Եթէ Հայրենասէր ես, ձայնդ կու տաս Հայաստան դաշինքին

  Մենք ոչ թէ հաւատում ենք, այլ գիտենք, որ Ռոբերտ Քոչարեանը Հայաստանը կը հանի այս ճգնաժամից

Վահան Իշխանեան

Անկախութեան հռչակումով սկսած և պատերազմում պարտութեամբ փակւում է Հայաստանի Հանրապետութեան 30 ամեայ մի ցիկլ, որ թոյլ է տալիս խօսել հայ ժողովրդի հնարաւորութիւնների մասին, յետադարձ հայեացքով քննել ձեռքբերումներն ու ձախողումները։ Եւ եթէ սիրում ես հայրենիքդ, ապա այդ սէրը, յաղթահարելով եսասիրական մղումները, սև քարոզչութեան ազդեցութիւնը, կը գնահատի այն գործիչներին, որոնք ձեռքբերումներ են ունեցել՝ և առաջին հերթին Ռոբերտ Քոչարեանին։

Յունիսի 30-ի Ազգային ժողովի ընտրութիւնները հայ ժողովրդի խայտառակութիւնն ՝է, որ դեռ ընտրութեան հարց է դրել՝ մի կողմից քանդարար, աղէտաբեր, դարաւոր բնակավայրերը թշնամուն յանձնած, 5 հազար երիտասարդի գլուխ կերած  կապիտուլեանտի և միւս կողմից էլ Արցախեան յաղթանակը կերտած, Հայաստանը թշուառութիւնից ոտքի կանգնեցրած գործչի միջև։

Գնահատելու համար Ռոբերտ Քոչարեանի ձեռքբերումները, նախ պէտք է տեսնել թէ ինչ վիճակում էր Հայաստանը մինչև նրա նախագահ դառնալը։

1990 թուին ՀՀՇ-ն իշխանութիւնը վերցնելով, 8 տարում ուղղակի ամայեցրեց երկիրը՝ փոշիացնելով Սովետական միութիւնից ստացած հարուստ ժառանգութիւնը ու աղքատացնելով երբեմնի բարեկեցիկ ապրող Սովետական Հայաստանի քաղաքացիներին։ Իշխանական կլաննները ագահօրէն նետուեցին սեփականաշնորհելու գործարանները, և ինչպէս օրանգուտանը կը վարուէր համակարգչի հետ, նրանք էլ արժէքաւոր հաստոցներն ու սարքաւորումները կտրտում ու որպէս մետաղաջարդոն վաճառում էին։

ՄԱԿ-ի ազգային փորձագէտների դիտարկումներով հապճեպ սեփականաշնորհման արդիւնքում հանրապետութեան ընտանիքների միայն 8 տոկոսն էր տնօրինում մասնաւորեցուած գոյքի աւելի քան 90 տոկոսին, առաւել հարուստ ընտանիքների 4-5 տոկոսը տնօրինում էր ազգային հարստութեան կէսից աւելիին։ 1998-ին առաւել հարուստ և առաւել աղքատ բնակչութեան եկամուտների տարբերութիւնը 32,2 անգամ էր: Եւրոպայի, Կենտրոնական Ասիայի Լատինական Ամերիկայի երկրների շարքում Հայաստանը եկամուտների անհաւասար բաշխմամբ առաջին տեղում էր։

Ըստ 1996 թուի ՄԱԿ-ի տուեալների՝ 23,9 տոկոսը ապրում էր ծայրայեղ աղքատ, 82,4տոկոսը վատ, միայն 13,2տոկոսն էր բաւարար, և 4,4 տոկոսը լաւ կամ շատ լաւ։

Գոյատևման համար երկրից ուղղակի փախուստ սկսուեց: Ըստ ՄԱԿ-ի և ՀՀ վիճակագրութեան ներկայացրած տուեալների արտագաղթը 91-96 թուերին կազմել է 677 000, 90-ականներին 3 միլիոն 802 հազար  բնակչութիւն ունեցող երկրից  1991-2001թուերին գնացել է 920  հազար մարդ:

1998-ին, երբ նախագահ Տէր-Պետրոսեանն ու ՀՀՇ-ն հեռացուեցին, և նախագահ դարձաւ Ռոբերտ Քոչարեանը,  մենք՝ դիտարկելով նոր իշխանութեանը նախորդի ժառանգորդ ու իներցիայով շարունակում էինք մեղմ ասած, բացասաբար վերաբերուել իշխանութեանը ու չնկատել այն մեծ փոփոխութիւները, որ իրականցւում էին Քոչարեանի պաշտօնավարման ժամանակ։ Մեր աչքերը բացուեցին 2007-ին, երբ Տէր-Պետրոսեանը յայտարարեց որ իր թեկնածութիւնն է դնելու նախագահական ընտրութիւններին, միանգամից յետադարձ հայեացք գցեցինք վերջին տասը տարիներին, ու նոր նկատեցինք որ 1998ից յետոյ երկիրը վերջապէս սկսել էր շնչել, շուրջը բազմաթիւ ծանօթենր սկսել էին նորմալ ապրել, և տագնապեցինք, թէ ինչ աղէտ կը լինի, եթէ թոյլ տրուի քանդարարներին կրկին գալ իշխանութեան։

Իսկ այժմ, երբ Հայաստանի ժողովուրդը ապրեց նաև իր երազած յեղափոխութիւնը, 30 տարուայ մէջ առաջին անգամ ներքևից ժողովրդական զանգուածների ճնշմամբ իշխանափոխութիւն եղաւ, և  արդիւնքում Հայաստանն ունեցաւ վերջին 30 տարիների, և գուցէ իր պատմութեան ընթացքում ամենանողկալի իշխանութիւնը, որ աղէտ բերեց երկրի գլխին, եկաւ ժամանակն ասելու ահա՝ այս 30 տարիներն ցոյց են տալիս, թէ ինչի է ընդունակ հայ ժողովուրդը, և յետադարձ համեմատելով տարբեր ղեկավարների՝ տեսնում ենք, որ հայ ժողովրդի հնարաւորութիւնների գագաթնակէտը Ռոբերտ Քոչարեանի իշխանութիւնն է եղել։

Նախ, սկսենք «թալանից», որի մէջ մեղադրում են Տէր-Պետրոսեան-փաշինեանական շրջանակները Քոչարեանի իշխանութեանը։

Լրագրող Արա Մարտիրոսեանը ներկայացնում է. «Լևոն Տէր-Պետրոսեանի օրոք՝ մինչև 1997 թուականը, մասնաւորեցուեց 4917 օպյէկտ, իսկ պետական պիւտճէ մուտք գործեց ընդամէնը 40,2 մլրդ. դրամ։ Համեմատութեան համար նշենք, որ 1997-2007 թուականներին կամ Ռոբերտ Քոչարեանի վարչապետութեան, ապա՝ նախագահութեան շրջանում սեփականաշնորհուեց 230-ով պակաս օպյէկտ, բայց պետութիւնը ստացաւ 122 մլրդ. դրամ և 108 մլն դոլար (կամ մօտ 52 մլրդ դրամ)»։

Ինչպէս տեսնում ենք, իրական թալանը եղել է Տէր-Պետրոսեանի իշխանութեան տարիներին։

Տէր-Պետրոսեան-ՀՀՇ տապալումից յետոյ աղքատութեան մատնուած երկիրը սկսել էր ուշքի գալ, մի քանի տարում երկրի ՀՆԱ-ն աճել է 6 անգամ, 1998-ին 2 միլիարդ դոլար էր,  10 տարի անց՝ 2008-ին 12 միլիարդ դոլար, 2000-ականներին ՀՆԱ-ի տարեկան աճը 10,5 տոկոս էր։ 1998-ին պիւտճէն 300 միլիոն դոլար էր, 10տար՝ անց 2 միլիարդ դոլար, տարեկան տնտեսական աճը մօտ 12 տոկոս էր, միայն անասնագործութեան մէջ 2000-2007 թուերին ՀՆԱ-ն աճել է 90 տոկոսով, 32 տոկոսով աճել է տաւարի գլխաքանակը, մինչև թռչնամիս  ու ձու ներկրող երկրում 2000 թուից դրանց արտադրութիւնն այնքան աճեց, որ արտադրածի 20 տոկոսը սկսեց արտահանուել։

Արդէն 2007-ին Հայաստանում գործում էին օտարերկրեայ մասնակցութեամբ 3350 ձեռնարկութիւն (այս, և վերը մէջբերուած տուեալները վերցուած են Էդիկ Մինասեանի «Հայոց նորագոյն պատմութեան քառորդ դարը» գրքից ։

2004-2006  թուերին ՝  35 400-ով աւել մարդ մուտք էր գործել երկիր, քան հեռացել։

1998-ին երկրում աղքատութիւնը 55 տոկոս էր, իսկ ծայրայեղ աղքատութիւնը 22 տոկոս, 9 տարի անց 2007ին աղքատութիւնը իջաւ 25 տոկոսի, այսինքն 2 անգամ կրճատուեց, իսկ ծայրայեղ աղքատութունը իջաւ մինչև 4 տոկոս, այսինքն կրճատուեց մօտ 6 անգամ։

Տէր-Պետրոսեան-փաշինեանական շրջանակները ճիգ ու ջանք չեն խնայում թաքցնելու համար Քոչարեանի տնտեսական յաջողութիւնները։ Ձեռներին ճար լինէր, կ’ոչնչացնէին այդ յաջողութիւների նիւթական արտայայտութիւնները՝ Երևանում Դաւթաշէնի կամուրջը, օդանաւակայանի նոր շէնքը, Դիլիջանի թունելը, Թումօն, Երևանի տրանսպորտային բազմաթիւ հանգոյցներ՝ գետնուղիներ և կամուրջներ, աղէտի գօտու նոր թաղամասերը և այլն, և մանաւանդ Երևանի ժամանցային կեանքը՝ ռեստորաններ, սրճարաններ, որտեղ սիրում է նստել քաղաքացիական հասարակութեան ողջ ներկապնակը։

Արտաքին յարաբերութիւններում էլ՝ 1998-ին ՄԱԿ-ի ամպիոնից Քոչարեանը բարձրացնելով ցեղասպանութեան ճանաչման ու դատապարտման հարցը, խթանեց, որ  երկրներն իրար ետևից ճանաչեն ցեղասպանութիւնը, Սփիւռքը ակտիւօրէն ներգրաւուեց Հայաստանի կեանքին՝ որի վկայութիւններն են օդնաւակայեանի նոր շէնքը, Թումօն, Լինսի հիմնադրամի նորոգումները, Արցախեան բանակցութիւներում էլ ընդունուեցին Մատրիտեան սկզբունքները, որտեղ առաջին անգամ ամրագրուեց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքը հանրաքուէի միջոցով։ Իսկ Թուրքիան առաւել յարգանքով լցուեց Հայաստանի նկատմամբ, որի վկայութիւն էր՝ Էրդողանի նամակը Ռոբերտ Քոչարեանին։

Այսքան ձեռքբերումները միայն Հայաստանում, բայց Քոչարեանի յաջողութիւները սկսուել էին Արցախում, պատերազմական դաժան տարիներին սկզբում որպէս Պաշտպանութեան պետական կոմիտէի նախագահ, ապա՝ Հանրապետութեան նախագահ նա կարողացաւ ղեկավարել և՛ թիկունքը, և՛ ճակատը, ու հիմքերն գցել Արցախի պետականութեան։

Վրիպումներ ունեցե՞լ է։ Այս հարցին պատասխանելուց առաջ, ինքնրս ու ինքներդ նայենք այս 30 տարիների մեր և ձեր վրիպումներին, ապա ևս մի հարց տուէք՝ ինչպէ՞ս է, հե՞շտ է արդեօք ստանձնել պատերազմող հանրապետութեան պաշտպանութեան ղեկավարութիւնը՝ հաւասարակշռել բազմաթիւ զինուած խմբաւորումների, բնակչութեանը կազմակերպել, որ մահերի, վիրաւորների, ռմբակոծութիւնների, աւերների մէջ կարողանալ կարգուկանոն հաստատել, որ յանկարծ փոքրիկ անփութութիւն թոյլ չտալ, որ յանկարծ  քաոսի չվերածուի երկիրը,  ապա՝ Հայաստանում թալանուած ու աղքատ երկրում մի կողմից տիրապետել միմեանց հետ հակամարտող կլանների ու յեղինակութիւնների, միւս կողմից ներգրաւել անձանց տնտեսական ամէն մի ճիւղի զարգացման համար, էն միւս կողմից Սփիւռքի հայրենակիցներին մղել, համոզել, որ ներդրումներ անեն։

Այսօր, երբ Հայրենիքը ուղղակի կործանման առաջ է կանգնած, մեծ շռայլութիւն կը լինի խօսել այն առաջնորդի վրիպումներից, որն ամէնամեծ ներդրումն է ունեցել երկրի առաջընթացում։

Մենք ոչ թէ հաւատում ենք, այլ գիտենք, որ Ռոբերտ Քոչարեանը Հայաստանը կը հանի այս ճգնաժամից։

Ամէն ընտրութիւնից առաջ, հիմա էլ հանդիպում ես խօսքը՝ ընտրութիւն է չարեաց փոքրագոյնի մէջ։ Ոչ, այժմ ընտրութիւն է չարեաց մեծագոյնի և առաջընթացի հնարաւորութեան միջև։

 

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.