Բոլորը խօսում են Բերձոր (Լաչին) քաղաքը Ադրբեջանին յանձնելու մասին: Ինչո՞ւ է դա կարեւոր

1. Ի՞նչ է եղել

Յունիսի 10-ին ՀՀ Ազգային ժողովի փոխխօսնակ Իշխան Սաղաթելեանը մամուլի ասուլիսի ժամանակ յայտնել է, որ Ադրբեջանը կառուցում է Գորիսը Ստեփանակերտին կապող եւ ներկայիս հիմնական մայրուղին՝ «Լաչինի միջանցքը» շրջանցող ճանապարհ, որը 2-3 ամիս յետոյ շահագործման կը յանձնուի: Դրա հետեւանքով «մենք ամբողջութեամբ կորցնելու ենք Բերձորի շրջանը, այդ թւում՝ Աղաւնօն, որոշ այլ հայկական գիւղեր»: Դրանից աւելի վաղ առաջիկայ ամիսներին Բերձոր քաղաքի՝ Ադրբեջանին յանձնելու մասին պարբերաբար բարձրաձայնում էր անկախ լրագրող Նայիրի Հոխիկեանը, ՀՀ ԱԺ նախկին պատգամաւոր Աննա Կոստանեանը, հասարակական գործիչ Էդգար Ղազարեանը եւ այլք։ Առաջիկայ ժամանակահատոուածում Բերձորի «լիարժէք նուաճման» մասին են խօսում նաեւ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտօնեաները, մերձիշխանական լրատուամիջոցներն ու փորձագէտները։ Ադրբեջանը հրապարակում է նաեւ լուսանկարներ եւ տեսանիւթեր Բերձորը շրջանցող նոր ճանապարհի կառուցումից, ինչը վերահաստատում է հայ գործիչների բարձրաձայնած մտահոգութիւնները։

 

  1. Որտե՞ղ է Բերձորը եւ ինչո՞ւ է այն կարեւոր

Բերձոր քաղաքը գտնւում է Գորիս-Ստեփանակերտ աւտոմայրուղու վրայ՝ գրեթէ հաւասար հեռաւորութեան վրայ հայկական այդ երկու քաղաքներից։ Այս քաղաքը, որ Ադրեջանը կոչում է Լաչին, հայկական ինքնապաշտպանական ուժերի կողմից թէժ մարտերով ազատագրոուել է 1992 թ. մայիսի 18-ին՝ Շուշիի ազատագրումից մի քանի օր անց, ինչի շնորհիւ բոլոր կողմերից շրջափակոուած Արցախի հիմնական հատուածը ցամաքային կապ ստացաւ Մայր Հայաստանի հետ։ Դրանից յետոյ քաղաքը դարձել է նորաստեղծ Քաշաթաղի շրջանի կենտրոնը, իսկ քաղաքով անցնող աւտոմայրուղին, որը հիմնանորոգուել էր «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով, դարձաւ ՀՀ-Արցախ հիմնական տրանսպորտային ենթակառուցուածքը եւ այդպիսին է մնում մինչ օրս։ Այս պատճառով այն ստացաւ նաեւ «կեանքի ճանապարհ» ժողովրդական անունը։ Աւելին, հետագայում հէնց այս քաղաքով եւ յարակից հատուածով են անցնում ՀՀ-ից Արցախը սնուցող այլ ենթակառուցուածքները՝ էլեկտրականութեան, գազամատակարման ենթակառուցուածքները, հեռախօսային եւ համացանցային կապի մալուխները։ Քաղաքի՝ Արցախի համար ռազմավարական կարեւորութեամբ պայմանաւորուած՝ 1990-ականներից ի վեր՝ բոլոր բանակցային շրջափուլերում բուն քաղաքը եւ նրա շրջակայքի հատուածը՝ «Լաչինի միջանցք» անուամբ (20-40 կմ լայնութեամբ), ենթադրուել են թողնել հայկական կողմին՝ որպէս Հայաստանի եւ Արցախի հանրապետութիւններն իրար կապող անխափան ցամաքային կապ։

 

  1. Ի՞նչ վիճակ է վերջին պատերազմից յետոյ

Արցախեան երրորդ պատերազմից եւ ՀՀ դէ-ֆակտ իշխանութեան կապիտուլեացիայից յետոյ ըստ նոյեմբերի 9-ի եռակողմ գրաւոր յայտարարութեան հաստատուեց «Լաչինի միջանցքը», որն ունի 5 կմ լայնութիւն եւ որը գտնւում է Ռուսաստանի Դաշնութեան խաղաղապահ զօրակազմի վերահսկողութեան ներքոյ։ Արդիւնքում Բերձոր քաղաքը եւ դրան յարակից մի քանի գիւղեր թէեւ չընկան ադրբեջանական օկուպացիայի տակ, սակայն դրանք ամբողջութեամբ շրջափակուած են Ադրբեջանի Զինուած ուժերի կողմից եւ գտնւում են խիստ խոցելի վիճակում։

Բերձորում եւ յարակից շրջանում, որը հայաթափուել էր 18-րդ դարի երկրորդ կէսերին, 1992 թուականից ի վեր նորից վերահաստատուել էին հայեր, որոնց թւում էին Ադրբեջանի հայաշատ բնակավայրերից եւ Հիւսիսային Արցախից բռնագաղթուածներ, Սիրիայից, Իրաքից, Ռուսաստանից հայրենադարձներ եւ այլն։ 2020 թ. նոյեմբերին Բերձոր քաղաքի բնակչութիւնը կազմում էր շուրջ 2000 մարդ, իսկ յարակից գիւղերի (Աղաւնօ, Եղծահող, Ներքին Սուս) հետ միասին այս հատուածում բնակւում էր աւելի քան 3 հազար մարդ։ Պատերազմից յետոյ Աղաւնօ եւ Եղծահող գիւղերը շարունակում են մնալ հայաբնակ, իսկ Բերձոր քաղաքը մասամբ է բնակեցուած (շուրջ 200 հոգի)։ Շարունակում են գործել տեղական ինքնակառավարման մարմինները, որոշ առեւտրային կէտեր եւ եկեղեցին։ Չնայած համեմատաբար սակաւ բնակչութեանը, այնուամենայնիւ, այս բնակավայրերը ներկայումս եւս կարեւորագոյն նշանակութիւն ունեն ՀՀ-Արցախ կապի համար, քանի որ նրանց առկայութիւնը յաւելեալ անվտանգային միջավայր է ստեղծում միջանցքով անցնող քաղաքացիների համար (անցնում են հայկական բնակավայրերի միջով), ինչն իր հերթին առաւել մեծ զգօնութեան է դրդում նաեւ միջանցքի երկայնքով տեղակայուած ռուս խաղաղապահներին։

 

  1. Իսկ ո՞նց է Ադրբեջանը ուզում վերցնել քաղաքը

Ադրբեջանը յղում է կատարում կապիտուլեացիոն փաստաթղթի 6-րդ կէտին, ըստ որի «Կողմերի համաձայնութեամբ, Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ կապն ապահովելու համար առաջիկայ երեք տարիների ընթացքում պիտի հաստատուի Լաչինի միջանցքով նոր երթուղու կառուցման նախագիծ…»։ Ադրբեջանը ինքնակամ սկսել է կառուցել այս նոր ճանապարհը, որն անցնում է նոր երթուղով՝ կապելով Գորիսի Կոռնիձոր գիւղը Շուշիի Հին Շէն գիւղի հետ՝ այդպիսով շրջանցելով Բերձորն ու յարակից գիւղերը։ Դատելով Ադրբեջանի կողմից պաշտօնապէս հրապարակուած լուսանկարներից՝ այս ճանապարհի մեծագոյն մասն արդէն պատրաստ է շահագործման։ Ստացւում է, որ Ադրբեջանը խախտում է եռակողմ յայտարարութիւնը, քանի որ ոչ միայն խախտուած են ժամկէտները (ըստ յայտարարութեան, նոր ճանապարհի հարցը պէտք է քննարկուէր 2023 թ․-ի նոյեմբերից ոչ շուտ), այլեւ նախնական պայմանաւորուածութիւնն առ այն, որ նոր ճանապարհի երթուղին պէտք է համաձայնեցուած լինի կողմերի միջեւ։ Թէ՛ Արցախի Հանրապետութեան ղեկավարութիւնը, թէ՛ ՀՀ դէ-ֆակտօ իշխանութիւնները պաշտօնապէս չեն խօսում որեւէ նման համաձայնեցման մասին, սակայն լրագրող Ն. Յոխիկեանի հարցմանն ի պատասխան ՀՀ դէ-ֆակտօ վարչապետի աշխատակազմից ուղարկուած պատասխանից պարզ է դառնում, որ Բերձոր քաղաքն ու յարակից գիւղերը յանձնուելու են Ադրբեջանին։ Սա կարող է նշանակել, որ կա՛մ առկայ է գաղտնի պայմանաւորուածութիւն ադրբեջանական կողմի հետ, կամ Ադրբեջանը միակողմանիօրէն խախտում է եռակողմ յայտարարութիւնը, որին ՀՀ դէ-ֆակտօ իշխանութիւնը որեւէ կերպ չի արձագանքում։

Քարտէզում կարմիր շեղագծով նշուած է «Լաչինի միջանցքի» մօտաւոր տարածքը

Կայ եւս մէկ կարեւոր մանրամասն, որի վրայ ուշադրութիւն է դարձրել լրագրող Վահէ Սարգսեանը. ՀՀ դէ-ֆակտօ վարչապետի պաշտօնական կայքում հրապարակուած եռակողմ յայտարարութեան մէջ վերոնշեալ 6-րդ կէտի հայերէն թարգմանութեան մէջ յայտնուել է «միջանցքի երկայնքով» արտայայտութիւնը, ինչը փոխում է ռուսերէն բնօրինակում առկայ մտքի տրամաբանութիւնը, որը սահմանում է ոչ թէ երկայնքով, այլ միջանցքում (ռուսերէնում՝ «…нового маршрута движения по Лачинскому коридору») եւ կարող է նշանակել թէ՛ միջանցքով, թէ՛ միջանցքի երկայնքով։ Ըստ էութեան՝ հայկական տեքստը սահմանում է միայն երկայնքով տարբերակը։

Նիւթը գրելու պահին դեռ յայտնի չէր ՀՀ դէ-ֆակտօ վարչապետի պաշտօնական դիրքորոշումը այս հարցով։ Յունիսի 27-ին իր ասուլիսի ժամանակ նա հաստատեց, որ «երթուղու (նկատի ունի Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը) փոփոխութիւն տեղի ունենալու պարագայում այն տարածքները, որոնք չեն գտնւում Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզի նախկին այդ սահմանի մէջ, նրանք անցնելու են Ադրբեջանի վերահսկողութեանը»։ Այսինքն փաստեց, որ ՀՀ-ն Ադրբեջանին է յանձնելու նաեւ Բերձոր քաղաքն ու յարակից գիւղերը։

 

  1. Ի՞նչ հետևանքներ կը լինեն, եթէ Ադրբեջանին յաջողուի գրաւել Բերձորը եւ փոխել ճանապարհը

Եթէ Ադրբեջանին յաջողուի ստիպել փոխել «Լաչինի միջանցքի» երթուղին, ապա դա կ’ունենայ մի քանի խիստ վտանգաւոր հետեւանք, որոնք առաջացնելու են նոր անվտանգային ու քաղաքական սպառնալիքներ թէ՛ Արցախի, թէ՛ Հայաստանի Հանրապետութեան համար։ Նշենք դրանցից մի քանիսը.

Հայաստանի դէ-ֆակտօ իշխանութիւնը հերթական անգամ Ադրբեջանին է յանձնելու հայկական նոր տարածքներ, շարունակելու է միակողմանիօրէն տարածքային զիջման գնալ պատերազմի աւարտից երկու տարի անց։

Ռուսական խաղաղապահները կը տեղակայուեն նոր մայրուղու երկայնքով, ինչի պատճառով Բերձորն ու յարակից գիւղերը կը յայտնուեն Ադրբեջանի զինուած ուժերի վերահսկողութեան ներքոյ։ Արդիւնքում Ադրբեջանը կը գրաւի նոր հայկական բնակավայրեր։ Թշնամու կողմից Արցախի օկուպացուած տարածքը կը մեծանայ եւս մի քանի բնակավայրով։

Տեղի հայ բնակիչները կը մնան առանց պաշտպանութեան ու ստիպուած կը լինեն լքել իրենց հայրական տները, շուրջ 1000 հոգի կը դառնայ հայրենազուրկ ու բռնագաղթուած՝ ստեղծելով հումանիտար նոր ճգնաժամ։

Հայաստանի Հանրապետութիւնը Արցախին կապող բոլոր ենթակառուցուածքները (էլեկտրա-եւ այլ հաղորդալարեր, գազատար եւ այլն) կը յայտնուեն Ադրբեջանի լիարժէք վերահսկողութեան ներքոյ։ 2022 թ. ձմռանը եւ գարնանն Ադրբեջանը արդէն երկու անգամ կտրել է իր վերահսկողութեան տակ ընկած հայկական գազատարը, որի արդիւնքում Արցախը լիարժէք զրկուած էր ջեռուցումից, առաջացել էր հումանիտար աղէտ։ Որեւէ երաշխիք չկայ, որ նման դէպքերը չեն կրկնուի նաեւ ապագայում։ Աւելին, ադրբեջանական կողմը նման միջամտութիւններով փորձելու է Արցախը լիարժէք կտրել Մայր Հայաստանից եւ ինտեգրել իր տարածքի մէջ՝ հայկականի փոխարէն բոլոր հաղորդակցութիւնները կապելով իր ցանցերին։

Ադրբեջանի կողմից կառուցուած նոր ճանապարհն անցնում է անհամեմատ աւելի վատ աշխարհագրական տեղանքով, ինչի պատճառով յատկապէս վատ եղանակային պայմանների դէպքում այն դառնալու է դժուարանցանելի կամ ընդհանրապէս անանցանելի։ Արդիւնքում՝ Արցախի մեկուսացումը կարող է տեղի ունենալ նաեւ այս պատճառով։ Աւելին, նոր ճանապարհը լիարժէք վերահսկելի է դառնում Ադրբեջանի Զինուած ուժերի համար։

Բերձորի ու շրջակայ գիւղերի հայկական ողջ ժառանգութիւնը (յուշարձանններ (եկեղեցիներ, մատուռներ, տասնեակ խաչքարեր, աղբիւրներ) եւ հասարակական նշանակութեան այլ շինութիւններ) կոչնչացուեն Ադրբեջանի կողմից, ինչին ականատես ենք օկուպացուած բոլոր տարածքներում՝ Նախիջեւանից մինչեւ Արցախ (Շուշի, Հադրութ, Քարվաճառ եւ այլն)։

Հայաստանի Հանրապետութեան Գորիսի շրջանի հայկական գիւղերը, որոնք սահմանակցում են «Լաչինի միջանցքի» հայկական գիւղերին, կը դառնան սահմանային եւ կը գտնուեն Ադրբեջանի ԶՈՒ ուղիղ նշանառութեան տակ։ Աւելին, Ադրբեջանի համար հնարաւորութիւն կստեղծուի է՛լ աւելի ամրապնդել իր ռազմավարական դիրքերը Սիւնիքի հանդէպ՝ յաջորդ պատերազմում ունենալով բացայայտ առաւելութիւն, իսկ դա կը գոյացնի նոր սպառնալիք ՝ հաշւի առնելով Ադրբեջանի տարածքային հաւակնութիւնները Սիւնիքի նկատմամբ։

Հայաստանը բանակցային դիրքերում հերթական միակողմանի զիջումը կանի Ադրբեջանին։

 

  1. Ի՞նչ է ասում ռուսական կողմը

Ռուսաստանը պաշտօնապէս որեւէ նոր մեկնաբանութիւն այս առթիւ չի տուել։ Բոլոր նախորդիւ արուած յայտարարութիւնները յանգում են նրան, որ կողմերը պէտք է հաւատարիմ լինել նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեան պայմաններին։ Այսինքն՝ ինչպէս այլ դէպքերում, առաւել էական է հայկական կողմի դիրքորոշումը. արդեօք հայկական կողմը պատրաստւո՞ւմ է պայքարել Բերձորի ու շրջակայ գիւղերի հայկական մնալու համար (եւ այդ հարցում համագործակցել իր ռազմավարական դաշնակցի հետ), թէ՞ զիջելու է Ադրբեջանին՝ այդպիսով հայաթափելով հերթական հայկական բնակավայրերն ու փաստացի յանձնելով նոր տարածքներ թշնամական պետութեանը։

 

  1. «Ինչո՞ւ պիտի մտահոգուեմ, էդքան տարածք ենք յանձնել, սա էլ յանձնենք ու հանգիստ կ’ապրենք, մէկ ա՝ նոր ճանապարհ ա սարքւում»

Բերձորի յանձնումը ունենալու է ծանր հետեւանքներ թէ՛ անվտանգութեան, թէ՛ Արցախի հիմնահարցի, թէ՛ տնտեսական ու հումանիտար առումներով։ 5-րդ հարցում մանրամասն նկարագրել ենք։ Սա անդրադառնալու է ամբողջ Հայաստանի վրայ։ Ադրբեջանը, ստանալով Բերձորը, ներկայացնելու է նոր պահանջներ ոչ միայն Արցախի, այլեւ ՀՀ տարածքի նկատմամբ, ինչպէս որ արդէն անում է։ Աւելին՝ դա հեշտացնելու է ադրբեջանական կողմի առաջխաղացումը ՀՀ միջազգայնօրէն ճանաչուած տարածքում (2020 թ. նոյեմբերից այս կողմ Ադրբեջանի կողմից գրաւուել է ՀՀ տարածքի շուրջ 70 քառակուսի կմ)։ Սպասել, որ Ադրբեջանը կը հրաժարուի իր այս քաղաքականութիւնից, միամտութիւն է եւ չի համապատասխանում իրականութեանը։

 

  1. Ամէն ինչ հասկացայ։ Հիմա ի՞նչ կարող եմ անել որպէս քաղաքացի։

Բարդ խնդիր է, բայց ամէն բան այոյս չէ։

Բերձորը կարելի է հայկական պահել։ Հայաստանի դէ-ֆակտօ ղեկավարութիւնը լիարժէք հրաժարուել է այս եւ այլ հարցերում հետեւողական հայկական դիրքորոշումից։ Սակայն, ինչպէս ցոյց է տալիս փորձը, ներքին հասարակական ճնշումը կարող է դրդել նրանց առաւել կոշտ դիրքորոշում որդեգրել եւ պայքարել Բերձորի հայկական մնալու համար։

Այս նպատակով անհրաժեշտ է անել հետեւեալը.

-Բարձրաձայնել եւ տեղեկացնել Բերձորի խնդրի մասին աշխատատեղերում, բարեկամների ու ընկերների շրջապատում՝ բացատրելով, թէ ինչ աղէտալի հետեւանքներ կարող է ունենալ հերթական զիջումն Ադրբեջանին։

-Աջակցել այն հասարակական ու քաղաքական գործիչներին, որոնք այժմ աշխատում են Բերձորի հայկական մնալու օգտին։

-Ստիպել ՀՀ դէ-ֆակտօ կառավարութեան ներկայացուցիչներին եւ ՀՀ ԱԺ պատգամաւորներին անդրադառնալ այս խնդրին եւ հանրային հաշուետուութիւն ներկայացնել, թէ ինչ են անում, որպէսզի Բերձորը հայկական մնայ։

-Այցելել Բերձոր, Աղաւանօ, Եղծահող եւ այլ հայկական բնակավայրեր եւ տեղից անել մեդիա-անդրադարձներ, որպէսզի հնարաւորինս շատ մարդ տեղեալ լինի այս մասին։

 

ՎԱՐՈՒԺԱՆ ԳԵՂԱՄԵԱՆ

պ.գ.թ., թուրքագէտ

hayaliq.com

Leave a Comment

You must be logged in to post a comment.