Արցախեան պատերազմ. ընդամէնը 1 փուլ թյուրքալեզու պետութիւնների բանակ ստեղծելու ճանապարհին

Եկէք անկեղծ լինենք։ Երբ մի քանի շաբաթ առաջ Ստամբուլում կայացած թյուրքալեզու պետութիւնների հաւաքում հնչեցուեց միասնական քաղաքացիական պաշտպանութեան համակարգի ստեղծման գաղափարը, շատերը դա զուտ խորհրդանշական յայտարարութիւն համարեցին, մինչդեռ բազմաթիւ վերլուծաբաններ ահազանգեցին՝ ախր սա «Թուրքական ՆԱՏՕ»-ի կամ Մեծ Թուրանի միասնական բանակի հիմնադրման մեկնարկն է։

​            Ինչո՞ւ հէնց հիմա։ Որովհետև միասնական բանակի գաղափարի, այսպէս ասենք՝ մինի տարբերակը միս ու արիւն է ստացել Արցախեան 44–օրեայ պատերազմի ժամանակ, երբ փաստօրէն միաւորուեցին Թուրքիայի և Ադրբեջանի զինուած ուժերը։ Այո′, հէնց միաւորուեցին, քանզի խօսքը արդէն ոչ թէ պարբերաբար անցկացուող համատեղ զօրավարժութիւնների մասին էր, այլ այն մասին, որ երկու երկրները միաւորեցին իրենց ռազմական հնարաւորութիւնները հայերի դէմ կռուելու համար։ Ղարաբաղեան պատերազմի ժամանակ ադրբեջանական բանակի Գլխաւոր շտաբը ղեկավարում էր թուրք բարձրաստիճան զինուորականը, ադրբեջանական աւիացիայի հրամանատարութիւնը նոյնպէս ստանձնել էր թուրքը, առաւել՝ 200 թուրք սպայ գործում էր ադրբեջանական բանակի բոլոր ստորաբաժանումներում, նշում է արևելագէտ Վիկտոր Նադէին-Ռաևսկին։

Երկրորդ հանգամանքը։ Դեռ 20 տարի առաջ թուրքական բանակը հիմնականում համալրուած չէր ամենաժամանակակից զէնքով՝ տանկերով, հրթիռներով, ռազմական ինքնաթիռներով։ Չունէր նաև դրանց մշակման և պատրաստման աւանդոյթներ, ինչը որոշ չափով դրական դեր խաղաց՝ այդ երկիրը զրոյից սկսեց ամէն ինչ և, կաշկանդուած չլինելով հին մտածելակերպով ու ստանդարտներով, ձեռնամուխ եղաւ հէնց այնպիսի զինատեսակների արտադրութեանը, որոնք ամենամեծ պահանջարկն ունեն և առաւելագոյն արդիւնաւէտութիւնն են ապահովում ռազմական գործողութիւնների ժամանակ։ Այո′, խօսքն առաջին հերթին անօդաչու թռչող սարքերի մասին է։

​            Հիմա արդէն, հաշուի առնելով Արցախեան պատերազմի փորձը, աշխարհի առաջատար ռազմական մասնագէտները փաստում են՝ անօդաչուները լիովին փոխեցին պատերազմի բնոյթը։ Դրանց օգնութեամբ հնարաւոր է ոչ միայն կործանարար հարուածներ հասցնել՝ պատճառելով անդառնալի կորուստներ, այլև ստեղծել, այսպէս ասած, չմիջամտելու պատրանք։ Երկուսն էլ մենք տեսանք 2020 թուականի պատերազմի ժամանակ՝ մի կողմից հայկական ուժերը մեծապէս տուժեցին հէնց թուրքական անօդաչու սարքերից, միւս կողմից մեր պնդումները, թէ կռւում էինք ոչ միայն Ադրբեջանի, այլև Թուրքիայի դէմ կամ նոյնիսկ հիմնականում Թուրքիայի դէմ, մեղմ ասած, ըմբռնումով չեն ընդունում ո՛չ միջազգային հանրութիւնը, ո՛չ էլ առանձին պետութիւնների իշխանութիւնները։

Երրորդ հանգամանքը, որը կարող է նպաստել թյուրքալեզու երկրների միասնական բանակի ստեղծմանը։ Արդէն յստակ ուրուագծւում է այն ճկուն ռազմավարութիւնը, որը վերջին տարիներին որդեգրել է Անկարան՝ նախ սերտ մշակութային կապեր հաստատել թուրքալեզու պետութիւնների հետ, ստեղծել ընդհանուր արժէքների քարոզչութեամբ լրջօրէն զբաղուող հաստատութիւնների խիտ ցանց, ինչից յետոյ հիմնաւորել, որ այդ արժէքներն ու կապերը պաշտպանելու համար անպայման անհրաժեշտ է ընդհանուր ռազմական կառոյցներ ունենալ։

​            Տեսէք` Թուրքիայի իշխանութիւնները միշտ աշխատել են հեռու մնալ այսպէս կոչուած «գունաւոր յեղափոխութիւններից», փորձել են համոզել բոլորին, որ երբեք չեն միջամտելու այլ պետութիւնների ներքին գործերին։ Փոխարէնը, ինչպէս փաստում են արևմտեան լրատուամիջոցները, տարբեր երկրներում և էատկապէս Կենտրոնական Ասիայում բացուել են տասնեակ թուրքական դպրոցներ, իրագործւում են բազմաթիւ ու բազմապիսի մարդասիրական ծրագրեր, որոնց շնորհիւ նոր աշխատատեղեր են ստեղծւում։ Նիու Եորքի ամենակենտրոնում՝ Մանհեթենում, վեր է խոյանում «Թուրքական տունը»՝ 170-մետրանոց երկնաքերը, որտեղ դիւանագիտական ներկայացուցչութիւններից բացի, գործում է նաև Ամերիկայի գլխաւոր թուրքական մշակութային կենտրոնը` կարծես խորհրդանշելով, որ մշակութային արժէքների տարածումը Անկարայի դիւանագիտական գործունէութեան անքակտելի մասն է։

Իհարկէ, միասնական թուրքական բանակի ստեղծման ջատագովները, որոնք հիմա ոգևորուած ասում են` տեսա՞ք, թէ ղարաբաղեան պատերազմում ինչ հոյակապ արդիւնք տուեց երկու երկրների ջանքերի համադրումը, նաև քաջ գիտակցում են, որ «Թուրքական ՆԱՏՕ»-ի ստեղծումը այնքան էլ դիւրին գործ չէ, մանաւանդ եթէ հաշուի առնենք, որ Թուրքալեզու պետութիւնների կազմակերպութեան մասնակիցներից մի քանիսը ՀԱՊԿ-ի անդամ են։ Միգուցէ նաև այդ պատճառով է Անկարան ամէն առիթով շեշտում. «Ո՛չ, մենք բոլորովին էլ մտադիր չենք Մեծ Թուրանի միասնական բանակ ստեղծել»։

​            Բայց ախր այս հնարքն էլ վաղուց, շատ վաղուց է յայտնի՝ դեռ մեր թուարկութիւնից առաջ 6-րդ դարում չինացի յայտնի ռազմագէտ Սուն Ցզին ասել է. «Եթէ դու ունակ ես ինչ-որ բան անելու, ցոյց մի՛ տուր հակառակորդին, որ ունակ ես։ Եթէ ինչ-որ մտադրութիւն ունես, անպայման համոզիր հակառակորդին թէ նման մտադրութիւն չունես»։

armeniasputnik.am

Leave a Comment

You must be logged in to post a comment.