորագոյն հարցի ընկալումը: Սակայն այստեղ կայ մէկ նախապայման: Շատ կարեւոր է ոչ միայն այն, որ վերջապէս մի օր Հայաստանում ընտրութիւններով տեղի ունենայ իշխանութեան փոխանցում, այլ նաեւ այն, թէ ով է գալու իշխանութեան եւ ինչի համար: Յաջորդ իշխանութիւնը պէտք է իսկապէս լինի նորը եւ այն պէտք է լինի գաղափարական, ծրագրային, քաղաքական եւ աւելի լաւը, քան բոլոր նախկինները: Իսկ եթէ ընտրութիւնների արդիւնքում իշխանութեան գալու են հին գաղափարախօսութեան կրողները կամ տեղի է ունենալու աթոռի փոխանցում սեփական թեկնածուին, ապա դա ոչ միայն կը դառնայ նոր հիասթափութիւնների, այլ նաեւ նոր արտագաղթի պատճառ:

Հայաստանում անկախութիւնից յետոյ մշտապէս ջարդուել է քաղաքական համակարգը, իսկ գաղափարական ծրագրային պայքարը փոխարինուել մերձքաղաքական գործարքներով, այդ թւում` իշխանութեան փոխանցմամբ:

Անդէմ, անսկզբունք, ոչինչ չիմացող ու ոչինչ չհասկացող, սակայն քծնանքի կամ ժամանակին կողմնորոշուելու հոտառութեամբ եւ ճամբարափոխման յատուկ «տաղանդով» օժտուած գորշ զանգուածը տարիներ շարունակ վարկաբեկեց «քաղաքականութիւն» հասկացութիւնը Հայաստանում:

Քաղաքական գործիչը պէտք է ունենայ սկզբունքներ, գաղափարներ, լինի դրանց կրողը եւ հետեւողականօրէն իրագործողը։ Սակայն քաղաքական դաշտի շարունակական անապատացման պայմաններում քչերն են համապատասխանում սոյն սահմանմանը (մարդիկ դադարել են քաղաքական գործունէութեամբ զբաղուել։

Քաղաքական պայքարը վերածուեց պայքարի յանուն «կոտլետի» (ինչպէս իր յայտնի ելոյթներից մէկում բնութագրել էր լուսահոգի Վահան Յովհաննէսեանը)։

Քաղաքական դաշտում մարդիկ ոչ թէ սկզբունքներ ու ծրագրեր էին առաջ տանում, այլ աշխատում էին` «իշխանական» կամ «ընդդիմադիր», քծնող կամ քննադատող, եւ այդ ամէնը ոչ թէ յանուն գաղափարի, այլ անձնական բարեկեցութեան։

Քաղաքական անսկզբունք դատարկ դաշտը լցուեց ոչ պակաս անսկզբունք «քաղհասարակութեամբ»։ Այդ հատուածի գերակշիռ մասը (անշուշտ` ոչ բոլորը) ոչ թէ իրաւապաշտպան, բնապահպան, այս կամ այն հարցով ակտիւիստ են, այլ յատուկ պատուէրով աշխատում են «բնապահպան», «իրաւապաշտպան» կամ «ակտիւիստ»։ Մարդիկ ոչ թէ իսկապէս պայքարում էին կուտակայինի, Ամուլսարի, քաղաքաշինական ու բնապահպանական այլանդակութիւնների, բիւջէտային մսխումների կամ անարդարութիւնների դէմ, այլ գործում էին պատուէրի, քաղաքական նպատակայարմարութեան կամ անձնական շահի թելադրանքով։

Քաղաքական եւ հասարակական համակարգերի այդ ջարդի արդիւնքում է, որ Հայաստանում չձեւաւորուեց դասական գաղափարական քաղաքական կուսակցութիւնների համակարգը, իսկ վերջին ընտրութիւններում Ազգային ժողով անցան պոպուլիստական կուսակցութիւններ:

Հայաստանի բազմաթիւ խնդիրներ չեն լուծուելու` դրա համար անհրաժեշտ է, որ լինեն դրանք լուծողները (հակահամաճարակային քաղաքականութեան տապալումը պատահական չէ): Սակայն եթէ այս իշխանութիւնը կարողանայ ձեւաւորել առողջ քաղաքական համակարգ, որը կ’ապահովի իրենից յետոյ նոր արդիւնաւէտ իշխանութեան ձեւաւորումը, հանրութեան հանդարտացումը եւ պետութեան կայուն զարգացումը, ապա կարող ենք ասել, որ պատմական մեծագոյն առաքելութիւններից մէկը կատարուած է: Իսկ եթէ հերթական անգամ իշխանութիւնը յանձնուեց նոյն մեխանիզմների միջոցով կամ տեղի ունեցաւ հնի վերադարձ, որի օբյեկտիւ (առարկայական- Խմբ.) հաւանականութիւնը բացակայում է եւ հինը գործօն է բացառապէս ներկայիս իշխանութեան կողմից արհեստական կռիւ հրահրելով, ապա ներկաները պատմութեան մէջ կը մնան որպէս երկրի ամենաձախողուած ու ամենախայտառակ իշխանութիւնը:

Այսօր ներկաները բազմաթիւ ոլորտներում շարունակում են նախկինների վարած նոյն քաղաքականութիւնները: Ստացւում է, որ քաղաքական պայքարն իրականում ընթանում է յանուն «կ’երակրադաշտի», որը նորերը որեւէ կերպ չեն ցանկանում զիջել ուրիշներին:

Գաղափարախօսութիւնների, ռազմավարութիւնների, ծրագրերի կամ քաղաքականութիւնների պայքար այսօր տեսնելու համար պէտք է ունենալ վառ երեւակայութիւն:

Հասարակութեան մի մասը դեռ չի ուզում հաւատալ, որ այս ամէնը ընդամէնը կռիւ է յանուն «լափամանի», որը պինդ բռնել են «յեղափոխականները»: Մտածող հատուածը դեռ յոյս ունի, որ իրականում չկայ անձայն համաձայնութիւն նախկինների եւ ներկաների միջեւ` շարունակել բաժանել հասարակութիւնը սեւերի ու սպիտակների, «պիցցայակերների» ու «սորոսականների» եւ այլն։ Գուցէ դա ձեռնտու է ռեւանշիստներին (վրէժխնդիրներու- Խմբ.) կամ ներկայիս կարիերիստ (պատեհապաշտ, պաշտօնապաշտ-Խմբ.) պաշտօնեաներին, բայց դա պէտք չէ պետականութեանը։ Առողջ քաղաքական համակարգի եւ խաղաղ ու իրական իշխանափոխութեան խնդրով իշխանութիւնը պէտք է զբաղուի հէնց այսօր: Այո, ձախողեցին ամէն ինչ` հին համակարգի կազմաքանդումից մինչեւ կորոնավիրուսի դէմ պայքար, բայց պատմութիւնը բազմաթիւ սխալներ, մեղքեր, մսխումներ եւ այլն, կը ների միայն մի դէպքում` եթէ իշխանութիւնը կատարի իր վերջին առաքելութիւնը` իրենից յետոյ գայ աւելի լաւ իշխանութիւն, որը չի լինի հին արատաւոր համակարգի գաղափարական կրողը եւ ունակ կը լինի կառուցել նոր ժամանակակից պետութիւն` նոր մտածելակերպով ու աշխարհայեացքով։

Իրատեսները չեն հաւատում իշխանութեան իմաստութեան ու խոհեմութեանը: Ներկայ պաշտօնեաները մտածում են, որ դեռ ժամանակ կայ, սակայն չարաչար սխալւում են: Նախկիններն էլ էին մտածում, որ դեռ շատ ժամանակ ունեն, սակայն ճակատագիրը յաճախ այդ հնարաւորութիւնը չի տալիս: Ոմանց իշխանական առանձնասենեակներից եւ առանձնատներից շատ բաներ լաւ չեն երեւում: Կեանքը ցոյց է տալիս, որ լինել սկզբունքային եւ գաղափարական, լինել օբյեկտիւ եւ անաչառ` անկախ զբաղեցրած դիրքից ու պաշտօնից, ցաւօք, տրուած է ոչ բոլորին:

Իրենից յետոյ նոր ու աւելի պատրաստուած քաղաքական թիմին իշխանութիւն յանձնելը ցանկացած իշխանութեան համար ոչ պակաս կարեւոր առաքելութիւն է, քան իրենց օրօք գրանցուած նուաճումները: Ժամանակին, գեղեցիկ ու գրագէտ հեռանալը նոյնպէս արուեստ է: Եթէ չէք հաւատում, ապա հարցրէք այդ ամէնով անցած նախկին իշխանաւորներին: Իրենք կը հաստատեն:

«ԱՌԱՒՕՏ»

Leave a Comment

You must be logged in to post a comment.