«Ինչքան Կայ Հայրենիքում Ապրելու Կամքը, Մենք Կը Լինենք Արցախի Կողքին». Ռ. Ճանպազեան

ԿԱՐԻՆԷ ԴԱԴԱՄԵԱՆ
«Ամարաս» թերթի գլխաւոր խմբագիր

Ռուբէն Ճանպազեանը «Թուֆէնքեան» բարեգործական հիմնադրամի հանրային կապերի տնօրէնն է: Ծնունդով Քանատայից է, մի տարի է, ինչ տեղափոխուել է Հայաստան ու փետրուարից ի վեր աշխատում է «Թուֆէնքեան» բարեգործական հիմնադրամում:

«Արցախի ժողովրդին օգնելու համար ամենազդեցիկ ձեւը կենտրոնանալն է աշխարհագրական մէկ վայրի վրայ` համագործակցելով պատկան մարմինների հետ, եւ պատերազմից յետոյ որոշեցինք, որ այդ վայրը լինեն Մարտունու շրջանի Հերհեր ու նրան հարակից գիւղերը: Նաեւ մեր գործունութիւնը ծաւալում ենք Մարտունի քաղաքում», իրականացուող աշխատանքների մասին մեր հանդիպման ժամանակ ներկայացրել է Ռ. Ճանպազեանը:

«Թուֆէնքեան» հիմնադրամն իր գործունութիւնը Հայաստանում սկսել է դեռեւս 1999-ին, իսկ 2003-ից աշխատանքներ է ծավալում նաեւ Արցախում: Ծրագրերի մեծ մասը Քաշաթաղի շրջանում էր իրականացնում: Արցախեան վերջին պատերազմից յետոյ հոգաբարձուների եւ աշխատակազմի հետ համատեղ որոշեցին շարունակել աշխատանքն Արցախում` Մարտունու շրջանում: «Քանի այստեղ կայ հայ, քանի գիտենք, որ սա մեր բնիկ հողն է, մենք պիտի լինենք տեղում` մեր ժողովրդի կողքին», ասում է Ռ. Ճանպազեանը:

Արդէն հիմնովին վերանորոգուած իններորդ տունն է շահագործման յանձնուել յետպատերազմեան շրջանում, տրամադրւում են կենցաղային օգտագործման տարբեր պարագաներ: Շահառուները զոհուած, վիրաւոր զինծառայողների, անապահով ընտանիքներն են:

Ընտանիքների ընտրութիւնը կատարում են համագործակցութեամբ պետական տարբեր մարմինների` նախարարութիւնների, յանձնաժողովների հետ: Արցախից օգնում են տեղեկութիւններ տրամադրելով, որպէսզի կարողանան ճիշդ ու նպատակային օգտագործել միջոցները:

Պատասխանատուի խօսքերով, Մարտունու շրջանում շինարարութիւնից բացի, կը շարունակեն բուժկէտերի վերանորոգման աշխատանքները: Դրանք տեղում միակ բուժօգնութիւն ցոյց տուող կէտերն են, որոնք նոյնպէս բարեկարգման կարիք ունեն: Հիմնադրամն իր գործունէութեան սկզբից նաեւ այս ոլորտում է շատ մեծ կենտրոնացում անում:

Նաեւ կրթական համակարգում են աշխատանք ծաւալում` դպրոցների վերանորոգում, դպրոցական ծրագրերին օժանդակութիւն®

Վերջերս Մարտունու 29 կրթօճախների նուիրել են տարրալուծարանի սարքաւորումների հաւաքածուներ: Հաւատում են, որ հաւաքածուները կ՛օգնեն սովորողներին` փորձառութիւն ձեռք բերել եւ գործնական աշխատանքով սովորել:

Պատերազմը նոյնիսկ գործելաոճը փոխեց. «Թուֆէնքեան հիմնադրամը երբեւիցէ սննդի բաշխումներ չի իրականացրել, սակայն յետպատերազմեան շրջանում Հերհերում, Խնուշինակում սնունդ են բաժանել, որովհետեւ համայնքների ղեկավարները որպէս առաջնահերթութիւն դրա մասին են նշել: Որտեղ կարիք կայ, հնարաւորութեան սահմաններում աջակցում են նուիրատուների նուիրատուութիւններով: «Աշխարհի չորս կողմում մեր նուիրատուներն ունենք` Ամերիկայից մինչեւ Եւրոպա, Եւրոպայից մինչեւ Միջին Արեւելք ու Հայաստան: Մեր կողքին են, որովհետեւ հաւատում են մեր աշխատանքին, նաեւ` Արցախի մեր աշխատակազմին, որը քաջատեղեակ է տեղի խնդիրներին:

«Մեր շնորհակալութիւնը պիտի յայտնենք Արցախի ժողովրդին: Դժուար է, բայց ինչքան կայ արցախեան ժողովուրդը, հայրենիքում ապրելու կամքը, մենք կը լինենք Արցախի կողքին: Սա մեր մէջքն ուղղելու համար է, որպէսզի կարողանանք հայրենիք պահել ու զարգացնել: Այստեղ բոլորս ենք տուժուածի կարգավիճակում: Կարծում եմ` դժուարութիւնը ժամանակաւոր է: Մենք կ՛անցնենք նոր` տնտեսական, ընկերային զարգացմանը նպաստող ծրագրերի իրականացմանը», նշեց նա:

Ապագայ ծրագրերին անդրադառնալով` յաւելեց, որ բնակարանների եւ առանձնատների վերանորոգումները կը շարունակուեն: Կայ հինգ տուն եւս, որոնց վերանորոգման աշխատանքները ընթացիկ են կամ պիտի սկսուեն, կը շարունակուեն բուժկէտերի վերանորոգումները, կան կրթական ծրագրեր:

«Մարտունու ժողովուրդը դիմադրող ժողովուրդ է ու առաջին անգամ չէ, որ գտնուում է յետպատերազմեան շրջանում: Այո, արդիւնքն այլ է, բայց ուժ կը գտնեն ու առաջ կ՛անցնեն: Պարզապէս ուզում ենք ասել, որ ձեզ հետ ենք, ձեր կողքին, հպարտ ենք ձեզնով: Ցանկանում ենք, որպէսզի խաղաղ լինի այս հողը, որ հազարամեայ աւանդը շարունակենք», բարեմաղթեց Ռ. Ճանպազեանը:

(Լուսանկարները` «Ամարաս» թերթէ

Leave a Comment

You must be logged in to post a comment.