Դաշնակցութիւնը՝ ինքը, յեղափոխութիւն է որ կայ

2018-ին Դաշնակցութիւնը չնսեմացրեց հասարակ մարդկանց մղումները եւ անկախ այդ ամէնի մէջ ամէն տեսակ կասկածելիների ներգրաւուածութիւնից ու հնարաւոր վտանգաւոր զարգացումներից, կուռ միաւորներով միացաւ այդ ազնիւ մղումներին՝ ՀՅԴ 129-ամեակի միջոցառումների ժամանակ (Վանաձոր, Վարդենիս) իր ելոյթներում նշեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթէլեանը։

Նա յիշեցրեց, որ այդ օրերին երկար ծանր ու թեթեւ անելով զարգացումները, գիտակցումով, որ մարդիկ փոփոխութիւններ էին ուզում, Դաշնակցութիւնը միացաւ՝ յոյսով, որ իր ժողովների եւ նիստերի քննարկումներում մատնանշուած բոլոր խրտուիլակները, ապազգային, ցինիկ, բարոյական եւ մարդկային նկարագրից զուրկ անձինք, կասկածելի աղբիւրներից սնուած գրանտակերները, քաղաքական անցեալ չունեցող ծաղրածուները, որոնք յայտնուել էին փողոցային առաջնորդների դերում, շուտով կը մնան համաժողովրդական շարժման ալիքի տակ, եւ շարժումը կը զտի, կը մաղի ամէն ինչ եւ ամէնքին։

Արդիւնքում, նրա խօսքով, նոր իշխանութեան մէջ տեղ գտան նշեալ բանսարկուները եւ իշխանութեան ձեւաւորումից կարճ ժամանակ անց գործի անցաւ կազմաքանդիչ մի մեքենայ, որի ղեկը ուղղորդւում էր յայտնի նախկինի ձեռքով։

«Որոշներն անգամ այնքան էին տրուել այդ ալիքների ազդեցութեանը, որ յեղափոխական կուսակցութեանը յեղափոխութիւնների տեսութեան դասեր էին տալիս՝ կրկին մեղադրելով նրան, որ չի տեսնում կամ չի ուզում տեսնել «յեղափոխական» Հայաստանի վերընթաց ուղին», ասաց նա։

Իշխան Սաղաթէլեանը սթափութեան կոչ արեց այդ շրջանակներին. «Հայրենակիցնե՛ր, պարզապէս հաշուենք, թէ Դաշնակցութիւնը, հիմնադրուելով Օսմանեան Թուրքիայում եւ Ցարական Ռուսաստանում տեղի ունեցող փոթորկուն իրադարձութիւնների շրջանում, իր 129-ամեայ պատմութեան ընթացքում քանի՞ իշխանափոխութեան կամ յեղափոխութեան նախաձեռնողը, ականատեսն ու մասնակիցն է եղել»։

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.