Դուք` Իմ Մորմոք Ցաւ, Իմ Հպարտութիւն
Հոկտեմբերի 6-ին կրտսեր որդուս` Երուանդի, նահատակութեան օրն է… Չորս տարուայ մէջ երկրորդ անդառնալի կորուստս… 2016-ի ապրիլի 4-ին աւագս` Նորայրը (քառասուն էլ չկար), մարտիրոսուեց Թալիշի դիրքերում, 2020-ի այս օրը` Երուանդս (42-ը դեկտեմբերին պիտի լրանար), Մեխակաւանի (Ջաբրայիլի) ուղղութիւնում: Երկուսն էլ` թշնամական արկի պայթիւնից:
Երուանդիս առողջական վիճակը միանգամայն անհամատեղելի էր զինուորական ծառայութեան համար, մանաւանդ` մարտական դիրքերում: Բայց, ինչպէս աւագ եղբօր դէպքում էր, հայրենիքի սէրը շատ աւելի վեհ ու վէս էր նրա համար, քան մնացեալ ամէն ինչ` ծնողներ, ընտանիք, սիրասուն զաւակներ, նախընտրած մասնագիտութեամբ` դիւանագիտական աշխատանք (ռազմաճակատ մեկնելուց ԱՀ ԱԳՆ աշխատակազմի սփիւռքի բաժնի պետն էր), ինչ մնաց թէ` առողջական վիճակ: Զինկոմիսարիատում յամառօրէն պնդել էր, որ իրեն նոյնպէս զօրագրեն որպէս կամաւորական-աշխարհազօրայինի: «Մի՞թէ ես պակաս հայրենասէր հայ եմ, քան միւս տղերքը», յետոյ մեզ այդպէս հաղորդեցին նրա այդ յամառ պնդումների վկաները: Եւ, ի վերջոյ, հասաւ նպատակին, զինուորական համազգեստ ու հրաձիգ ստանալով` միացաւ մարտադաշտ մեկնող աշխարհազօրայինների հերթական ջոկատին: Մեկնեց` առանց հրաժեշտ տալու մեզնից թէկուզ ոեւէ մէկին:
Նոյն այդ կիրակի օրուայ` սեպտեմբերի 27-ի, վաղ առաւօտեան, երբ աշխատավայր էի շտապում ոտքով (փոխադրամիջոց չկար), նոր պատերազմի պայմաններում օրուայ անելիքներիս անցնելու համար, ԱԳՆ գերատեսչական շէնքի մօտով անցնելիս յանկարծ «պապա» կանչը լսեցի, նայեցի` աջ ու ձախ, ապա վերեւ` Երուանդս էր շէնքի պատշգամբից: Իր մշտական լուսաշող ժպիտը դէմքին: «Ո՞ւր այդպէս»,- հարցրեց:-Ռադիօ: Պատերազմ է, տեսնեմ` ի՛նչ եմ անում,- պատասխանեցի,- դո՞ւ… Դէ, չե՞ս ասում` պատերազմ է, ես էլ իմ անելիքն ունեմ,- դարձեալ ժպտում էր: «Դէ լաւ, մատա՛ղ, գործիդ կաց, ես գնամ», ասելս ու առաջ շարժուելս մէկ եղաւ` անմտօրէն չենթադրելով, որ տղաս նոյնպէս կարող է ի զէն ելած կռիւ մեկնել: Է՛հ, մտածէի` կը բարձրանայի իր մօտ, կամ թէ ինքը կ՛իջնէր, կրծքիս կը սեղմէի, ամուր-ամուր, Աստուած մի՛ արասցէ` վերջին անգամ ու նոյն մաղթանքը կը տայի: Մաղթանք, որ տակաւին 16-ամեայ պատանի Նորայրիս էի տալիս Երեւանում` արցախեան առաջին ազատամարտի տարիներին, երբ ամէն անգամ` հերթափոխային կարճատեւ հանգստից յետոյ, իր կամաւորական ջոկատի հետ միասին նորից մեկնում էր առաջին գիծ. «Մատա՛ղ, զգուշ կաց, պինդ կաց, տղամարդ կաց…»: Ապրիլեանի առաջին իսկ օրը Նորայրս էլ անսպասելի, առանց հրաժեշտի գնաց կռիւ, չիմացայ, մաղթանք չտուի: Պատերազմի 3-րդ օրը խոցուեց մահացու… Մինչդեռ 90-ականների մարտերում թեթեւակի վէրք անգամ չէր ստացել: Երեւի թէ հայրական մաղթանքս էր ականջահաճոյ, թէ սրտահաճոյ եղել Բարձրեալին` Աստծուն… Արդ, եօթերորդ տարին է` հոգուս մէջ ձաղկում եմ ինքս ինձ` ինչո՞ւ զլացայ ու բարեմաղթանք չտուի իմ հոգու լոյս, իմ թեւ ու թիկունք որդիներին…
Երբ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից` Արցախի ազատամարտիկների միութեան գրասենեակի մօտից, օթոպիւսով ռազմաճակատ մեկնող կամաւորականներին հեռուստալրագրողը հարցրել է, թէ տղերք, ո՞ւր էք գնում, տղաներից Նորայրս զինակից ընկերների անունից պատասխանել է. «Գնում ենք մեր հայրենիքը պաշտպանելու…»:
Ասում են նաեւ` ընկերներից մէկը հարցրել է Երուանդին, թէ ինչո՞ւ իր այս առողջական վիճակում անպայման ուզում է մարտի գնալ: «Գնում եմ հայրենիքս պաշտպանելու, նաեւ եղբօրս` Նորայրի վրէժն առնելու…»:
Յետոյ ես իմացայ նաեւ, որ սեպտեմբերի 27-ի ողջ օրը` մինչեւ երեկոյ, Երուանդը մշտական ելեկտրոնային ու հեռախօսային կապի մէջ էր սփիւռքի մեր համայնքների պատասխանատուների հետ, այդ օրուայ եւ հետագայ համատեղ անելիքները պայմանաւորել, վերջում բոլորին էլ ապսպրել էր, որպէսզի կապն այսուհետ շարունակեն պահպանել բաժնի աշխատակիցների հետ, քանզի ինքն այլեւս աշխատավայրում չի լինելու, մեկնում է ռազմաճակատ:
Հոկտեմբերի առաջին տասնօրեակում էր` հայկական լրահոսում հրապարակուեց մարտական գործողութիւնների ժամանակ որդուս նահատակուելու գոյժը` նաեւ նշելով ԱՀ Ագն-ում նրա` սփիւռքի բաժնի պետի զբաղեցրած պաշտօնը եւ այն, որ Երուանդը կամաւոր էր մեկնել ռազմաճակատ: Որքան անսպասելի էր` այդ տեղեկութիւնն անմիջապէս հրապարակուեց նաեւ ազրպէյճանական մամուլում, ընդ որում, նախ, մարտադաշտ որպէս կամաւորական նրա մեկնելու մասին միեւնոյն նշումով, ապա, երեւի թէ քիչ թէ շատ խելքի գալով` առանց դրա, սակայն ամէն անգամ էլ ցնծութեամբ շեշտելով,որ ազրպէյճանական ուժերը հերոսական մարտերի ընթացքում ոչնչացրել են բարձրաստիճան հայ դիւանագէտի` սփիւռքի բաժնի պետ Երուանդ Հաջեան»-ին եւ, իբր թէ, «ում ձեռքի տակով էին մինչ այդ անցնում եւ ով տնօրինում էր հսկայական խոշոր դրամական հոսքերը»… Ի՞նչ ասեմ` իսկը անուղեղ քոչուոր խաշնարածի դատողութիւն…
Չգիտեմ` Երուանդս հասցրե՞ց, արդեօք, եղբօր` Նորայրի վրէժն առնել թշնամուց: Շաբաթներ անց որդուս զինակիցններից մէկը, այցելելով մեզ Երեւանում` տեղահանուածներիս ժամանակաւոր կացարանում, հիացմունքով էր վկայում ընկերների նկատմամբ Երուանդի մարդկային հոգածու ու մարտական խիզախ պահուածքի մասին, յայտնելով, որ մի քանի օր շարունակ դիրքային ահեղ կռիւների մէջ էին` կասեցնելով թշնամական ստուար ուժերի բազմաթիւ գրոհները, ամէն անգամ գետնին փռելով հակառակորդի մեծ թուով զինուորների:
Սրտիս դաղ է մնացել` չկարողացանք ու չհասցրինք հաւուր պատշաճի հողին յանձնել նահատակ որդուս մարմինը: Արցախի մայրաքաղաքն ազրպէյճանական հրթիռա-հրետանային կայանքների պարբերական գնդակոծութեան տակ էր: Հոկտեմբերի 7-ի երեկոյեան դէմ էր, հէնց քաղաքի հրետակոծութեան ներքոյ որդուս դագաղը մի քանի հոգով մի կերպ հասցրինք Ստեփանակերտի գերեզմանատուն, այնտեղ, ուր 2016-ի ապրիլի 7-ին ամփոփել էինք Նորայրիս մարմինը ու պահ տուինք հարազատ եղբօրը… Անգամ ծաղիկներ ու ծաղկեպսակներ չխոնարհեցինք նրա թարմ շիրմին` որտեղի՞ց դրանք պատերազմող երկրում, ինչ մնաց թէ ոեւէ քահանայ Տէրունական աղօթք ասեր` հոգու հանգստութիւն ու երկնային արքայութիւն մաղթելով քրիստոնէական հաւատքի մկրտուած նուիրեալին …
Տղերքս, խորն է, անասելի խորն է ձեր կորստեան ցաւը: Թէ երբեւէ` իմ մահուանից յետոյ, դիահերձարանում բացեն սիրտս, ձեր թողած երկու խոշոր վէրքերը եւ դարձեալ հազարաւոր չսպիացած վէրքեր կը տեսնեն այնտեղ` արցախեան ազատամարտի նախորդ ու նոր պատերազմներում, հիմա էլ մայր հայրենիքի` Հայաստանի սահմաններում նահատակուած ու նահատակուող մեր բոլոր քաջորդիների անուններով, որոնք անվարան հայրենիքի պաշտպանութեան զոհասեղանին որդիաբար դրեցին իրենց ամենաթանկը` սեփական կեանքը: Ապա եթէ փորձեն վերծանել սրտիս մէջ սեպագրուած արնածոր արձանագրութիւնը, ապա անպայման կը կարդան հետեալը միայն. «Դուք` իմ մորմոք ցաւ, իմ հպարտութիւն»:
Յաւէտ ձեր հայր`
ՄԻՔԱՅԷԼ
6 հոկտեմբերի, 2022թ.
Արցախ