Թուրքական սիրալիրութիւնը շատ արագ կարող է վերադառնալ բայրաքթարային տրամաբանութեան շրջանակ

ԵՊՀ արևելագիտութեան ֆակուլտետի դեկան, թուրքագէտ Ռուբէն Մելքոնեանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Հայաստանի և Թուրքիայի յատուկ ներկայացուցիչներ Ռուբէն Ռուբինեանի և Սերդար Քըլըչի` Վիեննայում փետրուարի 24-ին կայանալիք երկրորդ հանդիպմանը։

Հայ–թուրքական յարաբերութիւնների ամբողջ պատմութեան ընթացքում ինչ–որ առումով պահպանուել է հաւասարակշռութիւն, և 1990-ականներից սկսած` հայ–թուրքական շփումներ, հանդիպումներ եղել են Եւրոպայում, ուստի նաև աշխարհաքաղաքական հաւասարակշռութիւնը պահպանելու համար որոշել են բանագնացների երկրորդ հանդիպումն անցկացնել Վիեննայում, Sputnik Արմենիայի հետ զրոյցում ասաց թուրքագէտ Ռուբէն Մելքոնեանը։

«Այդուհանդերձ տուեալ հանգամանքը հակասում է թուրքական կողմի յայտարարութեան տառին և ոգուն, քանի որ Անկարայի ցանկութիւնն էր նմանատիպ հանդիպումներ անցկացնել կա՛մ Հայաստանում, կա՛մ Թուրքիայում` առանց միջնորդների։ Սա աւելի շատ ոչ թէ բանակցութիւններում Ռուսաստանի խորքային ներգրաւումն է, այլ պարզապէս յարգանքի դրսևորում ստեղծուած աշխարհաքաղաքական կոնյուկտուրայի նկատմամբ, ըստ որի` եթէ հանդիպում է կայանում Մոսկուայում, ապա կարող է կազմակերպուել նաև Արևմուտքում, եւրոպական ինչ–որ երկրում»,– նշեց թուրքագէտը։

Մելքոնեանի դիտարկմամբ` աւելի հաւանական է, որ Վիեննայում տեղի կ’ունենայ դիրքորոշումների քննարկում, մանաւանդ որ թուրքական կողմը մի քանի անգամ յայտարարել է մօտաւորապէս այն օրակարգի մասին, որն իր կանխատեսմամբ պէտք է դիտարկուի։ Ըստ նրա` Հայաստանի և Թուրքիայի միջև վստահութեան պակասը թուրքական կողմի պնդմամբ պայմանաւորուած է Հայոց ցեղասպանութեան խնդրով, արցախեան հիմնահարցով, Կարսի պայմանագրի հարցով, և եթէ նման հարցեր են քննարկուելու յաջորդ հանդիպման ընթացքում, ապա դա, ըստ Մելքոնեանի, կարելի է ուղղակի կամ անուղղակի համարել թուրքական նախապայմանների բարձրաձայնում։

Մելքոնեանի համոզմամբ` թուրքական կողմի դրական մեսիջներից կամ յայտարարութիւններից չարժէ ոգևորուել և թուլացնել զգօնութիւնը, քանի որ այդ հրաւէրներն ու սիրալիրութիւնները շատ արագ կարող են վերադառնալ բայրաքթարային տրամաբանութեան շրջանակներ։

Յիշեցնենք` Հայաստանի և Թուրքիայի միջև դիւանագիտական յարաբերութիւններ չկան. 2009 թուականին Ցիւրիխում երկու երկրների արտգործնախարարները դիւանագիտական յարաբերութիւններ հաստատելու մասին արձանագրութիւններ ստորագրեցին, սակայն այդ փաստաթղթերն այդպէս էլ չվաւերացուեցին։

Երևանն ու Անկարան 2021 թուականի դեկտեմբերին յայտարարեցին, որ պատրաստ են յարաբերութիւնների կարգաւորմանն ուղղուած յստակ քայլեր ձեռնարկել և երկուստեք յատուկ ներկայացուցիչներ նշանակեցին, Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբէն Ռուբինեանին։

Յունուարի 14-ին Հայաստանի և Թուրքիայի յատուկ ներկայացուցիչները հանդիպեցին Մոսկուայում։

Աւելի ուշ ԱԳՆ–ն յայտարարեց, որ կողմերը համաձայնել են շարունակել լիարժէք կարգաւորմանն ուղղուած բանակցութիւնները՝ առանց նախապայմանների։

Ռուբէն Ռուբինեանի և Սերդար Քըլըչի յաջորդ հանդիպումը նախատեսուած է փետրուարի 24-ին Վիեննայում։

Leave a Comment

You must be logged in to post a comment.