Առաջին երկուսը՝ «առանց Արցախի», երրորդում՝ յանձնուած Արցախով. դաւադիր հանդիպումներ

Մայիսի 22-ին Բրիւսէլում տեղի ունեցաւ Եւրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշէլի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը. սա նմանատիպ երրորդ հանդիպումն էր վերջին կէս տարուայ ընթացքում:

Ինչպէս նախորդների ժամանակ, այնպէս էլ այս անգամ արուած յայտարարութիւնն իր էութեամբ հակահայկական էր. գլխաւորապէս, չկար Արցախի կարգավիճակի վերաբերեալ որևէ խօսք:

Աւելին՝ այս հանդիպման ամփոփիչ յայտարարութիւնը փաստեց, որ Հայաստանը ղեկավարող թուրքահպատակ Փաշինեանը Արցախը (հետևաբար՝ նաև Հայաստանը) տանում է կործանման՝ փաստացի Արցախը ճանաչելով Ադրբեջանի մաս:

Միշէլ-Փաշինեան-Ալիև առաջին հանդիպումը տեղի էր ունեցել 2021 թ. դեկտեմբերի 15-ին. այդ ժամանակ Արցախի մասին որևէ խօսք չկար, շեշտը դրուել էր հիմնականում հումանիտար և տնտեսական (հաղորդակցութիւնների ապաշրջափակում, երկաթուղի և այլն) հարցերի վրայ: Դեկտեմբերեան հանդիպումը վերահաստատում էր Փաշինեան-Ալիև-Պուտին՝ 2021 թ. յունուարի 11-ի և նոյեմբերի 26-ի յայտարարութիւնների կէտերը: Յունուարի 11-ի յայտարարութեան մէջ  ոչ մի խօսք չկար Արցախի մասին, իսկ նոյեմբերի 26-ի փաստաթղթում գրուած էր, որ «հանդիպել են 2020թ. նոյեմբերի 9-ի յայտարարութեան` Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան գօտում հրադադարի և բոլոր ռազմական գործողութիւնների ամբողջական դադարեցման իրագործման… համար»:

2020 թ. ապրիլի 6-ին տեղի ունեցած երկրորդ հանդիպման ընթացքում շեշտը դրուած էր Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերին ու երկու երկրների միջև խաղաղութեան համաձայնագրի կնքմանը։ Այս անգամ ևս Արցախին ոչ մի անդրադարձ չկար:

Մայիսի 22-ի երրորդ հանդիպման յայտարարութեան մէջ նշուած է, որ անհրաժեշտ է ապահովել Ղարաբաղի էթնիկ հայ բնակչութեան իրաւունքներն ու անվտանգութիւնը, ոչ մի խօսք Արցախի ապագայի ու կարգավիճակի մասին:

Փաստացի, Հայաստանի ղեկավարութեան համար անընդունելի է դառնում Արցախի կարգավիճակի հարցն Ադրբեջանի կազմում: Արցախահայերը դառնում են «Ադրբեջանի կազմում ապրող էթնիկ ժողովուրդ, ինչպիսիք են, օրինակ, թալիշները, լազերը, թաթերը, ուդիները և այլն»: Խօսք չկայ արցախահայութեան ազգային ինքնորոշման մասին, իսկ դա նշանակում է Արցախի ամբողջական հայաթափում:

Մայիսի 22-ի փաստաթղթում նշւում է ոչ թէ Լեռնային Ղարաբաղ, այլ միայն Ղարաբաղ` որպէս Ադրբեջանի արևմտեան շրջան:

Բացի դրանից՝ նշւում է, որ «նրանք համաձայնութեան եկան տարանցման կարգաւորման սկզբունքների վերաբերեալ՝ արեւմտեան Ադրբեջանի եւ Նախիջեւանի, Ադրբեջանի տարածքով Հայաստանի տարբեր մասերի, ինչպէս նաեւ երկու երկրների հաղորդակցութեան ենթակառուցուածքների միջոցով միջազգային բեռնափոխադրումների մասին»:

Հայաստանում չկայ այնպիսի տարածք, որն անցնելու համար պէտք է օգտուել Ադրբեջանի տարածքից: Այս կէտը նշանակում է, որ ՀՀ դաւաճանական իշխանութիւնները թշնամուն են յանձնելու Տաւուշի 7 գիւղերն ու Տիգրանաշէնը, որոնցով անցնում են երկու միջպետական ճանապարհներ: Իսկ այդ գիւղերը յանձնելու դէպքում Հայաստանը ստիպուած կը լինի սեփական տարածքով անցնելիս մաքսատուրք վճարել:

 

Yerkir.am

Leave a Comment

You must be logged in to post a comment.