«Դիմադրութիւն» շարժման ապակենտրոն անհնազանդութեան ակցիաներ Երեւանում․ երթեւեկութիւնը կաթուածահար է եղել

Այսօր, մայիսի 18-ին, վաղ առաւօտից «Դիմադրութիւն» շարժումը Նիկոլ Փաշինեանի հրաժարականի պահանջով անհնազանդութեան խաղաղ ակցիաներ է իրականացրել Երեւանի տարբեր հատուածներում:

Փակուել են բազմաթիւ փողոցներ, պողոտաներ, խաչմերուկներ։ Երթեւեկութիւնը կաթուածահար է եղել։

Փողոցները փակելուն զուգահեռ ՀՀ եւ Արցախի դրօշներով աւտոերթեր են իրականացուել։ Երիտասարդները անհնազանդութեան ակցիա են իրակացրել մետրոյում. կաթուածահար է եղել Կարէն Դեմիրճեանի անուան Երեւանի մետրոպոլիտէնի բնականոն երթեւեկութիւնը։

Քաղաքի տարբեր հատուածներում ոստիկանական մեծաթիւ ուժեր են կուտակուել։ Նրանք բռնի ուժ եւ լկտի պահուածք են դրսեւորել անհնազանդութեան խաղաղ ակցիայի մասնակիցների նկատմամբ։

«Առանց Նիկոլ Հայաստան», «Միութիւն, պայքար, յաղթանակ» վանկարկելով ակցիայի մասնակիցները յորդորել են քաղաքացիներին միանալ իրենց պայքարին։

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը կոչով դիմել է ժողովրդին․ Սիրելի հայրենակիցներ, նոր օրը բացուեց եւ մեր արժանապատիւ քաղաքացիներն արդէն փողոցներում են։ Այս պահին Երեւանում մի քանի տասնեակ փողոցներ են փակ։ Տեղի են ունենում նաեւ անհնազանդութեան այլ ակցիաներ։

«Դուրս եկէք փողոց, միացէք ձեր քոյրերին եւ եղբայրներին։ Երէկ մենք արդէն ցոյց ենք տուել, որ սա աշխատող մարտավարութիւն է։ Այսօր կրկնապատկում եւ եռապատկում ենք մեր ջանքերը։ Յաղթանակը մօտ է»,- նշել է նա:

Ոստիկանները անհամաչափ ուժով բերման են ենթարկել նաեւ մայթով անցնող քաղացիների՝ խոչընդոտել լրագրողի աշխատանքը։ Նրանք անհամաչափ ուժ են կիրառել նաեւ պատգամաւորների նկատմամբ․ բիրտ ուժ գործադրելով ու քաշքշելով փորձել են բերման ենթարկել ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արծուիկ Մինասեանին:

Երեւանի փողոցներում անհնազանդութեան ակցիաները շարունակւում են, ոստիկանութիւնն իրեն պահում է այլանդակ վատ, ապօրինի․ յայտարարել է Իշխան Սաղաթելեանը։

«Ոստիկանութիւնն անհամաչափ ուժ է կիրառում այդ թւում պատգամաւորների նկատմամբ: Կան արդէն յստակ փաստեր: Քիչ առաջ արդէն Արծուիկ Մինասեանի, Վահէ Յակոբեանի, մի շարք այլ պատգամաւորների նկատմամբ ակնյայտ ուժ է կիրառուել: Կան մի քանի 100 բերման ենթարկուածներ: Որեւէ կերպ այս պայքարը կանգ չի առնելու: Բաժիններում արդէն տեղ չկայ»,- ասաց նա:

Նա նաեւ դիմել է ոստիկաններին. «Երէկուայ ձեր պարգեւավճարը ակնյայտ դարձրեց այսօրուայ ձեր գործած քայլերը: Դուք դարձել էք Նիկոլի գործիքը: Այն ինչ անում էք, հատ-հատ պատասխան էք տալու, բոլորդ ֆիքսուած էք: Բոլոր այն երաշխիքները, որ պարգեւավճարի հետ միասին Նիկոլը ձեզ տուել է, ես ձեզ ասում եմ՝ պատասխան էք տալու: Էդտեղ էլ է Նիկոլը ձեզ խաբել»:

Երեւանի տարբեր հատուածներից ոստիկանութեան բաժիններ բերման են ենթարկւել 277 քաղաքացի։

Նշենք, որ Կոմիտասի պողոտայում՝ մայթով քայլելիս, ապօրինի բերման է ենթարկուել ՀՅԴ Հայաստանի ԳՄ նախագահ Սիմոն Սիմոնեանը։ Նրա հանդէպ ոստիկաններն անհամաչափ եւ կոպիտ ուժ են կիրառել, ապա նստեցրել մեքենան ու տարել բաժին։

Ֆրանսիայի հրապարակից կը մեկնարկի երթ․ Իշխան Սաղաթելեանը կոչ արեց ժողովրդին միանալ իրենց պայքրին։

Leave a Comment

You must be logged in to post a comment.