«Ինչո՞ւ ԱՄՆ պետքարտուղարը հանդիպեց Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ». Սուրէն Սարգսեան

Սուրէն Սարգսեանը ֆէյսպուքեան իր էջում գրում է․ «Ինչու ԱՄՆ պետքարտուղարը հանդիպեց Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ:

Ասեմ միանգամից։ Հանդիպումը կրում էր «տարածաշրջանային» բնոյթ։ Այսինքն քննարկման հիմնական թեման ԼՂ հակամարտութիւնն ու 44 օրեայ պատերազմից յետոյ ձևաւորուած իրողութիւններն էին, այլ ոչ թէ երկկողմ օրակարգերը։ Երկկողմ օրակարգեր առանձնապէս չկան (Ադրբեջանի մօտ մի քիչ շատ, մեզ մոտ աւելի քիչ)։ Փաստ է, որ եթէ չլիներ 44 օրեայ պատերազմը, ոչ Պոմպէօն ու Մնացականեանն էին հանդիպելու, ոչ էլ Միրզոյեանն ու Բլինքենը, քանի որ առանձնապէս քննարկելու բան չկայ։

Ի՞նչ քաղաքականութիւն է վարում ԱՄՆ-ն յետպատերազմական Հարաւային Կովկասում։

1. Նախ, ԱՄՆ-ն չի կարող անմասն մնալ Հարաւային Կովկասից՝ որպէս գլոբալ գերտերութիւն։
2. Ընդ որում, խօսքը գնում է ոչ միայն կոմունիկացիաների բացման, այլ նաև Մինսկի Խմբի գործունէութեան մասին։ Նաև դրա համար է, որ ԱՄՆ-ն յայտարարում է, որ ԼՂ հակամարտութիւնը դեռևս չի կարգաւորուել և կողմերը չունեն վերջնական լուծում։ Սա նշանակում է, որ պէտք է լինեն բանակցութիւններ նաև ԱՄՆ ներգրաւուածութեամբ։
3. ԱՄՆ-ն վերջին տարուայ ընթացքում որոշակիօրէն դուրս էր մնացել բանակցային գործընթացից՝ տեղը զիջելով ՌԴ-ին։
4. 3+3 ձևաչափի ձևաւորումը նոյնպես կը նշանակէր ԱՄՆ-ին դուրս թողնել տարածաշրջանային գործընթացներից՝ գոնէ ուղղակի ազդեցութեան տեսանկիւնից։ Կարծում եմ Վրաստանը հրաժարւում է այս ձևաչափին մասնակցել՝ ԱՄՆ գործօնը հաշուի առնելով։
5. ԱՄՆ-ն ցանկանում է շարունակել ազդեցիկ գործօն լինել Իրանի հարևանութեամբ և Ռուսաստանի ուժեղ ազդեցութեան տակ գտնուող տարածաշրջանում։
Փաստ է, որ եռակողմ համաձայնութիւնները պէտք է լեգիտիմացուեն նաև Արևմուտքի կողմից։ ԱՄՆ-ն (արդէն երեկ) և ԵՄ-ն (մի քանի օրից Պրիւքսելում) կը դնեն այդ գործընթացի սկիզբը։ Դա Ռուսաստանին էլ է անհրաժեշտ, քանի որ նախ դա կը նշանակի պատասխանատուութեան կիսում, ինչպէս նաև կասկածի տակ այլևս երբեք չի դրուի յայտարարութիւնների լեգիտիմութիւնը Արևմուտքի կողմից:
6. Իրան-ԱՄՆ բանակցութիւնները դեռևս լուրջ արդիւնք չեն տուել և ԱՄՆ-ն պէտք է տարածաշրջանում առաւել ամրապնդուելու քաղաքականութիւն վարի, Իրանին ինչ որ ձևով զսպելու կամ ճնշելու համար։

Իսկ շատ գլոբալ տեսանկիւնից ԱՄՆ քաղաքականութիւնը «ստրատեգիական սպասման» և «հարմար դիրքաւորման» բնոյթ ունի Հարաւային Կովկասի և դրա հարևան երկրների մասով»։

Leave a Comment

You must be logged in to post a comment.