Դաշնակցական ընկերներիս կամքը տեսնելով՝ ես դեռ վերադառնալու եմ իմ հայրենի տուն Արցախ»․ Սեդա Մակարեան

«Բերձորում, Լաչինում գտնուող մեր տունը մնաց թշնամուն, բայց դաշնակցական ընկերներիս ու եղբայրներիս կամքը տեսնելով՝ իրաւունք չունեմ չհաւատալու, որ ես դեռ վերադառնալու եմ իմ հայրենի տուն»․ ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» ուսանողական միութեան վարչութեան անդամ Սեդա Մակարեան

ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» ուսանողական միութեան վարչութեան անդամ Սեդա Մակարեանի ընտանիքն արդէն տասը տարի է, ինչ Բերձորից տեղափոխուել է Երևան,  բայց Արցախը միշտ Սեդայի սրտում է եղել։  Այժմ  Երևանի պետական համալսարանի  հայ բանասիրութեան ֆակուլտետում սովորող Սեդան պատմում է՝  ամառային արձակուրդները սովորաբար անցկացրել է Բերձորում՝  իր պապական հարազատ տանը։

Այսօր Սեդան ցաւով ասում է՝ հիմա իրենց տունը թշնամուն է  մնացել․․․

«Չեմ ուզում միայն Բերձորն առանձնացնել․ առհասարակ, Արցախը  շատ թանկ է ինձ համար․․․․ Ինձ թւում է՝ առանց Արցախ ես անհայրենիք եմ, և էական չէ, որ ես քայլում եմ ազատ, անկախ Հայաստանի փողոցներում, բայց ամէն վայրկեան  իմ մէջ կայ այն գիտակցումը, որ Արցախն է՛լ իմը չէ․․ Ես շնչահեղձ եմ լինում։ Ես չեմ համակերպւում այս մտքին ու երբեք չեմ համակերպուելու։ Ինձ թւում է՝ ես որբացել եմ ու անհայրենիք մնացել․․․», — ասաց  Սեդան։

Սեդան մեզ հետ զրոյցի ընթացքում չկարողացաւ զսպել արցունքները, մեր թղթակիցը ևս, բայց  Սեդան յամառ, անկոտրում, քաջ ու հայրենասէր  հայի վառ օրինակ է։ Նա վերահաստատեց մեր էպոսում զետեղուած խորիմաստ տողերը, թէ՝ առիւծն առիւծ է՝ եղնի  էգ, թե որձ։ Նա պատերազմի օրերին պայքարել է թիկունքում՝  ներգրաւուելով  «Նիկոլ Աղբալեան»  ուսանողական միութեան  իրականացրած   աշխատանքներում։

«Մենք հոգում  էինք Արցախից Հայաստան տեղափոխուած մեր քոյրերի ու եղբայրների մասին․ արցախցի փոքրիկների հետ եղել ենք Էջմիածնում, թանգարաններում, փոքրիկների համար կազմակերպել  ենք տարբեր միջոցառումներ։ «Նիկոլ Աղբալեան» ուսանողական  միութիւնում  քնապարկեր, տաք հագուստ, վերմակներ էինք կարում  և առաջնագիծ  ուղարկում։ Դա նուազագոյնն էր, որ  ես կարող էի անել այն դէպքում, երբ ընկերներս, հայրս, եղբայրներս ՀՅԴ գումարտակի կազմում մեկնել էին Արցախ՝ մեզ, մեր հայրենիքը պաշտպանելու։ Մենք ընկերներ ենք կորցրել․․․ նրանց սխրանքների համեմատ՝ ՀՅԴ  Հայաստանի ետիտասարդական միութեան,  «Նիկոլ Աղբալեան» ուսանողական միութեան անդամ աղջիկների արածը շատ համեստ ներդրում էր, քանի որ մեր ընկերներն Արցախւմ անհնարինն են արել, և մենք միշտ պարտական ենք լինելու իրենց։

Ամեն անգամ, երբ  մենք մեր ընկերներին ճանապարհում էինք   Արցախ, ինձ թւում էր՝ ամէն գումարտակի հետ իմ հոգին էլ էր գնում իրենց հետ»։

Սեդան ասում է՝   դժուար էր գիտակցելը, որ իր դաշնակցական ընկերները՝ իր հարազատ ընտանիքի անդամները մեկնում էին ռազմի դաշտ ու պիտի մահուան աչքերին նայէին։

«Ամէն անգամ, երբ հաւաքւում էինք ու մեր ընկերներին ճանապարհում,  ես յուզւում էի․․․ Մի քանի անգամ ստացուեց այնպէս, որ մեր ընկերների՝ Արցախ գնալը յետաձգուեց։  Մեր զոհուած ընկերներից Կիմը գնալու օրը ինձ չէր ասել, որ պատրաստւում է Արցախ մեկնել։ Ինձ ասում էր․  «դու ամէն անգամ գալիս ես,  յուզւում ես ու ստացւում է այնպէս, որ մեր՝ Արցախ գնալը յետաձգւում է, մեզ չեն տանում»․․․ Ու ստացուեց այնպէս, որ  նա արդէն մեկնել էր Արցախ, և ես ա ուշ իմացայ այդ մասին ։ Կիմն Արցախում զոհուեց․․․ Այդ օրերի հետ կապուած յիշողութիւններս կապուած են Կիմի հետ․․․ Նա իրեն դաջեց մեր մէջ, մնաց մեր մէջ ու գնաց․․․»։

Յաղթելով ցաւին՝ զրոյցի վերջում Սեդան յիշեցրեց՝  Հայաստանն իր բազմադարեայ պատմութեան ընթացքում տեսել է՝ ե՛ւ դաւաճանութիւններ, և՛ անկումներ, մի քանի հարիւրամեակ  պետականութիւն չի ունեցել, բայց ոտքի է ելել, այսօր կայ՝ ու ապրում է։

Սեդան ընդգծեց՝ վստահ  է, որ մենք մեր հայրենիքը ոտքի ենք կանգնեցնելու,  Արցախը, Ջաւախքը, Նախիջևանը  և առհասարակ, մեր պատմական հայրենիքը վերադարձնելու ենք՝ պատմական արդարութեամբ։

«Ես ճանաչել  եմ 18-20 տարեկան զոհուած տղաներին, որոնք կռուել են յանուն հայրենիքի, նայել են մահուան աչքերին՝ առանց վախենալու, ես ճանաչել եմ մեր կամաւորականներին,  ճանաչում եմ հայ ազգին, այսօր իմ կողքին կան սխրանքներ գործած  մարդիկ։ Հայաստանի երիտասարդական միութեան, «Նիկոլ Աղբալեան»  ուսանողական միութեան, դաշնակցական ընկերներիս, եղբայրներիս կամքն ու քաջութիւնը տեսնելով՝ ես իրաւունք չունեմ չհաւատալու, յոյս չունենալու, որ ես ապրելու եմ Արցախում, վերադառնալու եմ իմ  հայրենի տուն», — եզրափակեց Սեդան։

ՅԱՍՄԻԿ ԲԱԼԷՅԵԱՆ

«Հորիզոն»

 

 

 

 

 

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.