Գանատան Հարաւային Կովկասում իր առաջին դեսպանատունը բացում է Հայաստանում

Հայ-գանատական միջպետական յարաբերութիւնների զարգացմանը էապէս նպաստելը մշտապէս եղել է Հայ դատի Գանատայի յանձնախմբի քաղաքական առաջնահերթութիւններից մէկը։ Այս համատեքստում Հայ դատի յանձնախմբի կողմից մշտապէս կարևորուել է Հայաստանի Հանրապետութիւնում Գանատայի դեսպանատան հիմնումը՝ որպէս միջպետական յարաբերութիւնների նոր որակի ցուցիչ և հեռանկարային համագործակցութեան երաշխիք։ Այս ուղղութեամբ Հայ դատի Գանատայի յանձնախումբն անցնող տարիների ընթացքում գրեթէ ամենօրեայ ռէժիմով հսկայական աշխատանք է կատարել՝ շարունակապէս ընդգծելով, որ Գանատան Մեծ եօթնեակի միակ պետութիւնն է, որ դիւանագիտական ներկայացուցչութիւն չունի Հայաստանում։

Յատկանշական է, որ գանատական կառավարութեան այս որոշմանը ամիսներ առաջ նախորդել էր Եւրոպական Միութիւնում Գանատայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Ստեֆան Տիօնի` յատուկ առաքելութեամբ այցը Հայաստան։ Հայ դատի Գանատայի յանձնախումբը՝ Գանատայում, իսկ ՀՅԴ Բուրոյի և Հայ դատի Կենտրոնական խորհրդի ղեկավարները՝ Հայաստանում, դեսպան Տիօնի հետ հանդիպումների ժամանակ անգամ ևս կարևորել էին Գանատայի դիւանագիտական ներկայացուցչութեան հաստատումը Հայաստանում։

ՀՅԴ Հայ դատի համաշխարհային ցանցը, անկախ ՀՀ ներքաղաքական իրավիճակից և ՀՀ գործող իշխանութիւնների ամօթալի ու պարտուողական կեցուածքից, շարունակելու է Հայաստանի Հանրապետութեան արտաքին քաղաքական շահերի սպասարկման աշխատանքները՝ այն համոզմամբ, որ իշխանութիւններն անցողիկ են, իսկ պետական շահը՝ մնայուն։ Ստեղծուած ծանր իրավիճակում, երբ թշնամական պետութիւնները փորձում են Հայաստանի Հանրապետութեանը պարտադրել միջազգային մեկուսացում և նորանոր զիջումներ, մեր պետությունն առաւել քան երբևէ, կարիք ունի միջազգային յարաբերութիւնների որակական ընդլայնման, ինչի ուղղութեամբ Հայ դատի յանձնախմբերի ու գրասենեակների համաշխարհային ցանցը, իր կարողականութիւնների շրջանակում աշխատում է։

ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի կենտրոնական խորհուրդ

29.06.2022 թ.

Leave a Comment

You must be logged in to post a comment.