Ընդդիմութիւնը կը գտնի այլ ձևաչափ՝ պատերազմի պատճառներն ու հետևանքները քննելու համար

 

«Այս ձևաչափով պատերազմի հանգամանքները քննող յանձնաժողովի աշխատանքներն անարդիւնաւէտ են, նախապէս գծուած սցենարով գործընթաց են սկսել: Այսպիսի կազմով յանձնաժողովից պարտութեան իրական պատճառները երբեք չենք իմանայ։ Սա է պատճառը, որ ընդդիմութիւնը որոշեց այս թատրոնին մաս չկազմել»,-այս մասին 24News-ի հետ զրոյցում նշեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելեանը՝ անդրադառնալով 44-օրեայ պատերազմի հանգամանքները քննող յանձնաժողովի աշխատանքներին չմասնակցելու ընդդիմութեան որոշմանը:

«Իշխանութիւնը հասարակութեանը մոլորեցնելու համար պատերազմում արդէն նշանակած մեղաւորներ ունի, բայց պատերազմի պատճառը, հետևանքները և այդ օրերին իշխանութեան դրսևորած գործողութիւնները քննութեան առարկայ են: Մենք յայտարարում ենք, որ այդ ամէնի բացայայտումը մեր օրակարգում է և գտնելու ենք այլընտրանքային ձևաչափ՝ իրական և օբյեկտիւ քննութեան համար», աւելացրեց նա:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինեանի այն յայտարարութեանը, որ Հայ դատը երբեք ՀՀ-ի քաղաքականութիւնը չի եղել և Սփիւռքն է այս հարցում առաւել ակտիւ գործել, Սաղաթելեանը նշեց, որ Դաշնակցութեան Հայ դատի գրասենեակների վերջին 15-20 տարուայ հիմնական ուղղութիւններից մէկը եղել է նաև Արցախը, մեծ աշխատանք է իրականացուել այդ ուղղութեամբ, Հայ դատը չի զբաղուել միայն Ցեղասպանութեան միջազգային ճանաչման հարցով, հետևաբար, Փաշինեանը չի հասկանում Հայ դատի գործունէութիւնը:

«Վերջին 20 տարում, այդ թւում՝ նաև Կառավարութեան ծրագրում Ցեղասպանութեան միջազգային ճանաչումը, ՀՀ-ի արտաքին քաղաքականութեան գերակայ ուղղութիւններից մէկն է: Կառավարութեան հարցուպատասխանի ժամանակ Արծուիկ Մինասեանը հարցրեց՝ ծրագրում այսպէս էք գրել, տէ՞ր էք թէ՞ ոչ, կրկին խուսափեցին պատասխանել, այսինքն՝ ծրագրում գրել են մի բան, անում են՝ մէկ այլ բան: Սփիւռքի մի անհասկանալի յանձնակատար ունեն, իր միջոցով հետևողականօրէն պառակտում են Սփիւռքը: Հայաստանը պառակտեցին, ատելութիւն սերմանեցին, հիմա նոյնը անում են Սփիւռքում, եթէ թշնամին շատ ցանկանար չէր կարող այդպէս անել:

«Հայ դատը Սփիւռքի գործն է» ասելով Փաշինեանը բաւարարեց նաև Թուրքիայի նախապայմանը: Մենք ասում ենք՝ յայտարարէք՝ որոնք են ՀՀ-ի կարմիր գծերը հայ- թուրքական յարաբերութիւններում, եթէ չէք յայտարարում, ուրեմն դուք ընդունել էք նախապայմանները»,-ընդգծեց Սաղաթելեանը:

Մանրամասները՝ տեսանիւթում։

Leave a Comment

You must be logged in to post a comment.