«Գութան»-ը մեր ազգային արժէքները պահելու ու պահպանելու առաքելութիւն ունի

Երեւանի կենտրոնում՝ «Գաֆէսճեան քանդակների պարտէզում» մէկ օր շարունակ հնչում էր ազգային երգն ու երաժշտութիւնը՝ մեզ բոլորիս ամուր կապելով մեր արմատներին: Ազգային ինքնութեան այս հաւաստումը «Գութան» ազգային-աւանդական երգի-պարի ամենամեայ փառատօնին էր։

Փառատօնի շնորհիւ աւանդական երգերն ու պարերը ներկայացուէցին էթնիկ տարբերակով՝ առանց ժամանակակից մշակումների եւ միայն ազգային նուագարանների (տուտուկ, բլուլ, շուի, զուռնայ, պկու, կոպալ, տհոլ եւ այլն) նուագակցութեամբ, որը փառատօնի բացառիկութիւններից մէկն է։ Փառատօնն անցկացւում է 2014 թուականից «Մրրօ» հայ ազգային արուեստի կենտրոնի կողմից, Արսէն Գրիգորեանի (Մրրօ) նախաձեռնութեամբ: «Գութան»ի նպատակն է պահպանել եւ տարածել հայկական ազգային-աւանդական երգերն ու պարերը, դրանք աւելի ճանաչելի դարձնել երիտասարդներին ու փոխանցել սերնդէսերունդ: 2020 թուականի 44-օրեայ պատերազմից յետոյ ընդհատուած «Գութան»ը 2023-ին կրկին իրականացուեց, շարունակելով իր առաքելութիւնը՝ տէր լինել մեր ազգային արժէքներին, մեր հարուստ մշակույթային ժառանգութեանը եւ պահպանել մեր ազգային ինքնութիւնը։

«Գութան»ը մեկնարկուեց աւանդոյթ դարձած կոմիտասեան լոռուայ «Գութաներգ»ով, «Բարի Լուսոյ»ով, այնուհետեւ ներկաները մէկ րոպէ լռութեամբ յարգեցին կեանքը յանուն հայրենիքի զոհած քաջերի յիշատակը։

Լռութեանը յետեւեց «Հայե՛ր, միացէ՛ք»ի միասնական կատարումը, որը կոչ ու հորդոր էր՝ միանալու, Արցախին օգնութեան հասնելու։ Բազմահազար հանդիսականների եւ մասնակիցների սէրն ու կուտակուած էներգիան հասաւ Արցախ, ջերմացնելու մեր քոյրերի եւ եղբայրների սրտերը, ամրացնելու նրաց առանց այն էլ ամուր ոգին:

«Գութան»ի ոգեղինութիւնը կոտրեց բոլոր փակ ուղիները, եւ «Գաֆէսճեան քանդակների պարտէզում» հնչեց Արցախի ձայնը:

Արցախի «Մենք ենք մեր սարերը» ազգագրական համոյթի մասնակցութիւնը «Գութան»ին արդէն բարի աւանդոյթ է դարձել, որն այս տարի իր ձեւաչափով խախտուեց Արցախի գերեվարուած լինելու պատճառով: Սակայն ոչինչ չխանգարեց, որ արցախեան աւանդական երգը ներկայացուի փառատօնին. արցախցի մեր հայրենակիցները «Գութան»ին միացել էին տեսակապի միջոցով, գործադրուած մեծ ջանքերի շնորհիւ Ստեփանակերտը եւ Երեւանը երկխօսեցին, հանդիսատեսը կարողացաւ հաղորդակից դառնալ արցախեան մշակոյթին:

Արցախի «Մենք ենք մեր սարերը» համոյթի արուեստագէտները, որոնց մի մասը գիւղերից ոտքով էր հասել Ստեփանակերտ, իսկ միւս մասն էլ հացի փռի գիշերային հերթափոխից, իրենց ողջ սէրը փոխանցեցին Երեւանին, այնտեղից էլ ողջ աշխարհի հայութեանը:

Փառատօնի հիմնադիր-ղեկավար Արսէն Գրիգորեանը տեսակապը սկսելիս դիմեց Արցախին եւ արցախցիներին. «Սիրելի՛ արցախցիներ, շնորհակալ ենք ձեզ, որովհետեւ դուք մեր արժանապատուութիւնն էք պահում, մեր հայրենիքն էք պահում։ Կեցցէ՛ Արցախը։ Սիրելի՛ արցախցիներ, ուզում ենք իմանաք, որ ամբողջ աշխարհի հայութիւնն այսօր ձեզնով է ապրում, ձե՛ր դժուարութիւնները մե՛ր դժուարութիւններն են։ Եթէ կան մարդիկ, որ արդէն ձեռք են քաշել եւ ասում են՝ թո՛ղ Արցախն ինքը իր հարցերը լուծի, չարաչար սխալւում են։ Արցախի հարցը բոլորիս հարցն է, ամբողջ աշխարհի հայութեան հարցն է։ 2014 թուականից Արցախը մասնակցել է «Գութան»ին, այսօր էլ պէտք է մասնակցի՝ ներկայացնելով Արցախի մշակոյթը, որը մեր ընդհանուր հայկական մշակութային ժառանգութեան կարեւոր մաս է կազմում», ասաց Արսէն Գրիգորեանը։

«Մենք չենք յուսահատւում եւ թէկուզ այսպէս՝ տեսակապով մասնակցում ենք «Գութան»ին՝ մեր ազգային տօնին, որը ծառայում է մեր ինքնութեան, հայկական մշակոյթի պահպանմանը։ Մենք բազում խոչընդոտներ ենք յաղթահարում Արցախը հայկական պահելու համար», յայտարարեց Արցախցի արուեստագէտներից մէկը՝ յոյս յայտնելով որ մայր Հայաստանի ու սփիւռքի օգնութեամբ կը կարողանանք միասնաբար փրկել Արցախը։

Տեսակապով հնչող արցախեան ելոյթների ընթացքում բազմահազարանոց հանդիսականը դարձաւ զօրեղ, նրանց վեր բարձրացրած բռունցքներում բազմապատկուեց ապրելու ու պայքարելու տենչը: Ոչ միայն արուեստագէտներն, այլեւ հանդիսատեսը ձեռք ձեռքի, ուս ուսի տուած պարում էին փառատօնի ողջ ընթացքում։ Մեր ազգային երգն ու պարը մեր պայքարի ու աւիւնի մի մասն են, այս երգերն ու պարերը ուղեկցել են նաեւ մեր հզօր հայորդիներին ռազմի դաշտում։

«Գութան»ը զուարճանքի փառատօն չէ այն մեր արժանապատուութեան, ազգային արժէքների, պայքարի ոգին պահելու, պահպանելու, սերունդներին փոխանցելու առաքելութիւն ունի։ Ելոյթներից յետոյ՝ մինչեւ տեսակապի աւարտը, արցախցիները վստահեցրին՝ ամուր են, պայքարելու են մինչեւ վերջ, իսկ Արսէն Գրիգորեանը հաւատացրեց՝ մենք Արցախի կողքին ենք, ապա յոյս յայտնեց, որ յաջորդ տարի «Գութան»ը կ’անցկացուի նաեւ Արցախում, ինչպէս նախորդ տարիներին։ Փառատօնին մասնակցեցին աւանդական երգ ու պարի լաւագոյն խմբերը՝ «Ակունք», «Սասնայ Ծռեր», «Վան», «Մենք ենք մեր սարերը» (Արցախ), «Տարօնցիներ», «Նուպար», «Վերադարձ», «Մասունք», «Տաւրոս» (Մասիս), «Գորանի», «Ծիլք», «Արեգ», «Սեբաստացիներ», «Մարաթուկցիներ», «Արդուին», «Նժդեհ» խմբերգը, որոնց կատարումներում ներառուած էին հայրենասիրական երգեր, նուիրուած Արցախին եւ արցախցիներին:

Միասնակա՛ն լինենք, պայքարե՛նք, որպէսզի 2024-ին «Գութան»ը տեղի ունենայ նաեւ Արցախում։

Յասմիկ Բալեյեան

Comments are closed.