Զօր. Նազարբէկեան Սպարապետ Ամենայն Հայոց. Մահուան 89-ամեակ

«Ամէն ոք պիտի լցուի պարտականութեան գիտակցութեամբ և կանգնի իր դիրքերի վրայ: Այս է պահանջում հաւաքական կամքը և պատմական ժամը»:

Զօրավար Թովմաս Նազարբէկեան

Սիմոն Վրացեանի ստորագրութիւնը կրող այս գրութիւնը հրատարակուած է ՀՅԴ պաշտօնաթերթ «Դրօշակ»ի 5 Մայիս 1931 թուակիր թիւին մէջ։ Հայ ռազմական գործիչ, ռուսական բանակի զօրավար եւ Հայաստանի Առաջին Հանրապետութեան Հայկական Բանակի գերագոյն հրամանատար Թովմաս Նազարբէկեանը ծնած է 1855-ին Թիֆլիս։ 1874-ին աւարտած է Մոսկուայի ռազմական ուսումնարանը։ Պարգևատրուած է ռուսական մարտական տարբեր աստիճաններու շքանշաններով. Ս. Ստանիսլավի I և III (1915 և 1878), Ս. Աննայի I–III (1915 և 1878), Ս. Գէորգի IV (1916), Ս. Վլատիմիրի II և III (1916 և 1905): 1994 թ-ին Երևանի մէջ լոյս տեսաւ Թովմաս Նազարբէկեանի «Հայկական կորպուսն ընդդէմ թուրքական զօրքերի (1917 թ. նոյեմբեր – 1918 թ. յուլիս)» յուշագրութիւնը: Հայաստանի մէջ զօրավարի անունով կոչուած է թաղամաս, իսկ պաշտպանութեան նախարարութիւնը իր անունով սահմանած է յատուկ մետալ։

Այս Տարուայ Փետրուար 19-ին, Թիֆլիսում, 76 տարեկան հասակում, վախճանուեց Հայաստանի Հանրապետութեան անդրանիկ եւ միակ սպարապետը՝ զօր. Թովմաս Նազարբէկեան: Բացի պոլշեւիկներից, ամբողջ հայ ժողովուրդը իր բոլոր քաղաքական հոսանքներով, մի պահ համախմբուեց նրա գերեզմանի շուրջ՝ երկիւղածութեամբ ու պատկառանքով գլուխ խոնարհած նրա յիշատակի առջեւ:

Զօր. Նազարբէկեանի կեանքը բաժնւում է երկու մասի. առաջինը՝ մինչեւ համաշխարհային պատերազմի սկիզբը՝ պատկանում է ռուս բանակին ու ռուս պետութեան: Երկրորդը՝ սեփականութիւնն է հայ ժողովուրդի եւ անխզելիօրէն կապուած է Հայաստանի Հանրապետութեան պատմութեան հետ:

Ծնուած է 1855թ. Օգոստոս 4-ին՛ Թիֆլիսում: Նազարբէկեան ստանում է ռուսական կրթութիւն, աւարտում է Ալեքսանդրեան Զինուորական Վարժարանը եւ իբրեւ սպայ Երեւանեան նշանաւոր գնդի՝ մասնակցում է 1877-78թ. Ռուս-թրքական պատերազմին: Արտահանի բերդի պաշարման ժամանակ, որպէս համհարզ զօր. Հէյմանի, աչքի է ընկնում բերդի գրաւման միջոցին, որի համար վարձատրւում է քաջութեան նշաններով: Ռուս-ճաբոնական պատերազմին, գնդապետի պաշտօնով, որպէս հրամանատար հետեւակ գնդի, իր ցոյց տուած քաջութիւնների համար ստանում է ոսկի սուր:

Պատերզմից յետոյ առաջարկութիւն է ստանում պրիկատի (վաշտի) հրամանատարութիւն ընդունել Ռուսաստանում, բայց նա ուզում էր ծառայել Կովկասում: Ռուս կառավարութիւնը մերժում է կատարել նրա ցանկութիւնը, որովհետեւ հայ զինուորականներին, առհասարակ, արգելուած էր պաշտօն տալ Կովկասում: Նազարբէկեանը թողնում է զինուորական ծառայութիւնը եւ պահեստի զօրավարի աստիճանով տեղափոխւում է Թիֆլիս, ուր մնում է մինչեւ ընդհանուր պատերազմի սկիզբը:

Ինչպէս տեսնում ենք, սովորական բարեխիղճ ու քաջ ռուս զինուորական էր Նազարբէկեան: Հայ կեանքի հետ ոչինչ չէր կապում նրան: Հայերէն անգամ չգիտէր: Ծառայում էր ռուս բանակին ու ռուս հայրենիքին:

Համաշխարհային պատերազմը յեղաշրջեց շատ բան, ու շատ մտքեր ու հոգիներ այլափոխեց: Շատ օտարացած հայեր հայացան, դարձան դէպի իրենց մայր ժողովուրդը: Նազարբէկեան դրանց շարքում առաջիններից էր ու ամէնէն փայլունը: 1914-ի ամառը նա նորից զէնքի տակ առնուեց եւ նշանակուեց 2րդ Կովկասեան Հրացանաձիգ Տիւիզիայի (զօրաբաժին) պետ, պարսկական ճակատում: Այստեղ նա աչքի ընկաւ Խալիլ փաշայի դէմ մղած փառաւոր ճակատամարտով:

1915թ. Գարունն էր: Վանը պաշարուած էր եւ հերոսական դիմադրութիւն էր ցոյց տալիս: Սարըղամիշի տակ ջախջախուած՝ Էնվեր փաշան փորձում էր նոր ռազմախաղով ո՛չ միայն ուղղել կրած պարտութեան աւերները, այլեւ շեշտակի հարուած տալ ռուսներին՝ կտրելով Թիֆլիս-Պաքու երկաթուղագիծը եւ կովկասեան ռուս բանակի թիկունքում առաջ բերելով մահմետական ապստամբութիւններ: Խալիլ փաշայի 30.000-նոց զօրքը շարժւում է դէպի Ատրպատական, որտեղից պիտի մտնէր Ատրպէյճան, ոտքի հանելով Կովկասի Թաթարներին ու լեռնականներին: Կովկասին պիտի յաջորդէր մահմետական Թուրքիստանը: Ի՜նչ հրապուրիչ, արբեցնող հեռանկար…

Ծրագիրը խիստ յանդուքն էր, բայց ոչ առանց իրական հաշուի: Ռուս զօրամասերը պարսկական ճակատում շատ նօսր էին, իսկ կովկասեան մահմետականութիւնը նախապատրաստուած էր համիսլամական քարոզով ու ջիհատի (սրբազան պատերազմ) գրգռումներով: Բաւական էր ոտքի տակ տալ Նազարբէկեանի ուժերը, ճեղքել Արաքսն ու մտնել Գանձակի ու Պաքուի նահանգները, եւ ամէն ինչ իրար կը խառնուէր: Բայց Խալիլ փաշայի խելայեղ յանդգնութիւնը հանդիպեց զօր. Նազարբէկեանի- ինչպէս թուրքերէն էին ասում՝ «Նազար փաշայի» երկաթէ պաղ վճռականութեան: Մի բուռը ռուս զինուորներով եւ Անդրանիկի քաջերով նա կուրծք տուեց թշնամուն, Դիլման դաշտում, Աւարայրի դաշտից ոչ շատ հեռու: Ճակատամարտը եղաւ արիւնոտ: Շատերն ընկան: Նազարբէկեանը մնաց անյողդողդ, ժայռի պէս ամուր:

Հետեւանքը յայտնի է.- Խալիլ փաշան, պարտուած ու ամօթահար, փախուստի դիմեց՝ հազիւ փրկելով իր բանակի բեկորները: Կովկասեան ճակատը ազատուեց ծանր մղձաւանջից:

Դիլմանի ճակատի համար Նազարբէկեանը ստացաւ Գէորգեան խաչ եւ ֆրանսական զինուորական բարձրագոյն պատուանշան: Բայց, անտարակոյս, մեծագոյն վարձատրութիւնը նրա համար եղաւ Վանի փրկութիւնը: Վանը ազատուեց Դիլմանի յաղթանակի հետեւանքով: Քիչ յետոյ Արարատեան կամաւորական ջոկատի այրուձին Խէչոյի առաջնորդութեամբ մտնում էր Վան հայ ազգարնակութեան ցնծագին ծափերի տակ…

Դիլմանից յետոյ էր, որ Նազարբէկեանը դարձաւ հայ, մանաւանդ երբ աւելի մօտ շփուեց հայկական շրջանների հետ, տեսաւ թրքական բարբարոսութիւնները, թուրքահայ քաղաքների ու գիւղերի աւերը: Նրա զօրամասը գործում էր Թուրքահայաստանի արեւելեան գաւառներում: Պատմական յիշատակները եւ նոր կեանքի սարսափները չէին կարող չազդել նրա վրայ: Այդ ազդեցութիւնը դառնում էր աւելի եւ աւելի տիրական:

Գուցէ իրեն համար աննկատելի ձեւով նա դառնում էր հայ իրականութեան գործօն դէմքերից մէկը: Նազարբէկեանի իսկական հոգին, նրա գաղափարական մեծութիւնը երեւան եկաւ այն օրերին, երբ ռուս բանակը, տարերային թափով, լքեց ռազմաճակատը եւ շարժուեց «դէպի տուն»:

Հեռացող ռուս զօրքերի տեղը մնում էր բաց: Հայոց Ազգային Խորհրդի գերագոյն ճիգերով ծնունդ առաւ Հայկական Կորպուսը, որի պետ նշանակուեց զօր. Նազարբէկեանը: Պաշտօն չէր այդ, այլ՝ ծանր խաչ, որ Նազարբէկեանը տարաւ զարմանալի համբերութեամբ ու կորովով: Միայն նրա պէս մտքով հանդարտ, հաւասարակշիռ, խորաթափանց յարատեւ ու անվհատ խուճապ ու վախ չճանաչող մէկը կարող էր փրկել այն օրերի կացութիւնը: Եւ եթէ հայ նորածիլ բանակը բոլորովին չփրկեց էլ հայ ժողովրդին , մեծապէս մեղմացրեց վերահաս աղէտը:

Նազարբէկեանը, ի հարկէ, մենակ չմնաց: Նա բախտաւոր բնաւորութիւն ունէր շրջապատելու իրեն ընտիր ուժերով: Նրա անմիջական գործակիցներն էին Ստ. Մամիկոնեանի, Արամի, Դրոյի, Ս. Մանասեանի, գնդ. Սամարցեանի, զօր. Սիլիկեանի նման քաղաքացիական ու զինուորական տաղանդաւոր գործիչներ: Զինուորութիւնը նրա սիրում ու հաւատում էր: Եւ միայն այդ համակրանքի ու վստահութեան շնորհիւ էր, որ ընդհանուր աւերի ու քաօսի մէջ, կարելի եղաւ կերտել Սարդարապատը, Բաշ Ապարանն ու Ղարաքիլիսան, առանց որոնց Հայաստանի Հանրապետութիւնը գոյութիւն չէր ունենայ:

Եւ զարմանալի չէր բնաւ, որ, երբ ծնունդ առաւ Հայաստանի Հանրապետութիւնը, հայոց սպարապետութեան «բարձն ու պատիւը» ինքնաբերաբար անցաւ զօր. Նազարբէկեանին: Որեւէ մէկի մտքով անգամ չէր անցնի առարկել: Բնական էր, այդպէս էլ պէտք է լինէր: Զօր. Նազարբէկեան Սպարապետ Ամենայն Հայոց:

Եւ այդ պաշտօնում Նազարբէկեանը մնաց մինչեւ անկախութեան խորտակումը պոլշեւիկ-քեմալական հարուածների տակ: Տեսաւ ուրախութեան ու վշտի վայրկեաններ: Հայ ժողովուրդի հետ միասին ապրեց յուզումի օրեր: Եւ հայ ժողովուրդի հետ միասին քամեց դառնութեան բաժակը մինչեւ վերջին կաթիլը:

Հանրապետութեան անկումով վերջանում է Նազարբէկեանի գործօն կեանքը: Այնուհետեւ, նրան վիճակւում է միայն տանջանք ու դանդաղ մահացում: Նա տեսաւ իր իդէալների փլուզումը: Աքսոր, անարգանք, սով, հիւանդութիւն- ճաշակեց կեանքի բոլոր զարհուրանքները: Եւ երբ Փետրուար 19-ին մեռնում էր, մենակութեան մէջ, մութ ու խոնաւ խցում, դուրսը՝ դեռ խելայեղօրէն ոռնում էր քաղաքական խստաշունչ փոթորիկը: Մտածո՞ւմ էր արդեօք նա, աչքերը յաւիտենապէս փակելիս, թէ այս փոթորկից յետոյ էլ կը ծագէ պայծառ արեւը եւ կեաքը նորից կը ծաղկէ շքեղ փարթամութեամբ:

Անհատները չեն, ի հարկէ, կեանքի հեղինակները, բայց անհատի դերը շատ մեծ է հասարակական կեանքի զարգացման մէջ: Անհատներ կան, որոնց անունը, բարձր փարոսի պէս, լուսաւորում է ընդարձակ տարածութիւններ: Զօր. Նազարբէկեանը այդ անուններից է մեր կեանքում:

Նրա մուտքը հայկական կեանքի ասպարէզ եղաւ լուռ ու անաղմուկ. մի օր էլ, յանկարծ ամենքը տեսան, որ զօր. Նազարբէկեան կայ, որ գլխաւորում է հայոց մարտական ոյժը: Ոչ ոք չասաց՝ ո՞վ է նա, ինչո՞ւ պիտի դրուի այդ բարձր ու պատասխանատու պաշտօնին: բնական էր, զօր. Նազարբէկեանը պէտք է լինէր:

Նոյնպէս անաղմուկ էլ հեռացաւ: Գուցէ ոչ ոք չլսէր էլ նրա մահը, եթէ մի պատահական հեռագիր չիմացնէր: Հայաստանի ու Թիֆլիսի մամուլում մի տող անգամ չգրուեց: Մի թուրք փաշայի մահուան մասին կը գրուէր, բայց հայոց Սպարապետի…

Բայց որքան էլ «կատաղի ու զայրանայ չարութիւնը», գաճաճները կ’երթան ու կը մոռացուին, իսկ Նազարբէկեանների անունը կ’ապրի յաւիտենապէս, քանի կենդանի է ազատութեան տենչը հայ ժողովուրդի մէջ: Հայոց Սպարապետ Նազարբէկեանը այլեւս պատմական դէմք է, Հայաստանի Անկախութեան խորհրդանիշ եւ ազատատենչ սերունդների ներշնչման կենդանի աղբիւր:

Սիմոն Վրացեան

 

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.