Դաշնակցական վիրաւոր բժիշկը հրաժարուել է իջնել դիրքերից, շարունակել է պայքարը,  բուժել  վիրաւոր զինուորներին․ քաջութիւն, որը սահմաններ չունի

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը Թուրքիայի գործուն աջակցութեամբ, ահաբեկիչների ներգրաւմամբ Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական գործողութիւններ սանձազերծեց Արցախում։ Պատերազմական ծանր ու հոգեմաշ օրերին մեր հայրենասէր քաջերը սխրանքներ գործեցին, արեցին իրենցից կախուած հնարաւորն ու անհնարինը, բազմաթիւ հայորդիներ նահատակուեցին՝ յանուն հայրենի  հողի և յանուն մեզ։

Նոյեմբերի 9-ին, Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի միջև յայտարարութիւն ստորագրուեց, որով յայտարարուեց  հրադադար և ռազմական բոլոր գործողութիւնների դադարեցում 2020 թուականի նոյեմբերի 10-ից։ Թերևս, աշխարհի բոլոր բառերը մաշուած են  թւում։ Թւում է՝ հնարաւոր չէ նկարագրել՝ ինչ ցաւ, կորուստի մորմոք է ապրում հայրենասէր հայ ժողովուրդը, բանական, գիտակից հայ մարդը․․․

Այս ածականներն ի զուր չեն օգտագործւում․ դրանք   հայերին բնորոշող  բառեր են,  իսկ  նրանք,  ում անունները մեր պատմութեան մէջ պիտի գրուեն Վեստ Սարգսի, Վահէ Իհսանի (Եսաեան),  Հմայակ Արամեանցի և նմանների անունների կողքին, որևէ հոգևոր կապ ու առնչութիւն  չունեն մեր սուրբ հայրենիքի, մեր քաջերի սխրանքների, մեր ցավի,  կորստի մորմոքի ու պայքարող ոգու հետ։ Նրանց ծրագրերն ու անփառունակ վախճանը ինքը՝ ժամանակը ցոյց կը տայ։

Պիտի արձանագրենք՝  կան հայեր, որոնց հայրենասիրութիւնն ու նուիրումը սահմաններ չունի։ Ճիշտ այսպիսին է  բժիշկ Արամ Յարութիւնեանի ընտանիքը։ «Արենի» առողջութեան առաջնային պահպանման կենտրոնի բժիշկ,   ՀՅԴ  անդամ Արամ Յարութիւնեանը, 1988-1994 թուականների ընթացքում մասնակցել է արցախեան գոյապայքարին․ հինգ անգամ մեկնել է Արցախ՝ ջոկատի կազմում ներգրաւուելով որպէս բժիշկ։

Նրա որդիները՝ Երևանի պետական բժշկական համալսարանում սովորող  ապագայ բժիշկներ Արսէնն ու  Հայկազը, այս պատերազմի դժնդակ օրերին անցան այն ճանապարհը, որով իրենց հայրն էր անցել։ Արսէնը 4-րդ կուրսում է սովորում, իսկ Հայկազն ընտրել է իր մասնագիտութիւնը՝  ուրոլոգոգիան․ նա  սովորում է  օրդինատուրայի 1-ին կուրսում։ Տղաները դեռ մասնագիտական որակաւորում չեն ստացել, բայց մասնագիտական փորձ ունեն․  համավարակի տարածումից յետոյ՝ ապրիլ ամսից սկսած՝ մինչև պատերազմի մեկնարկը,  երկու եղբայր Երևանում գտնուող COVID կենտրոններում  պայքարել են կորոնավիրուսի դէմ՝ որպէս կամաւոր  բուժաշխատողներ  աշխատելով տարբեր բուժհաստատութիւններում։ Պատրազմական գործողութիւններից յետոյ եղբայրները հանել են  պաշտպանիչ յատուկ համազգեստն ու անվարան մեկնել Արցախ՝ հասկանալով, որ մեր տղաներն իրենց կարիքն աւելի շատ ունեն այնտեղ՝ Արցախում։

Պատերազմի առաջին իսկ օրը՝ սեպտեմբերի 27-ին,  Հայկազը մեկնել է  Արցախ, իսկ կրտսեր որդին՝ Արսէնը՝  յաջորդ օրը՝ սեպտեմբերի 28-ին։ Արսէնը  ներգրաւուած է եղել ջոկատի կազմում՝  մի ձեռքում զէնքը, միւս ձեռքում բժշկական պարագաները պահած՝ կատարել է իր մասնագիտական  առաքելութիւնը ու կռիւ  մղել թշնամու դէմ։
Իսկ Հայկազը սկզբում հիւանդանոցում է մեր քաջերին բուժել, ապա՝ ջոկատի կազմում եղել է առաջնագժում։ Արսէնն ու Հայկազը, որոնք Արցախի հիւսիսային հատուածում են եղել, պատերազմի ընթացքում այդպէս էլ չեն հանդիպել։

Տղաների հայրը՝ Արամ Յարութիւնեանն ասում է՝ սահմանամերձ Արենի համանքում իր մասնագիտական ներուժի կարիքը շատ է զգացւում, և միայն դա էր պատճառը, որ ինքն Արցախ չմեկնեց։
Բժիշկ Յարութիւնեանն ասում է՝  մինչև իր որդիներն Արցախ կը մեկնէին՝ մի խորհուրդ է տուել նրանց։
«Ասել եմ՝ ուշադիր եղէ՛ք ձեր կեանքի նկատմամբ, խնայէ՛ք ձեր կեանքը, քանի որ ձեր կեանքը ոչ միայն ձերն է, այլև վիրաւոր զինուորներինը», —  պատմում է բժիշկ Արամ Յարութիւնեանը։

Արամ Յարութիւնեանի Աւագ որդին՝ Հայկազը, Ապրիլեան պատերազմի ժամանակ ևս Արցախում է եղել։

Այդ ընթացքում  կրտսեր որդին՝  Արսէնը ժամկէտային զինծառայող է եղել, Հայկազը, ինչպէս այս անգամ, պատերազմի մասին լսելով՝ անմիջապէս շտապել է Արցախ։

«2016 թուականին, երբ տեղեկացայ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողութիւնների մասին, զանգեցի հայրիկիս, ասացի՝ գնում եմ Արցախ, հայրիկս ասաց՝ ես արդէն ճանապարհին եմ», —  «Հորիզոն»-ի թղթակցի հետ զրոյցում պատմեց Հայկազը՝  շեշտելով՝  իր հայրն  իր  համար միշտ հայրենասէր հայի, անձնուրաց պայքար մղող քաջ մարդու վառ օրինակ է եղել։

Պատերազմի սարսափներն ու դժնդակ զարկերն ամեն նեարդով զգացած Հայկազը  ՀՅԴ  անդամ, «Նիկոլ Աղբալեան»  ուսանողական միութեան անդամ է։ Նա ցաւով է յիշում պատերազմական օրերի մասին։

«Ցաւօք, լինում էին դէպքեր,  երբ կեանքի հետ անհամատեղելի վիրաւորումներ կային,  ու բժշկութիւնն անկարող էր փրկել մեր քաջերին։ Աննկարագրելի ցաւ էի ապրում՝ տեսնելով, որ կային կեանքեր, որոնք չէինք կարողանում փրկել և մեծ երջանկութիւն էինք զգում  ամէն անգամ, երբ  փրկում էինք», —    ասում է Հայկազը՝ շեշտելով՝ պատերազմական օրերին հասկացել է՝ ինքն այլևս իր համար չի ապրում․ ապրում է իր ընկերների, 18-20 տարեկան զինուորների յիշատակի համար։

Հայկազը մարտերի ընթացքում կորցրել է իր հարազատ ընկերներին, ամէն նահատակուած  քաջի հետ Հայկազի մի մասնիկը պակասել է․․․ Պատերազմի դժնդակ օրերին Հայկազի աչքի առաջ զոհուել են  ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» ուսանողական միութեան անդամ Կիմ Խաչատրեանը և ՀՅԴ Էջմիածնի «Վաչէ Ռոստոմեան» կոմիտէութեան համակիր Մայիս Նազարեանը։ Նրանք Արցախ էին մեկնել ՀՅԴ կամաւորական վաշտերից մէկի կազմում, զոհուել են հոկտեմբերի 31-ին՝ առաջնագծում մղած մարտերի ընթացքում։

Այդ նոյն ակնթարկին Հայկազը  քունքի ու մէջքի հատուածում վիրաւորում է ատացել, բայց յամառօրէն պնդել է՝ չի իջնելու դիրքերից, մնալու է տղաների կողքին ու շարունակելու է նրանց հետ պայքարել։

Երբ Հայկազի ծնողներն իմացել են իրենց որդու վիրաւորում ստանալու մասին, Հայկազը նրանց ասել է՝  վիրաւորումը շատ լուրջ չէ, ինքը կարող  է և պարտաւոր է մնալ դիրքերում։

Պատերազմի օրերին նա միաժամաակ բուժել է և՛ իր վէրքերը, և՛ մեր քաջերի։

«Վէրքերս մշակելու հարցում ինձ օգնեց բուժակը։ Հայրենիքին ու մեր  տղաներին օգնելու և կեանքեր փրկելու ձգտումն ինձ օգնեց, որպեսզի կարողանամ յաղթահարել այդ դժուարութիւնները։ Ինձ համար շատ կարևոր էին նաև իմ զինընկերների յուսադրող խօսքերը, որոնք ինձ ուժ էին տալիս, զինուորները հպարտութեամբ ու ոգևորութեամբ էին  նայում, երբ ես  իմ մասնագիտական պարտքն էի կատարում։ Այդ ամէնն ինձ ուժ է տուել, որպէսզի կարողանամ պատուով կատարել իմ առաքելութիւնը  մարտի դաշտում», –  ասում է Հայկազը։

Նա քաջաբար  շարունակել   է պայքարը մինչև ռազմական գործողութիւնների դադարեցումը, աւելին՝  նոյեմբերի 24-ին է  տուն վերադարձել,  այսինքն՝  դիրքերում  մնացել է այնքան, մինչև իր ստորաբաժանումն իջել է այնտեղից։

Հերոսաբար պայքար մղած Հայկազը համեստօրէն համոզում է իր մասին խօսելիս «հերոս» բառը չգործածել, ասում է՝ ինքը կատարել է իր պատականութիւնը, եթէ իր ներուժի կարիքը զգացուի,  ամէն վայրկեան պատրաստ է դարձեալ մեկնել Արցախ։ Բայց, մարտի դաշտում բազմաթիւ կեանքեր փրկած, զէնքով ու բժշկական պարագաներով պատերազմի արհաւիրքի դէմ պայքար մղած քաջին  նկարագրելիս որքան էլ «ժլատօրէն» օգտագործենք բառերը, մէկ է՝ «հերոս» բառը յամառօրէն  «առաջ է ընկնում»․․․

Նոյեմբերի 24-ին՝  տուն վերադառնալուց յետոյ Հայկազը հայրենի գիւղից՝ Արենիից շտապել է Երևան՝  բուժառուների կողքին լինելու։ Արցախից վերադառնալուց նոյնիսկ մէկ շաբաթ չանցած՝ նա հերթապահել է «Նորք» ինֆեկցիոն հիւանդանոցում, որպեսզի իր մասնագիտական աջակցութիւնը ցուցաբերի կորոնավիրուսով վարակակուած անձանց։ Պատերազմի արհաւիրքը տեսած Հայկազը վստահեցնում է՝ պէտք է ուժ գտնել, շարունակել պայքարել ու շենացնել հայրենիքը։

Քանի դեռ մեր ազգում կան այսպիսի քաջեր, մենք  շարունակելու ենք մաքառել։ Մենք կանք, պիտի լինենք ու դեռ շատանանք․․․

ՀԱՍՄԻԿ ԲԱԼԷՅԵԱՆ

«Հորիզոն»

https://www.facebook.com/Horizon-Weekly-120633978044872/videos/810596076190797

 

 

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.