«Երեխաները յաճախ հարցնում են՝ ո՞ւր է հայրիկը, ինչո՞ւ այդպէս եղաւ․ նրանք դեռ փոքր են ու դեռ պատրաստ չեն գիտակցել, որ հայրիկն այլևս չի գալու․․․»․ Արցախեան պատերազմում զոհուած Վահան Տօնոյեանի կնոջ խոհերը

Արցախեան 44-օրեայ պատերազմին որպէս կամաւոր մասնակցած ու հերոսաբար զոհուած Վահան Տօնոյեանի կինը՝ Մերի Ղազարեանը յիշում է, թէ ինչպէս իր ամուսինը մեկնեց պատերազմ։

32-ամեայ Վահանը պատերազմի մասին լսելուց յետոյ, անընդհատ անհանգիստ ու լարուած էր․ նա մի քանի տեղ կամաւորագրուել էր ու սպասում էր, որ հնարաւորինս շուտ իրեն կանչեն, որ մեկնի  Արցախ։

«Պատերազմի օրերին նա գիշերը բոլորովին չէր կարողանում քնել, ասում էր․   «Ես այստեղ քնեմ, Արցախում 18-20 տարեկան  երեխաները կռուե՞ն» », —  Վահանի խօսքերը յիշելով՝ «Հորիզոն»-ի հետ զրոյցում պատմում է Մերին։
Վահանը Արցախ մեկնելուց առաջ  չի ասել՝ ուր է գնում, որպէսզի երեխաներն ու կինը չանհանգստանան կամ չփորձեն իրեն ետ պահել։

«Հոկտեմբերի 7-ին Վահանը  հագնուեց, պատրաստուեց, և լաւ տրամադրութիւն ունէր։  Նա բոլորիս համբուրեց,  ասաց՝ շուտ կու գայ։ Յետոյ տղաս ասաց․ «Մայրի՛կ, հայրիկն անհանգիստ էր,  կարծես թէ գնաց բանակ»․․․ Որդուս խօսքերից յետոյ հասկացայ, որ այդ համբոյրը հրաժեշտի համբոյր էր, ամուր համբոյր էր։ Երկու-երեք ժամ յետոյ զանգեց, ասաց․ «երեխաներին լա՛ւ կը նայես, շուտ կու գամ»», — պատմում է Մերին։
Հոկտեմբերի 11-ին Վահանը հասել է Հադրութ, մինչև հոկտեմբերի 15-ը քաջաբար կռիւ մղել ու փոքրիկ հնարաւորութիւն ունենալու դէպքում երբեմն կարճատև հեռախօսազրոյցներ  ունեցել կնոջ ու զաւակների հետ։
«Հոկտեմբերի 15-ին Վահանը զանգեց, երեխաների հետ էլ խօսեց։  Հարցրինք՝ ինչպէ՞ս  ես, ասաց՝ լաւ եմ, ինձ ի՞նչ է եղել։ Յետոյ մեզ խոստացաւ, որ շուտ կու գայ, բայց․․․ Այնուհետև հաղորդագրութիւն էր գրել․ «Ձեզ շատ եմ կարօտել, բայց, ի՞նչ արած, էս ա»։ Հոկտեմբերի 16-ից արդէն լուր չունէինք Վահանից», – Յիշում է Մերին։ Հէնց այդ օրը Վահանը զոհուել էր։

Մերին պատմում է՝ Վահանն ու  իր հերոս ընկերները մինչև վերջին շունչը կռուել են ու հերոսաբար զոհուել։ Հերոսի կինն ասում է՝ իր ամուսնու մարտական ընկերները պատմել են՝  Վահանն ու միւս 5 քաջերը կռուել են  թշնամու յատուկջոկատայինների դէմ, ամենասարսափելի պայմաններում են եղել, բայց չեն նահանջել։ Զոհուել են և դիրքը չեն տուել, բայց ցաւօք յետոյ արեամբ պահածը  տրուեց թշամուն․․․

«Մինչև մարմինը գտնելը ես յոյս ունէի, որ նա ողջ է։  Վահանը զոհուել է հոկտեմբերի 16-ին, բայց մարմինը մօտ երեք ամիս յետոյ է գտնուել։ Երեք ամիս այս ու այն հաստատութիւնը գնալով՝ ես փնտրել եմ  ու փնտրել․․․  Յունուարի 6-ին տղաս ասաց․ «Երազ եմ տեսել, հայրիկը կանգնած էր աստիճանների վրայ, ասում էր՝ եկել եմ,  տղա՛ս»։ Այդ նոյն օրն էլ Վահանի մարտական ընկերներից տեղեկացայ՝ նրա մարմինը գտնուել էր։

Մարմինը հնարաւոր էր եղել  ճանաչել  գրպանում եղած զինգրքոյկի, իրերի, Վահանի  ատամնաշարի միջոցով», –  սարսռալով պատմում է հերոս Վահանի կինը՝ Մերին՝ ասելով՝ այնպիսի սարսափների միջով են անցել, որոնք  հնարաւոր չէ նկարագրել․ այդ սարսափները չսպիացող խոցեր են։

8-ամեայ Գառնիկն ու 9-ամեայ  Անին մինչև հիմա չեն հաւատում, որ իրենց հայրիկը չի վերադառնալու Արցախից։  Թէև տան անկիւնում Վահան  Տօնոյեանի յուշանկիւնն են ստեղծել, բայց, այնուամենայնիւ, երեքով՝ Վահանի երեխաներն ու կինը՝ Մերին, սպասում են հերոս Վահանին։

«Մի կերպ ուժ եմ գտնում, որ պառկած  տեղից վեր կենամ, կենցաղային գործերն անեմ, հոգամ երեխաներիս մասին։ Վահանը շատ հոգատար   հայր ու ամուսին էր։ Գիշեր-ցերեկ աշխատում էր, ասում էր՝ իմ երեխաները չպէտք է որևէ բանի պակաս ունենան, և իրօք, այդպէս էր։ Իմ երեխաները ոչ մի բանից ետ չեն ընկել, նրանց հայրիկը տուել է այն, գնել է այն, ինչ խնդրել են, ինչ երազել են ունենալ։ Հիմա կոտրուած ենք ու անուժ։

Երեխաները յաճախ հարցնում են՝ ո՞ւր է հայրիկը, ինչո՞ւ այդպէս եղաւ, և երբեմն ես որոշ հարցերի չեմ կարողանում պատսխանել։ Մենք միշտ խօսում ենք Վահանի մասին։ Վահանը հոգեպէս միշտ մեզ հետ է, բայց երեխաներն այս տարիքում դեռ պատրաստ չեն գիտակցել, ընդունել, որ իրենց հայրն այլևս չի գալու․․․ Այս ամէնը գիտենք, բայց երեքով էլ սպասում ենք նրան․․․

Վահանի յուղարկաւորութեան օրը երեխաներն էլ էին ներկայ․ հոգեբանն էր խորհուրդ տուել, որ իրենց հօր վերջին հրաժեշտի արարողութեանն իրենք էլ ներկայ լինեն։ Իմ որդին՝ Գառնիկն ասում էր՝  ուզում եմ պապային տեսնել վերջին անգամ, և ես չգիտէի՝ երեխային ինչպէս բացատրել, որ  չի կարելի տեսնել, հնարաւոր չէ․․․», — ասում է Մերին։

Ապագային նայելով՝ Մերին ասում է՝ հիմա դատարկութիւն է տեսնում, էլ ի՞նչ ապագայ առանց Վահանի․․․ Մերին երազում է, որ իրենց բնակարանն ունենան, որտեղ կը կարողանան ապրել ինքն ու իր երեխաները։

«Գիտեմ, որ մեծ երազանք է, բայց  եթէ մենք մեր տունն ունենանք, ես կ“աշխատեմ, կը պահեմ իմ զաւակներին», —  ասում է Մերին ու  զրոյցի վերջում յաւելում՝  Վահանից յետոյ կեանքն այլևս առաջուանը չէ։ Այո՛, ապրում ենք, բայց ո՛չ կեանքն է առաջուանը, ո՛չ տան մթնոլորտը, ո՛չ էլ կեանքի գոյները, բայց, այսուհանդերձ, իմ  երեխաներն ապրելու ուժ են տալիս։ Մերին միշտ յիշում է և յիշելու է հերոս Վահանի պատգամը՝ «երեխաներին լա՛ւ կը նայես»․․․

Տեսանիւթ

Յասմիկ Բալէեան

Leave a Comment

You must be logged in to post a comment.