Ի՞նչ էր ենթադրում Կազանեան փաստաթուղթը. Սերժ Սարգսեանը խօսել է նաև «Լաւրովեան» պլանի մասին

          Երրորդ նախագահի խօսքով` այն միտքը, թէ Ատրպէյճանցիները կարող էին երբեք չճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքը՝ յղում անելով ապագային, բացառւում էր, որովհետև այդ դէպքում Ատրպէյճանցիները երբեք ետ չէին ստանալու ո՛չ Լաչինը, ո՛չ Քարվաճառը։

Sputnik. Armenia

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսեանը՝ «Արմնիուզ» հեռուստաընկերութեանը տուած հարցազրոյցում ասել է, որ Կազանեան փաստաթուղթը ենթադրում էր ԼՂ կարգավիճակ՝ Ատրպէյճանից դուրս։

«Մենք ստանալու էինք միջազգայնօրէն երաշխաւորուած խոստում, որ ԼՂ վերջնական կարգավիճակը պէտք է որոշուի ԼՂ բնակչութեան ազատ կամարտայայտմամբ, որն ունի պարտադիր իրաւական ուժ, և որի օրակարգը ոչնչով չի սահմանափակւում։ Դա մեզ հնարաւորութիւն էր տալիս շատ հանգիստ գնալ խնդրի լուծման, այո, փոխզիջումների միջոցով։ Բացի դրանից, մենք ստանում էինք ԼՂ միջանկեալ կարգավիճակ, որը, ինչպէս և՛ Ատրպէյճանի նախագահը, և՛ համանախագահները որակում էին որպէս «այսօրուայ իրողութիւն պլիւս»»,– նշել է նա։

Սարգսեանի խօսքով` այդ միջանկեալ կարգավիճակով ԼՂ-ն ստանում էր անվտանգութեան եօթ երաշխիք։

«Առաջին կէտը հետևեալն էր՝ Լեռնային Ղարաբաղի անվտանգութիւնն ապահովում են ԼՂ ինքնապաշտպանութեան ուժերը, որ ՀՀ-ն պաշտօնապէս հանդիսանում է ԼՂ անվտանգութեան երաշխաւորը, որ ԼՂ-ի գործադիր և օրէնսդիր մարմինների ընտրութիւնը ճանաչւում է միջազգային հանրութեան կողմից, որ ԼՂ-ում դատաիրաւական համակարգը համարւում է, այսպէս ասած, ճանաչուած միջազգային հանրութեան կողմից, խաղաղապահների մասնակցութիւն և այլն։ Եւ ԼՂ-ն իրաւունք էր ստանում, խնդրում եմ՝ ուշադրութեամբ լսէք, անդամակցել միջազգային այն կառոյցներին, որոնց անդամակցելու համար անկախութիւնը պարտադիր պայման չէր․ պլիւսը դա էր։ Եւ մինչև ԼՂ անկախութեան օրը՝ մինչ հանրաքուէի օրը մենք ունենում էինք մեր վերահսկողութեան տակ Լաչին և Քարվաճառ շրջանները»,–նշել է ՀՀ երրորդ նախագահը։

Նա նշել է, որ այդ փաստաթղթում ցամաքային սահմանի կամ միջանցքի մասին խօսք չկար։

«Ընտրւում էր 4 կոմիտէ, այդ կոմիտէներից մէկը զբաղւում էր հանրաքուէով, միւսը զբաղւում էր Քարվաճառից մեր բնակչութեան, հայկական բնակչութեան տարհանման, Ատրպէյճանցիների գալով, բայց դա երբեք չէր յանձնւում Ատրպէյճանի վերահսկողութեանը, և դրանք փոխկապակցուած էին։ Որքանով առաջ էր գնում հանրաքուէի գաղափարը, որքանով օրը մօտենում էր, զուգահեռաբար նաև այս խնդիրն էր լուծւում։ Վերադարձող Ատրպէյճանցիները չէին մասնակցելու հանրաքուէին»,–ասել է նա։

Այսինքն՝ դա նշանակում էր, որ ԼՂ իշխանութիւնները պէտք է որոշէին, թէ ինչպիսի օրակարգով է տեղի ունենալու հանրաքուէն։

«Ինչպէս յայտնի է, Կազանում Ատրպէյճանցիները հրաժարուեցին այդ փաստաթուղթը ստորագրել, թէև արդէն 2011-ի յունիսի 11-ին մենք ՌԴ արտգործնախարար Սերկէյ Լաւրովի ստորագրութեամբ նամակ էինք ստացել, որ բանակցութիւններն աւարտուած են, տեքստը վերջնականապէս համաձայնեցուած է, և յունիսի 24-ին Կազանում առաջարկւում էր ստորագրել այս տեքստը։ Եթէ չեմ սխալւում, յունիսի 23-ին ինձ զանգահարեց ԱՄՆ նախագահը՝ Օպաման, և ասաց, որ ինքը շատ է խրախուսում, որ մենք ցուցաբերենք արիութիւն և ստորագրենք այդ փաստաթուղթը։ Նոյն բովանդակութեամբ նամակ եմ ստացել նաև Ֆրանսիայի նախագահից՝ Սարքոզիից։ Երկու դէպքում էլ ես պատասխանել եմ, որ մենք պատրաստ ենք ստորագրել այս փաստաթուղթը, բայց ես գրեթէ վստահ եմ, որ Ատրպէյճանը հրաժարելու է այդ փաստաթուղթը ստորագրելուց։ Ինչևէ, մենք գնացինք Կազան, ես դրա մասին հանգամանօրէն խօսել եմ Կիսելիովի հետ ռեպորտաժում և այլն»,–պատմել է նա։

Սարգսեանը վերյիշել է, թէ 2014-ին համանախագահ երկրներից մէկի ղեկավարներից մէկն ինչպէս է ուղիղ հարցրել` ո՞րն է իր նպատակը Ղարաբաղի հարցում` ուզո՞ւմ է արդեօք` խնդիրը լուծուի, թէ՞ ուզում է ստատուս քվօն պահպանել։

«Ես անկեղծօրէն ասացի, որ ուզում եմ խնդիրը լուծել, չեմ ուզում այս խնդիրը թողնել յաջորդ սերունդների ուսերին։ Յաջորդ հարցը հետևեց՝ իսկ քո պատկերացմամբ՝ ինչպէ՞ս կարող է այս խնդիրը լուծուել։ Ես էլ ուղիղ ասացի հետևեալը՝ իմ պատկերացմամբ՝ խնդիրը կարող է ունենալ երկու լուծում՝ մէկ՝ վերջնական լուծում, մէկ՝ այսպէս ասած, կիսալուծում։ Վերջնական լուծումը ես պատկերացնում եմ հետևեալ կերպ՝ Ատրպէյճանն ընդունում է, որ ԼՂ-ն անկախ է, ճանաչում է ԼՂ անկախութեան փաստը։ Այդ դէպքում ես վերադառնում եմ Երևան և իմ թիմակիցներին համոզում եմ, որ այդ պարագայում մենք պարտաւոր ենք Ատրպէյճանին վերադարձնել եօթ շրջանները, որոնք կազմում էին այդ անվտանգութեան գօտին՝ բացառութեամբ ՀՀ-ի հետ ցամաքային սահման կազմող միջանցքի, որը պէտք է լինի ոչ թէ ինչպէս այսօր՝ 2,5 քմ-անոց, այլ բաւարար միջանցք՝ անվտանգ հաղորդակցելու համար ԼՂ-ի հետ։ Այնուհետև գնում եմ ԼՂ, համոզում եմ իմ մարտական ընկերներին, ԼՂ ղեկավարութեանը, որ սա ճիշտ լուծում է։ Եւ երբ երկու տեղում ստանում եմ համաձայնութիւն, ապա կամաց-կամաց այս գաղափարը նաև սկսում ենք հանրայնացնել։ Ես չեմ երաշխաւորում, որ այս գաղափարը կարող եմ իրականացնել։ Բայց ես պատրաստ եմ մտնել այս բեռի տակ, որովհետև իմ համոզմամբ՝ սա ճիշտ լուծումն է։ Սա առաջին տարբերակն է։ Երկրորդ տարբերակը հետևեալն է։ Ատրպէյճանը ճանաչում է, որ ԼՂ վերջնական կարգավիճակը պէտք է որոշի ԼՂ բնակչութիւնը՝ առանց որևէ ժամկէտային սահմանափակումների։ Բայց այդպէս պէտք է լինի՝ Ատրպէյճանը դա պէտք է ընդունի, միջազգային հանրութիւնը դա պէտք է հաստատի։ Այդ պարագայում ես նորից վերադառնում եմ ՀՀ, իմ թիմակիցներին համոզում եմ, որ այսպիսի լուծման կամ կիսալուծման պարագայում մենք պարտաւոր ենք Ատրպէյճանին վերադարձնել 5 շրջանները, ունենալ ԼՂ միջանկեալ կարգավիճակ, իսկ այդ միջանկեալ կարգավիճակի մասին ես ասացի, այնուհետև նոյն պրոցեսը՝ ԼՂ, մարտական ընկերներ, Ղարաբաղի իշխանութիւններ»,–ասել է նա։

Երրորդ նախագահի խօսքով` այն միտքը, թէ Ատրպէյճանցիները կարող էին երբեք չճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքը՝ յղում անելով ապագային, բացառւում էր, որովհետև այդ դէպքում Ատրպէյճանցիները երբեք ետ չէին ստանալու ո՛չ Լաչինը, ո՛չ Քարվաճառը։ Այսինքն՝ այդ տարբերակի ամբողջ իմաստը կայանում էր նրանում, որ Լաչինի և Քարվաճառի՝ Ատրպէյճանին վերադարձնելու ժամկէտը շատ սերտօրէն կապակցուած էր ԼՂ անկախութեան մասին հանրաքուէ անցկացնելու հետ։ Այդ պատճառով էին ասում ՝ 5+2, ոչ թէ 7։

Անդրադառնալով Լաւրովեան փաստաթղթին` Սարգսեանը նշել է, որ որպէս այդպիսին` այն գոյութիւն չի ունեցել։

Ինչն է անուանուել Լաւրովեան փաստաթուղթ. Կազանեան փաստաթղթի Մատրիտեան սկզբունքների մոդիֆիկացուած տարբերակը Լաւրովը առաջարկել է համանախագահների անունով, և երբեք չի եղել մի, այսպէս ասած, բանակցային պրոցես, որ համանախագահներից որևէ մէկն առանձին իր գաղափարներն առաջարկէր։

«Միշտ համաձայնեցուած է եղել։ Սա էր այն, ինչի մասին ես ասացի։ Կազանեան փաստաթուղթը միակ փաստաթուղթն է, գոնէ մինչև 2018-ը դարձել էր աշխատանքային։ Եւ այդ փաստաթուղթը, գտնւում է ԵԱՀԿ դեպոզիտարիայում։ Այլ աշխատանքային փաստաթուղթ չի եղել։ Ես ոչ միայն պատրաստ էի ստորագրել, այլ ես բացառապէս համաձայնել եմ մնալ ՀՀ վարչապետ, որ իրականացնեմ այդ տարբերակը։ Եւ ես այն ոչ թէ պէտք է գաղտնի ստորագրէի, այլ բնականաբար, երբ հասնէինք նրան, ինչին ձգտում էինք, ապա այդ տարբերակը, ես չեմ ասում՝ հանրաքուէի կը դնէինք և այլն, բայց շատ մեծ և բուռն քննարկման առարկայ կը դարձնէինք հասարակութիւնում։ Ես վստահ չէի, որ հասարակութեան մեծ մասը դրան կարող էր սատարել, իհարկէ, եթէ հիմա հնարաւորութիւն ունենայինք պատմութեան անիւը ետ պտտելու և վերադառնալու 2018, կարծում եմ՝ մեր բնակչութեան 99 տոկոսը դրան կողմ կը լինէր»,–ասել է Սարգսեանը։

Նրա խօսքով`Ապրիլեան իրադարձութիւնների օրերին, երբ իրեն նամակ են յղել «Լոյս» հիմնադրամի աւելի քան 60 շահառուներ և յորդորել, որ հրաժարական տայ, նրանց բացատրել է, որ իր մնալու միակ պատճառը այդ խնդիրը լուծելն է։

«Մինչ այդ եմ ասել դրա մասին, բազմաթիւ անգամներ եմ ասել։ Ընդունում եմ իմ մեղքը, մի գուցէ քիչ եմ ասել, բայց արդեօ՞ք եթէ շատ ասէի, դա կ’օգնէր գործին․ չէր օգնի։ Բայց ինչ էինք արդիւնքում ստանալու։ Այս մասին էլ եմ ուզում ասել, շատ հետաքրքիր բան է։ Քանի որ Ատրպէյճանը, պարզ է, շատ դժկամութեամբ էր շարունակում բանակցութիւններն այդպիսի պայմանների շուրջ, մենք մտածեցինք տարբերակ՝ ունենալ երեք փաստաթուղթ․ մէկ փաստաթուղթը ստորագրել Ատրպէյճանի հետ, որ ամբողջովին չէր բաւարարում մեր նուազագոյն ցանկութիւնները․ խօսքը հետևեալի մասին է՝ առաջին կէտը, երբ խօսում էր ԼՂ բնակչութեան ազատ կամարտայայտութեան մասին, ձևակերպուած էր, ինչպէս ասացի, հետևեալ կերպ, որ ԼՂ վերջնական կարգավիճակը որոշւում է ԼՂ բնակիչների ազատ կամարտայայտութեամբ, որն ունի պարտադիր իրաւական ուժ, և որի օրակարգը ոչնչով չէր սահմանափակւում։ Այս վերջին պարբերութիւնը, վերջին բառակապակցութիւնը կտրականապէս Ատրպէյճանին չէր բաւարարում, ինչո՞ւ, որովհետև առաջին երկու ձևակերպումները տեղաւորւում էին իր Սահմանադրութեան շրջանակներում, բացի դրանից՝ վերջում Ատրպէյճանը շատ հանգիստ կարող էր ասել՝ այո, ազատ կամարտայայտութեամբ, որն ունի պարտադիր իրաւական ուժ, բայց, հաշուի առնելով Ատրպէյճանի Սահմանադրութիւնը, չի կարող լինել հանրաքուէ՝ Ատրպէյճանի տարածքային ամբողջութեանը վերաբերող։ Դրա համար մտածուել էր հետևեալ գաղափարը, որ Ատրպէյճանի հետ ստորագրուի փաստաթուղթ՝ առանց այս վերջին իմ ասած մտքի՝ «օրակարգը ոչնչով չի սահմանափակւում», դրան անմիջապէս զուգահեռ ունենալ համանախագահ երկրների յայտարարութիւնը՝ այս պարբերութեամբ հանդերձ և ողջամիտ ժամկէտներում ունենալ ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի բանաձևը՝ համանախագահների յայտարարութեան հիման վրայ»,–ասաց նա։

Սարգսեանի խօսքով` իրենք այդ պայմանաւորուածութիւնը ունէին արդէն 2016-ի աշնանը՝ Ապրիլեան պատերազմից յետոյ, այսինքն՝ սրանով ևս մէկ անգամ հերքւում է այն միտքը, որ Ապրիլեան պատերազմի արդիւնքներով իրենք իբր պայմանաւորուել էինք հենց այնպէս Ատրպէյճանին վերադարձնել եօթ շրջան։

ՀՀ երրորդ նախագահը չի բացառել, որ երբևէ կը հրապարակեն այդ նախագծերը։

Leave a Comment

You must be logged in to post a comment.