Թշնամին ի՞նչ գործ ունի Սիւնիքում

Այնտեղ, որտեղ Ատրպէյճանը յենակէտեր է դրել, հայկական տարածքներ են՝ չնայած որոշ պաշտօնեաների պնդումներին, թէ դրանք Ատրպէյճանական տարածքներ են։ Քանի որ սահմանազատում ցանկանում են իրականացնել 1970-ական թուականների քարտէզով, այնտեղ տուեալ ճանապարհի որոշ հատուածներ անցնում են Խորհրդային Ատրպէյճանի տարածքով։ Բայց քանի դեռ չկայ սահմանազատման յանձնաժողովի յստակ որոշում, ստորագրուած փաստաթուղթ, ապա այդ տարածքները, միանշանակ, հայկական են,-Yerkir.am-ի հետ զրոյցում ասաց քարտէզագրող Շահէն Շահինեանը։

Նրա խօսքով՝ թշնամին Հայաստանի տարածքում վարւում է այնպէս, ինչպէս կը վարուի սեփական տարածքում․ անցակէտեր է տեղադրում, ճանապարհային վճարներ գանձում, ինչն ամբողջութեամբ խախտում է եռակողմ պայմանաւորուածութիւնները։

«Առաջին յայտարարութեան մէջ, կարծեմ Յունուարին էր, խօսուեց, որ այդ տարածքը Ատրպէյճանական է, ապա փոխուեց այդ յայտարարութիւնը՝ նշուելով, որ այն վիճելի տարածք է։ Փաստացի, այս պահին կրկին վերաձեւաւորւում է եւ յայտարարւում, որ դա Ատրպէյճանական տարածք է, բայց, կրկնում եմ, քանի դեռ չկայ որեւէ ստորագրուած փաստաթուղթ, առնուազն ճանապարհի այդ հատուածը եւ յարակից տարածքները պէտք է լինեն վիճելի»,-նշեց քարտէզագրողը։

Յիշեցնենք, որ օրեր առաջ կառավարութեան նիստում Փաշինեանը հայկական բնակավայրերին տուեց Ատրպէյճանական անուններ, ինչը յետոյ մեկնաբանեցին այսպէս՝ իբր նշուել են սահմանից այն կողմ գտնուող բնակավայրերը։

«Լաչինի շրջանի բնակավայրերը հայկական են, եւ տեղանունները պէտք է նշուէին հայերէն։ Ատրպէյճանը յստակ քարոզ է տանում այդ ուղղութեամբ․ մենք սոցցանցերում տեսնում ենք հրապարակումներ, երբ Ատրպէյճանցիները հայկական բնակավայրերը՝ սկսած Երեւանից, մինչեւ միւս բնակավայրեր, քաղաքներ, նշում են Ատրպէյճանական անուններ, փակցնում տրանսպորտում։ Դա միջազգային նորմերի խախտում է։ Մենք պէտք է հակաքայլեր ցոյց տանք եւ գոնէ հայկական բնակավայրերը, որոնք գտնւում են Ատրպէյճանի վերահսկողութեան տակ, նշենք հայկական անուններով»,-Yerkir.am-ին ասաց Շահէն Շահինեանը։

Քարտէզագրողի խօսքով՝ 1970-ականների քարտէզով Հայաստանն Ատրպէյճանի տարածքում անկլաւներ ունի, օրինակ՝ Արծուաշէնը։ Հայաստանի իշխանութիւնը, սակայն, չի խօսում այդ մասին․ հայկական բնակավայրերն ասում է Ատրպէյճաներէն, իսկ այնտեղ մնացած եւ իր ձեռքով թշնամուն յանձնած տարածքների մասին՝ լռում։ Այսօր յայտնի էլ չէ՝ Հայաստանում կայ՞ սահմանազատման յանձնաժողով, թէ՞ ոչ։ Իսկ միգուցէ խօսում են միայն սահմանազատման մասին եւ․․․այստեղ էլ լռում։

«Յայտարարութիւն եղաւ, որ յանձնաժողովի կազմում կատարուել են փոփոխութիւններ եւ այնտեղ նոր անդամներ են ընդգրկուել։ Դա, կարծեմ, Յունուար-փետրուարին էր։ Բայց դրանից յետոյ ոչ մի տեղեկութիւն չի տարածուել՝ ի՞նչ է անում, ինչով է զբաղւում այդ յանձնաժողովը եւ ինչ որոշումներ է կայացրել»,-նշեց քարտէզագրողը։

Leave a Comment

You must be logged in to post a comment.