Դաշնակցութիւնը կը գնայ իր ճանապարհով

Նիկոլ Աղբալեան ուսանողական միութեան մի խումբ անդամների արտաքսումն ու հրաժարականը ոմանց համար առիթ ծառայեց խօսելու հրապարակ նետուած, ՀՅԴ-ին առնչուող, հարցերի վերաբերեալ՝ օրակարգեր յստակեցնելու մասին: Իրականում սա կեղծ եւ քննարկման անհրաժեշտութիւն չպահանջող հարցադրում է: Հայաստանի արտաքին ու ներքին քաղաքական խնդիրների վերաբերեալ ՀՅԴ դիրքորոշումները բանաձեւուել են ՀՅԴ Ընդհանուր, ինչպէս եւ ՀՅԴ Հայաստանի Գերագոյն վերջին ժողովների կողմից, իսկ սրանցից բխող մարտավարական բնոյթի անելիքները մշտապէս ծրագրում են կուսակցութեան վերին մարմինները: Ի հարկէ ՀՅԴ-ի համար դոգմաներ չկան, կարող են տեղի ունենալ նոր քննարկումներ եւ ռազմավարական ու մարտավարական բնոյթի նոր յստակեցումներ, բայց այն պարագայում, եթէ ազգային ու պետական կեանքում տեղի են ունեցել արմատական փոփոխութիւններ եւ մօտեցումների վերանայման անհրաժեշտութիւն կայ: Այդպիսիք անցնող ժամանակահատուածում չեն եղել հետեւաբար եւ վերարժեւորումների անհրաժեշտութիւն չի զգացւում՝ նոյն իշխանութիւնն է, իր վարած քաղաքականութեամբ, եւ նոյն Դաշնակցութիւնը՝ այդ քաղաքականութեան նկատմամբ վերաբերմունքով:

Այստեղ ցանկանում եմ տեսական մակարդակի վրայ մի հարց պարզաբանել՝ արդեօ՞ք այն ինչ Դաշնակցութեան մօտեցումն է միակ ճշմարտութիւն է եւ պէտք է պարտադիր լինի ողջ հայ ժողովրդի ու համայն աշխարհի համար: Ի հարկէ այդպես չէ՞ օրինակ ոմանք շատ լրջօրէն համոզուած են, թէ Նիկոլ Փաշինեանը թաւշեայ, ժողովրդավարական յեղափոխութիւն է իրականացրել Հայաստանում եւ հիմա բարեփոխում, հզօրացնում է երկիրը: Պատահել է նոյնիսկ, որ Նիկոլ Փաշինեանին Արամ Մանուկեանի պատմուճանն են հագցրել: Ինչ կայ որ, ինչպէս սովորեցնում է ժողովրդավարութեան կանոններից մէկը՝ իւրաքանչիւրն իր տեսակէտն ունենալու իրաւունքն ունի: Աշխարհի բոլոր դաշնակցականներն էլ հետեւում են այն տեսակէտին, որն ամրագրուել է կուսակցական մեծամասնութեան կամքով: Եւ եթէ, օրինակ, որոշ ուսանող երիտասարդներ համամիտ չեն կուսակցական մեծամասնութեան տեսակէտի հետ՝ իրենց բարի ճանապարհ, ազատ են գնալու ուր կը ցանկանան, այդ թւում եւ Նիկոլ Փաշինեանի թիմին կամ վերջինիս համակրողներին միանալու: Ի հարկէ ես այս մասին գրում եմ ոչ թէ ուրախութեամբ կամ չարախնդութեամբ, այլ ցաւով, որովհետեւ, ինչպէս վստահ եմ տեղեակ են բոլոր նախկին ու ներկայ Դաշնակցականները, մեր կուսակցութիւնը ընտանիք է եւ հետեւաբար, որքան հեշտ է նոր մարդկանց սեփական ընտանիք ընդունելը, նոյնքան էլ ցաւոտ է տան դռները ընտանիքի անդամների վրայ փակելը: Բայց ելքն այս է, այլապէս այլընտրանքը կը լինէր այն, որ կա՛մ օճախիդ մէջ ընտանեկան դաւաճանութիւնը հանդուրժէիր կա՛մ, ինչ որ մարդկանց ցանկութեամբ, ընտանիքը քարշ տայիր օտարի մօտ ծառայութեան: Դաշնակցականները, վերածննդի ռահվիրանների նման, միշտ գիտակցել են, որ իրենց ստեղծածը իրենցից մեծ բան է, հետեւաբար կուսակցութիւնը չի կարող զոհաբերուել անձերի կամքին ու քմահաճոյքին: Առաւել եւս եթէ, այսպէս կոչուած տարակարծութիւնը, համազգային մտահոգութեան արդիւնք չէ, այլ հետապնդում է մասնաւոր եւ խմբային նեղ շահեր:

1938 թուականին ՀՅԴ 13-րդ Ընդհանուր ժողովում զեկուցւում է, որ ընկեր Գարեգին Նժդեհը դրսեւորում է խմբակայնութիւն եւ ինքնագործունէութիւն: Բարձրագոյն ժողովին տեղեկացւում է, որ համապատասխան մարմինն ընկերոջը կանչել ու զգուշացրել է արարքի հարցով, իսկ վերջինս ներողութիւն է խնդրել՝ խոստանալով վերջ տալ այդ գործունէութեանը, բայց յետոյ շարունակել է նոյն կերպ: Ժողովը որոշում է հեռացնել շարքերից Նժդեհին, որովհետեւ Նժդեհը, արժէք էր, բայց ոչ Դաշնակցութիւնից մեծ արժէք, մանաւանդ իր անելիքի առումով: Կուսակցութիւնը մէկ անգամ արդէն ընկերոջը խնայել էր 1921 թուականին, հենց նրա անձը նկատի ունենալով:

եւ սա նման միակ օրինակը չէ: Կամ այս կուսակցութիւնը, յանուն հայ ժողովրդի ներկայի ու ապագայի, պէտք է պահպանի իր կազմակերպական ուժը կամ պէտք է մատաղ արուի օրուայ իշխանութիւններին, ինչպէս ժամանակին ցանկութիւն ունեցողներ կային, որ այն զոհաբերուի Լեւոն Տէր Պետրոսեանի պատկերացումներին:

Ոչ ոք ոչ մէկի ձեռքը չի բռնում, թող իւրաքանչիւրը գնայ իր ճանապարհով, կեանքը մէկ անգամ է տրւում եւ չ’արժէ այն ապրել աններդաշնակութեան ու կեղծիքի մէջ: Դաշնակցութիւնն էլ կը գնայ իր ճանապարհով՝ իր հաւատաւորների հաւատքի ուժով:

Արտաշէս Շահբազեան

Leave a Comment

You must be logged in to post a comment.