«Բոլոր միջազգային  իրաւունքներով խախտուած է Հադրութի տարածքային ամբողջականութեան սկզբունքը»․ Մերի Դաւթեան

«Հադրութի դեօկուպացիա» հասարակական կազմակերպութիւնը հիմնադրուել է 2020 թուականի դեկտեմբերի 4-ին: Այս հասարակական կազմակերպութեան համահիմնադիր և նախագահ Մերի Դաւթյանը «Հորիզոն»-ի թղթակցի հետ զրոյցում պատմեց՝ Հադրութը կորցնելուց յետոյ ինքը և իր ընկերները համախմբուել են ու որոշել միահամուռ ուժերով ինչ-որ կառոյց ստեղծել ու  պայքարել Հադրութի հակաօկուպացիայի ու հադրութցիների իրաւունքների համար։

44-օրեայ պատերազմից ու եռակողմ յայտարարութեան ստորագրումից յետոյ Արցախի Հանրապետութեան Հադրութի շրջանի շուրջ 13500 բնակիչներ զրկուեցին իրենց հայրենիքից, տնից և ունեցուածքից։ Այժմ նրանք ստիպուած են ապրել ժամանակաւոր բնակութեան վայրերում և կացարաններում: Նրանց առջև ծառացել են տարբեր սոցիալ-տնտեսական և իրաւական խնդիրներ, որոնք կարգաւորելու, համակարգային լուծում տալու նպատակով, և ի հարկէ մի օր Հադրութը հակաօկուպացված տեսնելու իրատեսական յոյսով էլ ստեղծուել է   «Հադրութի դեօկուպացիա» հասարակական կազմակերպութիւնը: «Հադրութի դեօկուպացիա» հասարակական կազմակերպութեան Այս կառոյցն արդեն այսօր համակարգուած ձևով մեղմում է հադրութցիների առաջ ծառացած խնդիրները։

«44-օրեայ պատերազմից յետոյ մեզ թւում էր՝ տարբեր դեսպանատների առաջ բողոքի ակցիաներ կազմակերպելով՝ կարող ենք ինչ-որ արդիւնքի հասնել և մեր ձայնը լսելի դարձնել աշխարհին, բայց, ցաւօք, դա այնքան էլ այդպէս չէր։ Այդուհանդերձ, մենք, ի հարկէ, չէինք կարող յուսահատուել ու ձեռքներս ծալած նստել։ Այդ չարաբաստիկ եռակողմ յայտարարութեան ստորագրումից յետոյ մեր ներսի ցասումն է՛լ աւելի ուժեղացաւ ու մենք՝ հադրութցիներով, համախմբուեցինք, որոշեցինք ձևաւորել այս կառոյցը․․․ Այն իրավիճակում, որ այսօր յայտնուել են հադրութցիները, բառերով նկարագրել հնարաւոր չէ։ Իսկապէս, շատ ծանր իրավիճակ է ու իրողութիւն։ Արցախի մի պատմական շրջան կորցրինք ու 13500 բնակչութիւն ունեցող Հադրութն անցաւ ադրբեջանական վերահսկողութեան տակ», — ցաւով, բայց պայքարի ուժն իր մէջ չկորցրած՝ պատմում է Մերի Դաւթեանը, որի մանկութիւնն ու պատանեկութիւնն անցել է Հադրութում․  նա սրտով, ամէն նեարդով կապուած է Հադրութին․․․Հադրութը վերադարձնելու ազնիւ ու արդար յոյսը պայքարելու ուժ է տալիս։

Նոյեմբերի 16-ին ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանն ընդունել է «Հադրութի դեօկուպացիա» հասարակական կազմակերպութեան  ներկայացուցիչներին․ այժմ համագործակցութիւն կայ այս կառոյցի ու նախագահականում ստեղծուած, հադրութցիների աջակցութեանը միջուած, նորաստեղծ աշխատանքային խմբի միջև․ որոշակի սոցիալական խնդիրներ այս համագործակցութեան միջոցով արդէն իսկ լուծուել են։

«Մինչև այսօր այդ համագործակցութիւնը շարունակւում է։ Մենք ներկայացնում ենք ծրագրեր, նրանք ընդառաջում են։ Այդ համագործակցութեան շնորհիւ կարողացել ենք  որոշ ընտանիքների կեցութեան խնդիր լուծել, մի փոքր թեթևացնել նրանց կենցաղային բեռը», — պատմում  է Մերի Դաւթեանը։

«Հադրութի դեօկուպացիա»  հասարակական կազմակերպութիւնը Երևանում գրասենեակ ունի․ ամէն օր  բազմաթիւ հադրութցիներ լինում են այդ գրասենեակում։  Նրանք, ի հարկէ, ոչ միայն օգնութիւն ու աջակցութիւն են խնդրում, այլև պարզապէս ասում՝ եկել են կամաւորագրուելու, այս հասարակական կազմակերպութեան ծաւալած պայքարում իրենց ներդրումն ունենալու։

Մերի Դաւթեանը բոլորովին վերջերս է վերադարձել Արցախից։ Ասում է՝ Արցախում մինորային տրամադրութիւնները շարունակվում են, բայց  մեր պայքարի գենն էլ  կայ արցախցիների մեջ։

«Յատկապէս իրենց տունը կորցրած մարդկանց մօտ է տիրում այդ մինորային տրամադրութիւնը։ Հադրութցիների մեծ մասը շարունակում է մնալ ՀՀ-ում և, եթէ յարաբերական  տոկոսային յարաբերութեամբ ասեմ, կարող եմ նշել՝ հադրութցիների 85 տոկոսը ՀՀ-ում է՝ մեծ մասը Երևանում, միւս մասը՝ մարզերում, իսկ 15-20 տոկոսը վերադարձել է Արցախի Հանրապետութիւն։

Հադրութցիներն այս հարցի հետ կապուած՝ շատ իւրայատուկ  վերաբերմունք ունեն, ասում են՝  պիտի  վերադառնանք հայրենի Հադրութ․ այլ տեղ չունենք գնալու։ Այս պահին իրենց համար այնքան էլ մեծ նշանակութիւն չունի, թէ հայկական մեծ, ընդհանուր հայրենիքի մէջ  ո՛ր հատուածում կը տեղակայուեն, մանաւանդ, որ Արցախում բնակֆոնդի մեծ խնդիր կայ։ Պետականօրէն հռչակուած ծրագրերը դեռ ընթացքի մէջ են, մարդիկ ապրելու տեղ չունեն։ Հադրութցիները տրամադրուած են,  յոյս ունեն, որ անպայման վերադառնալու են Հադրութ։ Նրանք մտածում են տեղահանութեան առաջին փուլում մնալ ու միջանկեալ լուծումների առանցքում չյայտնուել», — նշեց Մերի Դաւթեանը։

Նա պատմեց՝ թէև Արցախում յետպատերազմեան թանձր, ծանր հոգեբանական վիճակ  է տիրում, բայց մարդիկ ոտքի կանգնելու ուժ են գտնում․ այս օրերին Արցախում ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում, բնակարանաշինութեան ծրագրեր են իրականացւում։

Պէտք է շեշտել՝ «Հադրութի դեօկուպացիա» ՀԿ-ն ջանում է լուծել նաև հադրութցիների զբաղուածության խնդիրը, համապատասխան աշխատանք փնտռել հադրութցիների համար։

«Մենք տրամադրուած ենք «Հայաստան համահայկական հիմնադրամ»-ի, Արցախի Հանրապետութեան  համապատասխան օղակների հետ ևս որոշակի աշխատանքներ իրականացնել, քանի որ փոխադարձ գործակցութեամբ է հնարաւոր այս վիճակը քիչ թէ շատ մեղմել։

Մենք ծրագրեր ենք կազմել ու արդէն  երէկ ստացել դրանցից մէկի հաստատումը «Ավրորա» հիմնադրամի կողմից։ Կոնկրետ այդ ծրագրով փորձելու ենք լուծել կանանց զբաղուածության  խնդիրը։ Այդ ծրագիրը կոչւում է «Նախշուն Հադրութ»։ Մեր Հադրութը  գորգագործութեան ու շիւղագործութեան հարուստ աւանդոյթներ ունի։ Առայժմ փորձարառական նպատակով 15 կանանց հետ փորձելու ենք գործել շալեր, ծածկոցներ՝ «Նախշուն Հադրութ» բրենդով, ու հանրահռչակելու ենք դրանք, ապա՝ վաճառելու, որպէսզի հադրութցի կանայք աշխատանք ու եկամուտ ունենան», — պատմեց Մերի Դաւթեանը՝ շեշտելով՝ իրենք մշակել են նաև այլ ծրագրեր ու ներկայացրել տարբեր կառոյցների․ լիայոյս են, որ այդ ծրագրերը պէտք է հաստատուեն ու իրականացուեն։

Զրոյցի վերջում Մերի Դաւթյանը վստահաբար նշեց՝ հադրութցիները հաւատում են, որ Հադրութը դեօկուպացնելու են։

«Դա հենց այնպէս, օդից բռնած միտք չէ։ Մեր այդ հաւատը հիմքեր ունի։ Մենք վստահ ենք, որ աշխատելով, անընդհատ պայքարելով՝ կարող ենք արդիւնքի հասնել։ Մենք շարունակելու ենք մեր պայքարը։ Եթե դրան քաղաքական  ու իրաւական ասպեկտից նայենք, ապա բոլոր միջազգային  իրաւունքներով խախտուած է  Հադրութի տարածքային ամբողջականութեան սկզբունքը։ Խախտուել է երկու կարևոր միջազգային սկզբունք՝  ուժի չկիրառման ու տարածքային ամբողջականութեաեն սկզբունքը։ Եթէ դիտարկելու լինենք միայն Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի սահմանները, ապա այդպէս էլ կան մեծ խախտումներ։ Բանակցային գործընթացները  նորից պէտք է օրակարգ բերել։ 1997-1999 թուականներին Բուդապեշտեան գագաթնաժողովի  շրջանակում  ԵԱՀԿ զինուորականները սահմանազատման ու  քարտեսագրման աշխատաքներ են  իրականացրել Ադրբեջանի ու Ղարաբաղի  սահմաններին։ Այդ քարտէսները բանակցային փաթեթների մէջ են։ Դրանք պէտք է վեր հանել, վերակենդանացնել․ ընդ որում, պէտք է յիշել՝ այդ փաստաթղթերի տակ ստորագրել է, դրանց իր համաձայնութիւն է տուել նաև Ադրբեջանը։ Ահա այսպիսի նրբութիւններ կան, որոնց  պէտք է անդրադառնանք։ Մենք կարող ենք այս ամէնն ապացուցելով՝ հասնել մեր վերջնանպատակին՝ Հադրութի ապաօկուպացմանը», —  եզրափակեց Մերի Դաւթեանը։

Յասմիկ Բալեյեան

 

 

 

 

 

 

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.